Վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, անցկացրած 4 գոտեմարտերում հավասարը չունեցավ և աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ և հեռանկարային ըմբիշ Մալխաս Ամոյանը։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, կարևորում այս հաղթանակը՝ հատկապես մեծահասակների Եվրոպայի առաջնությունից հետո։
-Շնորհավորում ենք, աշխարհամասի ստուգատեսում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ, մարզումներով հագեցած ուսումնամարզական հավաքների էի մասնակցել առաջնությունից առաջ՝ շատ լավ նախապատրաստվելով՝ նպատակային ու ճիշտ մարզումներ անցկացնելով։
Տրմադրվածությունս մարտական էր, ցանկացած մրցաշարի մեկնում եմ միայն ու միայն հաղթելու նպատակով, սա էլ բացառություն չէր, գնում էի ոսկե մեդալ նվաճելու։ Եվրոպայի մեծահասակների առաջնությունից հետո այլ տարբերակ չկար և չէր կարող լինել։
-Մրցաշարի ընթացքում 4 գոտեմարտ անցկացրիք՝ վաստակելով 23 միավոր ու մրցակիցներին զիջելով ընդամենը 2-ը: Որևէ գոտեմարտ կառանձնացնե՞ք։
- Ուժեղ ու փորձառու մրցակցների հետ բարդ ու դժվար գոտեմարտեր անցկացրի՝ հաղթելով վրացի, ադրբեջանցի, ռուս և ուկրաինացի մաշրզիկներին։ Ավելի մեծ պատասխանատվություն կար ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտում․ պետք որևէ սխալ թույլ չտայի հոգեպես ճիշտ տրամադրվեի, որպեսզի անպայման հաղթեի։ Ուրախ եմ, որ ամեն բան հազջող և ըստ պլանավորածի ընթացավ։
-Հաղթանակները մեր ժողովրդի համար այս ժամանակահատվածում հատկապես սպասված են։ Կկիսվե՞ք զգացողություններով։
-Զգացողություններս անբացատրելի են։ Հպարտ եմ, որ կարողացա իմ հաղթանակով ուրախություն պարգևել, ոգևորել հայրենակցիներիս։ Ինձ համար չափազանց կարևոր է այս բարդ իրավիճակում որևէ կարևոր, մնայուն ու պիտանի բան անել և հաղթանակ տոնել։ Դա ավելի է բարձրացնում հաղթանակի կշիռը։
-Առաջիկա ծրագրերից կխոսեք։
-Հանգստանալու ժամանակ գրեթե չունենք։ Այժմ Ղրիմում մասնակցում եմ հավաքների՝ արդեն իսկ սկսելով պատրաստվել հոկտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը։