f

Անկախ

Եթե զինվորական ծառայության մեջ որևէ բան փոխեի, կխմբագրեի զինվորական երդման տեքստը. հանուն հայրենիքի ոչ թե չխնայել, այլ խնայել կյանքը...Սլավան ընկավ նախնիների հողում՝ Հադրութում


Եթե զինվորական ծառայության մեջ որևէ բան փոխեի, նախ և առաջ կխմբագրեի զինվորական երդման տեքստը. հանուն հայրենիքի ոչ թե չխնայել, այլ խնայել կյանքը... Սլավա Բադալյանը հանուն հայրենիքի և իր ընկերների փրկության շրջանցեց իր խմբագրած երդման տեքստը...

Սլավան ծնունդով Արարատի մարզի Նոյակերտ գյուղից էր: Ոչ ոք չէր մտածի, որ բնավորությամբ այդ հանգիստ տղան դպրոցից հետո կընտրի լրագրողի մասնագիտությունը:

«Սլավը միշտ պետք է իր կարծիքը հայտներ, ուսուցիչները երբեմն բողոքում էին, որ չնայած լավ է սովորում, բայց շատ է խոսում, անընդհատ կարծիք է հայտնում, բայց այդ կարծիքը միշտ հիմնավոր էր ու փաստարկված: Երբ մի բան էր լսում, որ դուրը չէր գալիս կամ գտնում էր, որ սխալ է, պարտադիր պետք է ասեր, մարդիկ չէին վիրավորվում նրանից անգամ այն դեպքում, երբ ասում էր՝ դու սխալ ես: Իրեն բոլորն էին սիրում, ես նույնիսկ մի մարդու չեմ ճանաչում, որ չեզոք կարծիք ունենա Սլավի մասին»,-պատմում է Սլավի քույրը՝ Վիկտորիան ու նշում, որ տարիների ընթացքում է հասկացել, թե ինչու եղբայրը որոշեց գրիչն ընտրել որպես զենք ու լրագրող դառնալ,-«Վստահ եմ ընտրեց լրագրությունը, որովհետև ուզում էր ինչ-որ բան փոխել Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, ուզում էր դաշտն ավելի բաց լինի ու մաքուր, բայց ափսոս, որ իր նպատակները չհասցրեց մինչև վերջ իրականացնել, վստահ եմ, ինչպես ինքն էր ասում, իր գործով նպաստելու էր հայրենիքի շենացմանը:

Ուսանող եղած տարիներին արդեն սկսել էր աշխատել տարբեր թերթերում, կայքերում, բայց երկար չէր կարողանում մի տեղում մնալ, երբ ասում էի Սլավ պետք է հարմարվես, համբերատար ու հանդուրժող լինես, ասում էր՝ չէ, եթե մի բան իմ դուրը չի գալիս, ես չեմ կարող նման միջավայրում աշխատել: Իրեն երբեք ոչ ոք չէր կարող թելադրել ինչպես շարադրել, ինչպես ներկայացնել նյութը, ճիշտ խոսքի կողմնակից էր»,-հպարտությամբ նշում է քույրն ու ցավով ավելացնում, որ եղբոր նման խելացի ու ազնիվ լրագրողներ այսօր քիչ կան:

Երբ Սլավի հարազատները, ընկերները կամ պարզապես ծանոթները խոսում են նրա մասին, առաջին միտքը հետևյալն է, որ արտաբերում են. «Շատ խելացի էր»...

Սլավան գերազանցության դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, անվճար ընդունվել նույն ֆակուլտետի մագիստրատուրա, ու չնայած հնարավորություն ուներ չզորակոչվել բանակ, բայց որոշումն անխախտ էր. պետք էր ծառայել և ավարտին հասցնել նաև այդ գործը. չէ՞ որ ոչինչ կիսատ չէր թողնում:

Սլավան բանակ է զորակոչվել 2019 թվականաի հուլիսի 2-ին: Սկզբում ծառայության է անցել Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, այնուհետև 6 ամիս հետո տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել Հադրութում:

«Մեր արմատների 70 տոկոսը Արցախից են: Մայրս արմատներով Հադրութի շրջանից է, իսկ հայրս մայրական կողմով՝ Մարտունուց: Պարզ է, որ Արցախում շատ ծանոթներ ունենք: Երբ Սլավը Գյումրուց տեղափոխվեց Արցախ՝ Հադրութի շրջան, մամային ու պապային ասաց չլինեմ-չիմանամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասեք իմ համար, կամ ես կողքից լսեմ, որ ինչ-որ մեկը խոսել է իմ համար: Իր էությամբ էր այդպիսին, որ ամեն բան պետք է ինքնուրույն աներ: Երբ ծնողներս գնացել էին Արցախ՝ Սլավին տեսնելու, սպայական կազմից հորս ասել էին՝ կարծես Աստված ուղարկած լինի ձեր տղային, շատ խելացի է, մեզ ամեն ինչով օգնում է, ասել էին, եթե իր նման մի քանի զինծառայող լինի իրենք կարող են աշխատանքի չգնալ: Հիշում եմ, որ հայրս շատ էր ոգևորվել, կարծես թռչեր օդում:

Սլավը մեզ միշտ է հպարտանալու առիթներ տվել, հիմա մարդիկ կան, որ ասում են հպարտացիր, եղբայրդ հերոս է, բայց իրականությունն այն է, որ ես միշտ եմ հպարտացել իրենով»,-ասում է Վիկտորիան ու ավելացնում, որ երբ հայրը աշխատանքի բերումով տանից բացակայել է, ընտանիքում հանգիստ են եղել, որովհետև տան տղամարդու պարտականությունները ստանձնել է Սլավը,- «Ես միշտ գլուխս հանգիստ դրել եմ բարձին՝ իմանալով, որ մեր տանը տղամարդ կա՝ հասուն ու հավասարակշռված: Ես երբեք վախ չեմ ունեցել անգամ ենթագիտակցորեն, որովհետև Սլավն է եղել կողքիս»:

Սլավը ոչ միայն սիրող եղբայր էր, այլև նվիրված ու արժանի զավակ: Քույրը պատմում է, որ նա այնքան էր սիրում տատիկին, որ զորամասից նրա համար շոկոլադ էր ուղարկում, մայրիկի համար՝ ծաղիկներ, ու ամեն անգամ առանձնահատուկ հետաքրքրվում էր տատի որպիսությամբ. «Տատիկին շատ էր սիրում: Շաբաթ-կիրակի օրերին, եթե ժամանակ էր ունենում, միշտ այգում աշխատում էր, իր համար բնությունը, անգամ այգում աշխատելը հանգստանալու միջոց էր: Այգու առաջին բերքը միշտ հավաքում էր ու տատիկին բերում: Եթե հանկարծ տեսներ, որ տատիկի փոխարեն ես եմ միրգը կերել, բարկանում էր,- ասում է Վիկտորիան ու ժպտում. հիշում է եղբոր կատակով սաստող հայացքը,-«Օրեր առաջ տատիկը գնացել էր այգի, հավաքել էր միրգն ու բերել, դրել էր Սլավի նկարի առաջ... երբ եկավ տուն, նայեց նկարին ու ասաց՝ «Սլավ միշտ դու էիր իմ համար մրգեր բերում, հիմա ես եմ քո համար հավաքել, բերել, դրել եմ նկարիդ կողքին»»,-Քույրը լռում է, արցունքները զսպած, գլուխը կախ տատի նման լուռ զրույցի մեջ է մտնում եղբոր հետ, ապա սկսում նորից պատմել իր Սլավի մասին, թվում է՝ քրոջ մտքում անվերջանալի են եղբոր հետ կապված հիշողություններն ու պատմությունները:

«Սլավից շատ-շատ բան եմ սովորել, եթե ինչ որ բան պետք է բացատրեր, ապա դա անում էր իր փորձի վրա հիմնվելով: Գիտե՞ք  դեռ որքան  բան ունեի իրենից սովորելու, օրինակ վերցնելու: Տարբերվող մարդ էր: Սիրում էր մարդկանց հաճոյախոսություններ անել, ասում էր, եթե կարող եմ այդ պահին այնպես անել, որ մարդկանց դեմքին ժպիտ հայտնվի, ինչի՞ չանեմ: Տանն էլ անընդհանտ ասում էր ուրախացեք, էս ինչա ձեր դեմքը: Հատուկ խարիզմա ու խորհրդավոր ժպիտ ուներ: Հաճախ մամային ասում էր, որ դասախոսները երբ նայում են իր աչքերին, էլ չեն կարողանում դիտողություն անել (ծիծաղում է):

Հետաքրքիր է, որ հայերնասիրությունից երբեք չի խոսել, բայց ինքն ինչ անում էր, ինչպես ապրում էր, դա իսկական հայրենասերի պահվածք էր, որովհետև պետք չէ խոսել հայրենասիրությունից, պետք է գործել, Սլավը միշտ ձգտում էր իր գործում լավագույնը լինել ու կարծում էր, որ եթե ամեն մեկն իր գործում լավագույնը լինի, շատ օգուտ կտանք մեր երկրին:

Սլավն էր միշտ ասում, որ մարդիկ չպետք է միջակ լինեն իրենց գործում, պետք է փորձեն առաջ գնալ ու կատարելագործվել: Ինձ էլ էր երբեմն հարցնում, թե ինչու չեմ աշխատում ինքս ինձ վրա, ինչու չեմ կատարելագործվում»:

Ամեն ինչում կատարելության ձգտող Սլավան գերազանց կատարեց նաև մարտական առաջադրանքը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից օրեր առաջ Սլավան  ստացել էր սերժանտի կոչում, դեռ Գյումրիում ծառայելու ժամանակ եղել էր հակատանկային զորամասում, փայլուն տիրապետում էր իր զենքին. «Պատերազմի օրերին, երբ խոսում էինք, ասում էր, որ իրենց գործին լավ տիրապետում են: Պատերազմի առաջին գիշերը երբ զանգեց, մամային ասաց հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է, գերազանց տիրապետում ենք զենքին, ասաց մի հատ էլ ես եմ խփել, չասեց տանկ, այդտեղ էլ էր զուսպ, գիտեր ինչ խոսեր ու երբ:

Անգամ պատերազմի օրերին միշտ կապ էր պահում մեր հետ, չէր թողնում անհանգստանանք: Շատ կարճ ժամանակով էր զանգում, բայց գոնե հանգստանում էինք: Ես չեմ պատկերացնում, թե առաջին օրը ինչ մասշտաբային իրավիճակ է եղել իրենց մոտ, բայց հիշում եմ, երբ զանգեց իրեն հատուկ հանգիստ տոնով խոսում էր ու հետաքրքրվում,  թե լուրերով ինչ են ասում: Ես գիտեի, որ հեռախոսով շատ բան չի թույլատրվում ասել, ասեցի դե պատերազմ է, ասեց ես գիտեմ, որ պատերազմ է, ես տեսնում եմ այդ պատերազմը ու ավելացրեց, որ երբ վերջանա, շատ բաներ կպատմի: Ես հիմա պատկերացնում եմ՝ որքան բան կունենար պատմելու:

Վերջին անգամ զանգել է սեպտեմբերի 29-ին: Կեսօրին զանգել էր ու միակ դեպքն էր, որ երկար խոսեց, անգամ մաման զարմացել էր, հարցրել է՝ որտեղ ես, ասել է ապահով տեղում ենք, 5 րոպեից ավելի խոսել է այդ օրը, հետաքրքրվել բոլորից ու խնդրել է, որ մաման տատիկին առանձնահատուկ բարևի: Դա վերջին խոսակցությունն էր Սլավի հետ:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ի գիշերը կամ 30-ին: Այդ օրը ևս 2 տանկ է խոցել, երկրորդը խոցելուց հետո թշնամու մեկ այլ տանկի արկը ընկել է իր առջև ու Սլավը էլ վեր չի կացել: Իր հրամանատարը պատմում էր, որ անընդհատ տանկեր էին գալիս ու պետք էր դրանց դեմն առնել, իր ընկերները հետո ինձ ասացին, որ կարող էր չխոցել վերջին տանկը, կարող էր մնալ խրամատում ու ինչ-որ ձևով փրկեր իր կյանքը, բայց Սլավն իր տեսակով այդպիսին չէր, եթե տեսնում էր, որ տանկ է գալիս ու ինքն էլ դրա մասնագետն է, միանշանակ հետ չէր կանգնելու, սկսածը պետք է ավարտին հասցներ ու խոցեր նաև այդ տանկը»,-պատմում է քույրն ու ավելացնում, որ նման արարքի մեջ տեսնում է նաև Սլավի մարդասիրությունը. չէ՞ որ նման քայլով նա փրկել է նաև իր զինակից ընկերների կյանքը. «Սլավը շատ մարդասեր էր, բոլորին օգնող, դժվարության պահին ձեռք մեկնող: Ռազմի դաշտում էլ առաջնահերթ է համարել իր զինակից ընկերների կյանքը փրկելը, որովհետև իմացել է՝ եթե չխոցի այդ տանկը, հնարավոր է դրա կրակից իր կողքին կռվող զիվորները զոհվեն»:

Տանկի արկից վիրավորվել է նաև Սլավայի հրամանատարը, զինակից ընկերներն են հետո պատմել, որ երբ նա լսել է Սլավի զոհվելու մասին, մի քանի օր ուշքի չի եկել ու միայն կրկնել է. «Տղաս, տղայիս կորցրի»:

«Սլավի զոհվելուց հետո ես զարմանում էի, որ ծառայակիցներից կամ հրամանատարներից ոչ ոք մեր հետ կապ չէր հաստատում, չէր զանգում, մեր տուն չէին գալիս, հետո երբ խոսեցի իր հրամանատարի, իր ընկերների հետ, ասում էին, որ իրենց համար շոկ է եղել Սլավի զոհվելը: Հրամանատարը, երբ պատմում էր Սլավի մասին, ասաց, որ ինքը մարտական առաջադրանքով ուր գնում էր, գիտեր, որ շատ վտանգավոր է ու հնարավոր է տվյալ տեղից էլ հետ չգային: Ասաց, որ Սլավին զգուշացրել է դրա մասին, ներկայացրել է իրավիճակը, ասել է մի արի իմ հետ, բայց Սլավը, բնականաբար, մենակ չի թողել հրամանատարին»,-պատմում է Վիկտորիան:

Երբ քույրը խոսում է Արցախի մի մասը կորցնելու մասին, նրա հայացքում մի ուրիշ ցավ է հայտնվում. նախնիների հողը, որի վրա զոհվեց եղբայրը, էլ մեր տիրապետության տակ չէ. «Նոյեմբերի 9-ին լսած լուրն ավելի մեծացրեց մեր ցավը: Վստահ կարող եմ ասել, որ Սլավն առաջին հերթին հողը չի պաշտպանել, ինքը մարդկային կյանքեր է փրկել առաջին հերթին: Միշտ ասում էր հայրենիքը մարդիկ են, բայց այն փաստը, որ եղբորս արյունը այդ հողի վրա թափվել է ու հիմա թշնամու տիրապետության տակ է գտնվում, շատ ցավալի է: Մի փոքր կհանգստանանք, եթե ապագայում մեր հողերը, Հադրութի շրջանը, հետ վերադարձվի ու էլի մերը լինի: Ինչ-որ չափով հոգու հանգստություն կլինի»:

Հիմա Սլավը ֆիզիկապես չկա, նրա բոլոր նպատակները, որ կիսատ մնացին, քույրն է իրագործելու: Իսկ նպատակները շատ էին ու վստահ իրագործելի:

Նա հիշում է, որ Սլավն արդեն որոշել էր, թե սովորելուց հետո ինչ էր անելու, որտեղ էր ապրելու, անգամ որոշել էր ամուսնանալու տարիքը: «Միշտ հարցնում էինք՝ Սլավ ինչի ընկերուհի չունես, ասում էր՝ ես մինչև հիմնական աշխատանք չունենամ, չկայանամ, առանձին տուն չունենամ,  ընկերուհի չեմ ունենալու, ասում էր՝ ես 28 տարեկանում եմ ամուսնանալու, Երևանում տուն եմ գնելու, չնայած շատ էր սիրում նաև մեր գյուղը:

Որոշեց ընդունվել մագիստրատուրա, որովհետև ուզում էր դասախոս դառնալ, ուզում էր իր գործով մարդկանց մեջ շատ բան փոխել դեպի լավը, ուզում էր իր ներդրումն ունենալ խելացի ու կիրթ հասարակության ձևավորման մեջ. չէ՞ որ դա է կայուն և հզոր պետություն ունենալու գրավականներից մեկը: Նպատակ ուներ դիվանագիտական դպրոց ընդունվել, դասախոս դառնալ, թեև գերնպատակն էր լուրերի մեկնաբան դառնալը: Մեծ ուշադրություն էր դարձնում տեսքին, անգամ մարզասրահ էր հաճախում, որ կատարյալ տեսք ունենար մեկնաբանի համար: Իր մոտ երազանքներ չկային, նպատակներ էին, ու ինքն ամեն բան անում էր այդ նպատակներին հասնելու համար:

Այնպիսի տեսակ է, որ չնայած ֆիզիկապես հիմա մեր կողքին չէ, բայց ես անընդհատ բոլորին ուզում եմ պատմել իր մասին, որովհետև Սլավի մասին, իր մարդ տեսակի մասին լսելով մարդկանց մեջ հաստատ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Սլավը հրաշալի օրինակ է բոլորի համար: Հիմա որ հետադարձ հայացք եմ գցում, հասկանում եմ, որ պատերազմը տարավ լավագույններին, նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ կերպար է՝ մեծ արժեք ներկայացնող»:

Այսօր Սլավի մեծ ուժն ու լավատեսությունը փոխանցվել է քրոջը, ծնողներին, հարազատներին, ընկերներին,  ու դրա շնորհիվ է, որ նրանք հիմա աշխատում են, առաջ են գնում, փորձում են Սլավային օրինակ ունենալով կատարելագործվել, ապրել. «Ես հիմա իրեն մտքումս ու սրտումս պահած եմ ապրում ու վստահ եմ կգա մի օր, որ ես նորից իրեն կտեսնեմ, հնարավոր չի ամեն ինչ այսպես ավարտվի»,-ասում է քույրն ու զսպված արցունքները հոսում են՝ իրենց մեջ անսահման կարոտ ամփոփելով:

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան: Այստեղ նաև Սլավայի նկարն է կախված: Ընկերների ու դասախոսների շնորհիվ այսուհետ նա հավերժ կլինի իր սիրելի համալսարանում ու ֆակուլտետում:

«Ինձ համար Սլավն այն կուրսընկերն է, ում հետ նույնիսկ բանավիճելն էր հաճելի ու հետաքրքիր, նա մարդ էր, որից միշտ կարելի էր նոր գիտելիք ստանալ։ Երբ Սլավը զորակոչվում էր բանակ, օրեր առաջ իրենից հարցազրույց էի վերցնում, հարցազրույցի մեջ էսպիսի մի միտք ասաց․ Ես կխմբագրեի զինվորական երդման տեքստը. Հանուն հայրենիքի ոչ թե չխնայել, այլ խնայել կյանքը։ Սլավը դա մեկնաբանում էր այսպես, որ հայրենիքին պետք է օգտակար լինել ամեն օր, ամեն ժամ: Գիտե՞ք՝ Սլավը հենց այդպես էլ ապրում էր, նա ոչ միայն լավ մարդ էր, լավ լրագրող, այլև վերջում ապացուցեց, որ նաև լավ զինվոր է, թեև դրա համար զոհաբերեց ամենաթանկն ու ամենավերջինը՝ կյանքը։ Առանց որևէ պաթոսի՝ ես հպարտ եմ, որ սովորել եմ համալսարանում Սլավայի նման տղայի կողքին։ Հիմա ուղղակի պարտավոր եմ ապրել այնպես, որ արժանի լինեմ նրա նվիրած կյանքը արժանապատվորեն շարունակելու»,-ասում է Սլավայի կուրսընկերուհին՝ Մերին ու ավելացնում, որ այդպես ապրելը բոլորիս սուրբ պարտքն է։

Ընկերներն այսօր հաճախ են հիշում Սլավային ու բոլորը միանշանակ փաստում են, որ Սլավան իր տարիքից հասուն էր մտածում, կշռադատում էր ամեն քայլը,  ընկերասեր էր, անկեղծ, օգնող, լավ խորհրդատու, լուսավոր ու բարի մարդ, որ իրենից հետո միայն լույս ու բարություն թողեց:

Սլավա Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

խմբագրի ընտրանի Սլավա Բադալյան

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին