Ավելի քան 120 պաշտոնաթող ամերիկացի գեներալներ կասկածի տակ են առել Միացյալ Նահանգների առաջնորդ Ջո Բայդենի ֆիզիկական և հոգեկան առողջությունը, ինչպես նաև բարձրացրել անցյալ տարի անցկացված երկրի նախագահական ընտրությունների հարցը: Այդ մասին հայտնում է BusinessInsider պարբերականը՝ հղում անելով գեներալների կողմից ստորագրված բաց նամակին: Գրում է Gazeta.ru-ն։
Նրանք նշել են, որ ամերիկացիներն այսօր գտնվում են խոր վտանգի մեջ, քանի որ «պայքարում են գոյատևել որպես սահմանադրական հանրապետություն՝ հիմնադրման օրվանից՝ 1776 թվականից»:
«Գերագույն գլխավոր հրամանատարի (Ջո Բայդեն) հոգեկան և ֆիզիկական վիճակը չի կարելի անտեսել: Նա պետք է կարողանա արագորեն ճշգրիտ որոշումներ կայացնել ազգային անվտանգության ոլորտում, ներառյալ կյանքն ու առողջությունը, ցանկացած վայրում, օր ու գիշեր », - նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, պաշտոնաթող գեներալները նշել են, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը «բռնապետական եղանակով լայնամասշտաբ հարձակում է սկսել» ԱՄՆ բնակիչների սահմանադրական իրավունքների վրա՝ ստորագրելով ավելի քան 50 գործադիր հրաման ՝ շրջանցելով Կոնգրեսը, որոնցից շատերը տապալում են նախորդ վարչակազմի արդյունավետ քաղաքականությունը։
«Առանց արդար ընտրությունների, որոնք ճշգրտորեն արտացոլում են ժողովրդի կամքը, մեր սահմանադրական հանրապետությունը անհետանում է... ՀԴԲ-ն և Գերագույն դատարանը պետք է արագ գործեն, երբ հայտնվեն ընտրախախտումները և չանտեսեն դրանք, ինչպես դա եղավ 2020 թվականին», - ընդգծված է նամակում։
Ավելի վաղ Բայդենը հաստատել էր երկրի կիբերանվտանգությունն ապահովելու մասին հրամանագիրը: