Այսօր Կոտայքի նոր մարզպետ նշանակվեց Գառնու արդեն նախկին համայնքապետ Ահարոն Սահակյանը, ով համայնքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի նոյեմբերի 7-ից։
41-ամյա նորանաշանակ մարզպետը 1996-2000 թվականներին սովորել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության իրավաբանական ֆակուլտետում, 2001-04թթ.՝ Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետում։
Սահակյանը 2001-08թթ. որպես օպերլիազոր աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում։
Մինչ համայնքապետ լինելը զբաղեցրել է «Կալինա - Դվին» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը (2013-16 թթ.)։ Ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ներմուծմամբ։
2008-12 թթ. եղել է «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցի փոխտնօրենը։
2016 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է որպես Գառնու համայնքապետի թեկնածու և հոկտեմբերի 3-ին ստանալով 2231 ձայն՝ մեծ առավելությամբ հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Սահակյանը մեծ հեղինակություն ունի գառնեցիների շրջանում։