Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին ներխուժման մեջ: Երևանում պնդում են, որ հարևան երկրի զինվորականները առաջացել են Սյունիքի մարզի խորքը: Երևանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Միաժամանակ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել: «Իզվեստիան» փորձել է հասկանալ իրադրությունը:
Հասել են լճին
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սրվեց մայիսի 12-ին: Այն ժամանակ Երևանում հաղորդեցին, որ մի խումբ ադրբեջանցի զինվորականներ հատել են պետական սահմանը և Սյունիքի մարզի Սև լճի շրջանում առաջացել են Հայաստանի խորքը: Ավելի ուշ Հայաստանի վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը ճշտեց, որ ադրբեջանցիները խորացել են 3,5 կմ և փորձել են շրջապատել ջրամբարը:
Փաշինյանը, ընդ որում, ընդգծել է, որ ադրբեջանցիները զենք չեն կիրառել: «Նրանք փորձել են իրենց գործողությունները հիմնավորել ինչ-որ քարտեզներով, որոնք հորինված են և կեղծ, քանի որ մենք ունենք Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և կենտրոնական իշխանությունների հաստատած քարտեզ, որում երևում է, թե որտեղով է անցնում սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- հայտարարել է նա: Այնուհետև Հայաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ սահմանը հատած ադրբեջանցիների խմբում 240 զինվորականներ են:
Բաքվում մեղադրանքները հերքեցին՝ հայտարարելով, որ զորքի տեղաշարժը տեղի է ունենում Ադրբեջանին պատկանող դիրքերում: «Պայմանավորված բարենպաստ եղանակային պայմաններով Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանների հատվածներում՝ տեղի է ունենում Ադրբեջանի սահմանապահ զորքերի տեղակայում: Այդ ուժերը տեղավորվում են այն դիրքերում, որոնք պատկանում են մեր երկրին: Այդ գործընթացը տեղի է ունենում սովորական կարգով և համակարգված բնույթ ունի»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Նոր թեժ կետ
Հայկական կողմին Ադրբեջանի հայտարարությունները չհանդարտեցրին: Երևանը պաշտոնապես օգնություն խնդրեց ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բլոկից: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկրի Անվտանգության խորհրդի նիստում: «Ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ այն, որ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Նա ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարներին հանձնարարել է միջադեպի կապակցությամբ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ:
Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմեց առաջին անգամ պատմության մեջ, թեպետ երկրի վիճելի հարցերի լուծմանը կազմակերպության հնարավոր ներգրավման շուրջ խոսակցությունները պարբերաբար են տեղի ունենում: Մինչդեռ հակամարտությունը Ղարաբաղում տեղի ունեցավ առանց միավորման մասնակցության: Դա բացատրվում էր նրանով, որ մարտական գործողություններն ընթանում էին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս: Այսուհանդերձ անցած տարվա հուլիսին ռազմական միջադեպ տեղի ունեցավ Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Հայաստանի հյուսիսում: Այն ժամանակ ՀԱՊԿ-ն սահմանափակվեց խորհրդատվություններով:
Բացի ՀԱՊԿ-ին դիմելուց, Փաշինյանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Իր ուղերձում Հայաստանի կառավարության ղեկավարը խնդրել է օգնություն ցույց տալ Երևանին, ներառյալ՝ ռազմական: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հղում է արել երկու երկրների 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրին: Ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է տարածաշրջանում կայունությունն ապահովելու նպատակով շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Միջադեպին արձագանքել են նաև հետխորհրդային տարածության սահմաններից դուրս: Հայաստանում հիացմունքով արձագանքեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի թվիթերյան գրառմանը: «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք: Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն»,- գրել է Մակրոնը հայերեն: ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես կոչ է արել դադարեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը: «Զորքերի տեղաշարժերը վիճելի տարածքներում անպատասխանատու և անհիմն սադրիչ քայլ են»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջալինա Փորթերը:
Սակայն դիվանագիտական ջանքերը բավարար չեղան: Մայիսի 17-ի ցերեկը Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը Սյունիքի մարզում մնում է անփոփոխ: Հայաստանում նաև ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ մայիսի 16-ին Ադրբեջանում մասշտաբային զորավարժություններ են սկսվել: Դրանք տևելու են մինչև մայիսի 20-ը, մասնակցելու է 15 հազար զինծառայող, կիրառվելու է 300 միավոր զրահատեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում խոստանում են վերամշակել զորքերի կառավարումը, զորքերը բերել մարտական պատրաստության և վերախմբավորել «հաշվի առնելով հայրենական պատերազմում[Ղարաբաղի] կուտակած փորձը»:
Տարածքները կծոտելու մարտավարությունը
Հայաստանի Սյունիքի մարզը գժտության նոր տարածաշրջան դարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո: Մինչ այդ այն արևելքում սահմանակից էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և իրեն անվտանգ էր զգում: Սակայն 2020-ի աշնան մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինվորները հասան Հայաստանի հետ պետական սահմանին: Այստեղ երբեք դելիմիտացիա և դեմարկացիա չի կատարվել, ուստի այժմ բազմաթիվ վեճեր են ծագում: Օրինակ՝ ադրբեջանական դիտակետեր են հայտնվել հայկական Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի երկայնքով, մի քանի գյուղեր կիսվել են:
Բացի այդ, Սյունիքում անախորժություն է առաջացնում Բաքվի՝ այդ տարածաշրջանով այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի՝ Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավի միջև ճանապարհ բացելու ծրագրերը: Նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնությունում նշված է, որ Երևանը համաձայնում է նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններից մեկում զգուշացրել է, որ պատրաստ է նույնիսկ ուժով հասնել պայմանավորվածությունների կատարմանը:
Փորձագետներն ասում են, որ ճգնաժամն առաջացել է երկու երկրների ներքաղաքական իրադրությունների առանձնահատկությունների հետևանքով: «Բաքուն շարունակում է վայելել ռազմական հաջողության երանությունը, նախագահ Իլհամ Ալիևը պահում է հաղթող առաջնորդի կերպարը: Իսկ Հայաստանում չի դադարում քաղաքական ճգնաժամը: Այդ ամենը հնարավորություն է տալիս Ադրբեջանին ստուգելու հայկական տարածքները կծոտելու մարտավարությունը»,- ասում է «Իզվեստիային» ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Քաղաքագետը հավելում է, որ Հայաստանի վարքագիծը հարցեր է առաջացնում: «Երկիրը բացարձակ անօգնականություն է դրսևորում: Պետական մարմինները նույնիսկ չեն էլ փորձում ինքնուրույն լուծել հարցը: Այնպիսի զգացողություն է, որ Երևանը փնտրում է նրան, ով իր փոխարեն կլուծի սահմանամերձ կոնֆլիկտը: Օրինակ՝ չգիտես ինչու դիմել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին: Իսկ որտե՞ղ է հայկական բանակը: Եթե Երևանն իրոք ցանկանար ամրապնդել իր անվտանգությունը, ապա կարող էր, օրինակ, առաջարկել, որ Սյունիքում ռուսական ռազմաբազա ստեղծվի: Առայժմ մենք սպառողական վերաբերմունք ենք տեսնում դաշնակիցների նկատմամբ»,- կարծում է զրուցակիցը:
МГИМО-ի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևն էլ ասում է, որ Ադրբեջանը ձգտում է իր համար առավել շահեկան դիրքեր գրավել սահմանին: «Զարմացնում է Հայաստանի թողտվությունը: Նոր սահմանը ի հայտ է եկել նոյեմբերին, անցել է կես տարի, բայց Երևանն այդպես էլ չի կահավորել սահմանները: Հետևաբար ադրբեջանցիները հանգիստ անցնում են դրանք, ծագում է զինված բախման սպառնալիք»,- ընդգծում է փորձագետը:
Իգոր Կարմազին