ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) վեց անդամներ արձագանքել են Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպին: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Կազմակերպության մի քանի անդամներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, դա որպես եվրոպական անվտանգության նկատմամբ ոտնձգություն են ընկալում:
Մայիսի 23-ին իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր ուղևորվում, արտակարգ վայրէջք կատարեց Մինսկում: Օդանավում գտնվում էր NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, որը ձերբակալվել է: Հաղորդվել է նաեւ նրա ընկերուհու ՝ ռուսաստանցի Սոֆյա Սապեգայի ձերբակալության մասին:
Բելառուսում Պրոտասեւիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: NEXTA Telegram ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հայտարարվել է ծայրահեղական: