Թուրքիայում կարծում են, որ յուրաքանչյուր մուսուլմանական երկիր պետք է այսօր պաշտպանի Պաղեստինին: Ադրբեջանը, ինչպես կարծում են թուրքերը, պարտական է իրենց Ղարաբաղի հաղթանակի համար, ուստի առաջիններից մեկը պետք է կանգներ պաղեստինցիների կողքին նրանց տարածքների և անկախության համար պայքարում: Սակայն հոդվածի հեղինակ Մյուհդան Սագլամի (Mühdan Saglam) կարծիքով՝ Բաքվի և Թել Ավիվի հարաբերությունները շատ ավելի խորն են, քան թվում են:
Գազայի վրա Իսրայելի հարձակումների խորապատկերում որոշ պետություններ իսրայելամետ դիրք են գրավում, սակայն առավելապես մուսուլմանական բնակչություն ունեցող պետությունները, որպես կանոն, Պաղեստինի կողմից են: Այսուհանդերձ Եվրոպայի և Ասիայի այն ժողովուրդները, որոնք դեմ են իրենց պետությունների իսրայելամետ դիրքորոշմանը, նույնպես ցույցեր են անում ի պաշտպանություն Պաղեստինի: ԱՄՆ-ում էլ կառավարության դիրքորոշումը քննադատում են ոչ միայն լրատվամիջոցները, այլև քաղաքական գործիչները: Այս գործընթացներում առանձին ուշադրության է արժանի Ադրբեջանը, որտեղ սոցիալական ցանցերի օգտատերերը տարբեր մեկնաբանություններ են տալիս, իսկ պետությունը լռություն է պահպանում: Գազայի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ Ադրբեջանի «լռության» ռազմավարության տակ երկու երկրների երկար տարիների ամուր հարաբերություններն են:
«Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները շատ ավելի խորն են, ինչպես այսբերգը, թաքնված կողմնակի աչքերից»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս միտքը հայտնի դարձավ այն հեռագրի շնորհիվ, որը Վաշինգտոն էր ուղարկվել ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով: Իսկ այդ հեռագիրը հրապարակվել էր Wikileaks-ի նշանավոր բացահայտումներում: Այն փաստը, որ Ալիևը մինչ օրս չի հերքել դա, մեծացնում է դրա արժանահավատության հավանականությունը:
Ինչպե՞ս են պատմականորեն դասավորվել Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությւունները, և ինչի՞ վրա է հիմնված Ալիևի այդ խոսքը:
Երբ Ադրբեջանը անկախություն հռչակեց 1991 թ., Իսրայելն առաջիններից մեկն էր այն պետություններից, որոնք արագ ճանաչեցին այն: Երկու պետությունների հարաբերությունների հիմքերն ամրանում էին Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությանը զուգահեռ, որը Ռուսաստանի կողմնորոշման փոխարեն այլընտրանքային ռազմավարությունների էր դիմում: 1997 թ. Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուի այցն Ադրբեջան իր ասիական շրջագայությունից հետո կարևոր էր որպես առաջին հանդիպում բարձր մակարդակով: Նաթանյահուի այդ այցին հետևեց Իսրայելի նախկին վարչապետ Շիմոն Պերեսի այցը 2009 թ.: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Բաքու է ժամանել 2010, 2013, 2014 թթ.: 2013 թ. Իսրայել է այցելել նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը պատվիրակության ուղեկցությամբ: 2016 թ. վարչապետ Նաթանյահուն կրկին այցելեց Բաքու: Երկու երկրների փոխհարաբերություններից գոհ էին ոչ միայն իրենք, այլև ԱՄՆ-ն, որը ցանկանում էր խանգարել նախկին ԽՍՀՄ երկրների հավաքվելը Ռուսաստանի ուղեծրում: Ըստ էության, ադրբեջանա-իսրայելյան հարաբերությունների զարգացման ընթացքը ճանապարհ բացեց նաև Վրաստանի համար 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո: Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիային նույնպես ուզում են ընդգրկել հակառուսական հարևանների խմբում, Անկարան և՛ Իսրայելի հետ ունեցած հարաբերությունների խնդիրների պատճառով, և՛ Ռուսաստանը որպես խաղաթուղթ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմ պարբերաբար օգտագործելու պարագայում չհարեց այդ խմբին: Ադրբեջանա-իսրայելական բարձր մակարդակի հարաբերությունների ցանցի չափումները, որոնք տարածվում են Իրանից մինչև Ղարաբաղ, ինչպես նաև մինչև պաշտպանություն ու նավթ, կարող են պատկերացում տալ այդ հարաբերությունների հայտնի խորքերի մասին:
Կողք կողքի Իրանի դեմ. Ադրբեջանի և Իսրայելի աշխարհաքաղաքական պատկերը
Ադրբեջանի և Իսրայելի՝ բարձրաստիճան անձանց այցերի մակարդակին հասնող հարաբերությունների հենասյուներից մեկն աշխարհաքաղաքականությունն է, մյուսը՝ տնտեսությունը: Աշխարհաքաղաքական մակարդակում երկու պետությունները միացնող կարևորագույն տարրն Իրանն է: Ադրբեջանն Իրանի հարևանն է, բայց երկու երկրների հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չեն: Ադրբեջանն Իրանին մեղադրում է նրա տարածքներում գտնվող ադրբեջանցի բնակչության (որի թվաքանակը հասնում է 20 միլիոնի) հետապնդման մեջ, Թեհրանն էլ մեղադրում է Բաքվին իր ներքին քաղաքականությանը միջամտելու նպատակով այդ բնակչությանն օգտագործելու մեջ: Իսկ Իսրայելի և Իրանի հարաբերությունները 1979 թ. Իսլամական հեղափոխությունից ի վեր ոչ թե բարենպաստ չեն, այլ թշնամական: Այդ իրավիճակը նախադրյալ է ստեղծում, որպեսզի երկու երկրները ժամանակ առ ժամանակ ընդհանուր ռազմավարություն մշակեն Իրանի դեմ: Օրինակ՝ իսրայելական հատուկ նշանակության ուժերը վարժեցրել են ադրբեջանական ուժերին, այդ թվում և սահմաններին ծառայողներին, իսկ իսրայելական պաշտպանության ընկերությունները Ադրբեջանին են տրամադրում թե՛ տեխնիկական սարքավորումներ, թե՛ հետախուզություն Իրանին հետևելու համար: Հաշվի առնելով երկու երկրների համագործակցությունը հետախուզական ոլորտում՝ Ադրբեջանը նաև «աշտարակի» գործառույթ է ստանձնում՝ ապահովելով Իրանին դիտարկելը: Ղարաբաղի հարցում Իսրայելը, պահպանելով հավասարակշռությունը Հայաստանի հետ հարաբերություններում, ըստ էության, քողարկված աջակցություն էր ցույց տալիս Ադրբեջանին: Փաստացի ռազմական տեխնիկայի և անօդաչուների զգալի մասը, որոնք հանգեցրին Ադրբեջանի հաղթանակին 2020 թ. ղարաբաղյան պատերազմում, ձեռք էր բերվել Իսրայելից: Աջակցությունն Ադրբեջանին Իսրայելի կողմից դրսևորվել է երկու դեպքում՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո: Առաջինը 2020 թ. հոկտեմբերին էր, երբ Հայաստանը հետ կանչեց իր դեսպանին Իսրայելից, որին երկու շաբաթ առաջ էր նշանակել: Իսկ պատերազմից հետո հանդիսությունների ժամանակ իսրայելական դրոշը երևում էր Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների կողքին: Թեպետ ղարաբաղյան պատերազմից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների ընթացքը ներկայումս պարզ չէ, իրանական հարցը չի անհետացել, իսկ դա նշանակում է, որ Բաքու-Թել Ավիվ համագործակցությունը, առնվազն աշխարհաքաղաքական մակարդակով շարունակվելու է:
Տնտեսության անիվները. իսրայելական զենքն ադրբեջանական նավթի դիմաց
Ադրբեջանի անկախացումից հետո Իսրայելն ամուր կառչեց Ադրբեջանից ոչ միայն դիվանագիտական, այլև ներդրումների առումով: Իսրայելական ընկերությունների նպատակը դարձան նախևառաջ հեռահաղորդակցության և պաշտպանության ոլորտները: Այսօր Ադրբեջանում գործող երկու հեռահաղորդակցության ընկերություններում իսրայելական ընկերությունները նշանակալի մասնաբաժին ունեն: Ռուսաստանի հայամետ դիրքը պաշտպանության ոլորտում և ղարաբաղյան հարցում դրդել է Ադրբեջանին համագործակցել Ռուսաստանից դուրս գտնվող նոր ընկերությունների հետ:
Հրեական բնակչությունն Ադրբեջանում, որի թվաքանակը մոտ 7 հազարի է հասնում, հատկապես Բաքվում բնակվողները նպաստում են Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների զարգացմանը: Ադրբեջանի համար գրավիչ Իսրայելը հնարավոր է դարձնում պաշտպանության, ռազմական տեխնիկայի գնումը և սեփական նավթի վաճառքը: Համաձայն ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության զեկույցի՝ Իսրայելի նավթի պահանջարկի 40 տոկոսն ապահովում է Ադրբեջանը: Այդ առումով Ադրբեջանը Իսրայելի համար ծառայում է որպես «կափույր»՝ պաշտպանելով այնպիսի իրավիճակից, որը ծագեց 1973 թ. նավթային ճգնաժամից:
2012 թ. Ադրբեջանի ռազմական նշանակության արտադրանքի գնումներն Իսրայելից գերազանցել են 1,6 մլրդ դոլարը: Նույն տարին Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց Բաքվում. «Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերությւուններն ավելի կարևոր են, քան Ֆրանսիայի հետ հարաբերությունները»: 2016 թ. Իսրայելից Բաքու մատակարարված սպառազինության արժեքը հասել է 6 մլրդ դոլարի: Բացի զենքի վաճառքից, իսրայելական ընկերությունները ադրբեջանական ուժերի հատուկ ուսուցում են անցկացրել, միջոցառումներ են կազմակերպել Ադրբեջանում այնպիսի ուղղություններով, ինչպիսին է հետախուզական տեղեկատվության հավաքումը: Ընկերությունը, որ ուսուցանել է պահակախմբերին և սարքավորումներ է մատակարարել Բաքվի օդանավակայանի անվտանգության ապահովման համար, նույնպես ժամանել է Թել Ավիվից:
2017 թ. Իսրայելի տուրիզմի նախարար Յարիվ Լևինը, մամլո ասուլիսում խոսելով արտասահմանյան ներդրումների մասին, օրինակ է բերել այն վիլլան, որը ձեռք է բերել Ալիևների ամուսնական զույգը 6 մլն դոլարով: «Հարեցը» (Hareetz) հաղորդել է, որ Ալիևների ընտանիքը գրեթե 600 մլն դոլար է ներդրել Իսրայելի տնտեսությունում՝ սկսած առողջապահությունից և վերջացրած բորսայով: Նույն հոդվածում ընդգծվել է, որ Ալիևը հիվանդության ժամանակ եղել է իսրայելցի բժիշկների հսկողության տակ: Այլ ուշագրավ փաստերի շարքում է Մեհրիբան Ալիևի գլխավորած Հեյդար Ալիևի հիմնադրամի համատեղ աշխատանքը վերջին տարիներին իսրայելական բարեգործական կազմակերպությունների հետ:
Չնայած աշխարհաքաղաքական և տնտեսական շահերին՝ Ադրբեջանը մինչ օրս խուսափել է բացահայտ իսրայելամետ դիրքորոշումից: Դրա գլխավոր պատճառը զգուշանալն էր մուսուլմանական աշխարհի արձագանքից: Ուստի Բաքուն Իսլամական համագործակցության կազմակերպությունում պաշտպանել է նաև պաղեստինամետ նախագծերը: Սակայն Իսրայելը հավանաբար դեմ չէ այդ հարցում Ադրբեջանի տվյալ ռազմավարությանը, քանի որ Նաթանյահուն 2016 թ. Բաքու կատարած այցի ժամանակ Ադրբեջանի հետ հարաբերությունները որպես մուսուլմանական աշխարհի հետ հարաբերությունների օրինակ նշեց: Ավելին, Ադրբեջանը օրինակ դարձավ Պարսից ծոցի երկրների համար, որոնց հետ Իսրայելը սկսել է մերձենալ 2020 թ.: Այդ քայլերից և ղարաբաղյան պատերազմից հետո Իսրայելը սպասում է, որ Ադրբեջանը կնշանակի իր դեսպանորդին Իսրայելում: Ալիևը չի շտապում նշանակել, միաժամանակ այնքան խոր հարաբերությունների խորապատկերում խուսափում է ուղղակի առճակատումից Իսրայելի հետ Գազայի վրա գրոհների դեպքում, անգամ այսբերգի տեսանելի մասով: