f

Անկախ

Փոքր համաշխարհային պատերազմը. ղարաբաղյան կոնֆլիկտի աշխարհաքաղաքական շարժառիթները


Ղարաբաղյան կոնֆլիկտի անցած տարվա հանգուցալուծումը չափից ավելի շատ հարցեր է թողել դիտորդներին, քանի որ իրադարձությունների մասնակիցների գործողությունների շարժառիթներն ու մանրամասները շատ հաճախ դուրս էին մնում հրապարակային որոշումներից ու հայտարարություններից, պնդում է Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պատմական սոցիոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանն իր նոր հոդվածում, որը հրապարակվել է  New Left Review հանդեսում: Այսուհանդերձ, վստահ է նա, երկրորդ պատերազմը Ղարաբաղի համար, ի տարբերություն առաջինի, որ տեղի է ունեցել 1990-ական թթ. սկզբին, հստակ աշխարհաքաղաքական բաղադրիչ ուներ, ուստի կարող է համաշխարհային պատերազմի մանրանկար համարվել: Առայժմ, զգուշացնում է Դերլուգյանը, դա կարող էր նոր տիպի համաշխարհային պատերազմի սոսկ առաջին գործողությունը լինել: Ստորև ներկայացնում ենք մի հատված այդ հոդվածից:

Հեղափոխություն և պատերազմ

Հենց այդ համատեքստում կարող էր սառեցված ղարաբաղյան կոնֆլիկտը հանկարծ միջազգային նշանակություն ձեռք բերել: 2016 թ. ապրիլին Իլհամ Ալիևը փորձնական հարձակման հրաման տվեց: Այդ պահին նա գտնվում էր Վաշինգտոնում, մասնակցում էր խոշոր միջոցառման, որտեղ ներկա էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Խեթ հայա՞ցք էր գցել Ալիևի վրա: Ադրբեջանցիների հարձակումը տևեց չորս օր և հայկական բանակին պատճառեց ավելի քան հարյուր զոհ (Ադրբեջանը, ինչպես սովորաբար, չի հայտարարել սեփական կորուստները): Օգուտն այդ գործողությունից աննշան էր. մի քանի հարյուր մետր գրավված տարածք խրամատային պատերազմի դիրքային փակուղու պայմաններում:

Սակայն ի հայտ եկավ վտանգավոր նորարարություն՝ իսրայելական ղեկավարվող հրթիռները և անօդաչուները, որոնք ակնհայտորեն ստացվել էին նավթի փոխարեն և հատկապես Իրանի հարևանությամբ նախկին խորհրդային ռազմական օդանավակայանների օգտագործման համար: Իսկ հայկական հրամանատարությունն առաջվա պես ապավինում էր խորհրդային սպառազինությանը, կազմակերպմանն ու մարտավարությանը, ինչը Ադրբեջանի ռազմա-տեխնիկական առաջընթացի խորապատկերում արդեն անաքրոնիզմ էր: Հայ հասարակությունը տեսնում և սուր էր զգում վտանգը, բայց ի՞նչ կարող էր անել, բացի ֆեյսբուքյան աղմուկից: Սերժ Սարգսյանի վարչակարգն իրենից ներկայացնում էր էլեկտորալ ավտորիտարիզմի հարաբերականորեն թույլ ձև՝ հիմնված ընտրողների ձայների գնման և պատրոնաժի զանգվածային օգտագործման վրա՝ ուռճացված, վատ վարձատրվող, նվազ ակնկալիքներով և այդ պատճառով ընդհանուր առմամբ կոռումպացված վարչական ապարատի միջոցով: Քաղաքապետները վերահսկում էին բիզնես վարելու արտոնագրերի շնորհումը, բանակի հրամանատարները բենզալցակայաններ էին տնօրինում՝ բառի բուն իմաստով վառելիքը կորզելով բանակի պահեստներից:

Հեղափոխությունների ընդհանուր գիծն այն է, որ դրանք տեղի են ունենում հանկարծակի, իսկ գործարկման փականը դրանց համար հաճախ դառնում են կառավարողի կոպիտ մեքենայությունները: Սարգսյանն իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին մոտ փոխեց սահմանադրությունը՝  ապահովելով իր համար լայն լիազորություններ վարչապետի դերում: Այս դեպքում արդեն՝ առանց ժամկետների սահմանափակման: Ցասումի պոռթկումն անակնկալ էր միայն նրանց համար, ովքեր մինչ այդ չէին նկատում հայ երիտասարդության՝ նույն ֆեյսբուքի միջոցով հասարակական շարժումները կազմակերպելու հարաճուն հմտությունները: Ընդվզումը հրապարակներում գլխավորում էր Նիկոլ Փաշինյանը, որ մերկացնող լրագրող էր և մի ժամանակ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կրտսեր զինակիցն էր: 2008 թ. նախագահական ընտրություններից հետո ընդվզումներին մասնակցելու համար Փաշինյանը ավելի քան մի տարի բանտում անցկացրեց «զանգվածային անկարգությունների կազմակերպման» մեղադրանքով: Սակայն զգուշավոր Սարգսյանի ներքաղաքական ապաճնշման ընթացքում համաներման արժանացավ և նույնիսկ մանդատ ձեռք բերեց 2012 թ. խորհրդարանական ընտրություններում՝ զբաղեցնելով ընդվզող ընդդիմադիրի դիրքերը: Հատկապես «պոպուլիստական» հանրահավաքներում և մերկացնող լրագրության մեջ են դրսևորվել Նիկոլ Փաշինյանի հիմնական ձիրքերը:

2018 թ. գարնանը հայերի տպավորիչ մեծամասնության աջակցությամբ, որն ըմբոստացած էր ղարաբաղյան ճակատում անիմաստ ու անվերջանալի զոհերից և հոգնած քաղաքական մեքենայություններից ու կոռուպցիայից, Նիկոլ Փաշինյանը գլխավորեց ապստամբ գրոհը Սարգսյանի՝ ցմահ կառավարման հավակնությունների դեմ: Ճակատագրի հեգնանքն այն է, որ այլախոհը զբաղեցրեց հզոր վարչապետի գահը, որը Սարգսյանը պատրաստել էր իր համար: Ցեղասպանություն ապրած ազգը բարձր աստիճանի էթնիկ համերաշխություն ունի: Ոստիկանության բռնությունն իրենց իսկ հայերի նկատմամբ անընդունելի դարձավ ապրիլի 24-ի՝ 1915 թ. օսմանյան ցեղասպանության սկզբնավորման տարեթվի, հայերի համար հիշատակի ու  մեռելոցի օրվա նախօրեին: Փաշինյանը լավ խաղաց ազգային գործոնի եզակիության վրա՝ միաժամանակ հեռացնելով իրեն վրացական և ուկրաինական «գունավոր» հեղափոխություններից: Բոլորն էին գիտակցում, որ Մոսկվան ու Պուտինը հետևում են իրավիճակին, իսկ Հայաստանը չի կարող և հազիվ թե ուզենա խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ուշագրավ է, որ հենց Փաշինյանը, ոչ թե նրա նախորդը, ռուսների հետ համատեղ խաղապահների գումարտակ ուղարկեց հայերի համար բնավ ոչ օտար Սիրիա:

2018 թվականի հայկական հեղափոխության տխուր ճակատագիրը, սակայն, տիպական է աշխարհի վերջին տարիների շատ ապստամբությունների համար: Ապստամբական համախմբման օրերին Փաշինյանը հենվում էր սոցիալական մեդիայի վրա, բայց նա կազմակերպված կուսակցություն չուներ, առավել ևս՝ կոմիսարներ ու ստվերային կաբինետ, որպեսզի արագ բանիմաց մարդկանց պաշտոնի նշանակեր կառավարությունում և պետական ապարատում: Նշանակումները կատարվում էին «վիճակահանությամբ», արդյունքը կանխատեսելի գզվռտոցն ու անճարակությունն էր, որ տեղնուտեղը հայտնվում էր ցանցային չատերում: Հասարակական շարժումը, որ սկզբում բաց էր շատ ձայների համար, չէր կարող կուռ  ծրագիր ունենալ: Երբ նոր վարչապետին հարցրին իր տնտեսական ծրագրերի մասին, նա խոստացավ քննարկել դրանք տեսակապով հայկական ծագումով նշանավոր տնտեսագետ Դարոն Աջեմօղլուի հետ: Նախկին պաշտոնյաների և գեներալների, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալություններն անհանգստացնում էին Մոսկվային, հարուցում հայ դատավորների ընդվզումը օրենքի ընթացակարգերի խախտումների դեմ և արդյունքում այդպես էլ ոչնչի չհանգեցրին: Այսուհանդերձ Փաշինյանին հաջողվեց մեծացնել պետական բյուջեն գրեթե միլիարդ դոլարով՝ հավաքելով նախկինում չվճարված հարկերը, այսինքն՝ վերաուղղել նախկին վարաչակարգի ժամանակ մոնոպոլիստների հավաքած կոռուպցիոն ռենտան:

Փաշինյանն առավել զգայական ու անմիտ դրսևորեց իրեն հատկապես ղարաբաղյան հարցում: Նա հանդիպում էր Ալիևի հետ մի շարք գագաթնաժողովների ընթացքում, միաժամանակ հայտարարում էր հանրահավաքներում, որ Արցախը Հայաստան է: Նա հերքում էր բարձրաստիճան դիվանագետների զգուշացումներն այն մասին, որ Ռուսաստանը կարող է կարգավորման առավել ուժային տարբերակի դիմել, ընդհուպ խաղաղպահների տեղակայումը: Մի խոսքով, պարզվեց, որ Փաշինյանը գերակտիվ և անհետևողական է՝ ինտերնետի հրապարակայնությունը վեր դասելով կուլիսային բանակցություններից: Հավանաբար բեկման պահը 2020 թվականի հուլիսն էր, երբ ռազմական բախումներ տեղի ունեցան Տավուշում՝ բուն Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Ադրբեջանի զինվորականները լուրջ կորուստներ ունեցան (ներառյալ՝ մի գեներալ): Այդ նվաստացումը ընդվզում հրահրեց Բաքվում, որտեղ ամբոխը «Վերջացրու կարանտինը, սկսիր պատերազմը» բացականչություններով փորձեց գրոհել խորհրդարանի շենքի վրա: Ալիևը ցուցադրաբար հեռացրեց մի քանի բարձրաստիճան դիվանագետների ու խորհրդականների, ընդ որում, վերևից հնչում էին դավաճանության մեղադրանքներ: Այնուհետև ամենաամյա համատեղ զորավարժությունների անցկացման նպատակով Ադրբեջան ժամանեցին թուրքական զորքեր՝ մասշտաբային տեխնիկայով հանդերձ: Թուրքերը մնացին Ադրբեջանում ընդհուպ մինչև սեպտեմբերի 27-ը՝ պատերազմի սկիզբը:

Մարտական գործողությունների նոր ձևը

Պատերազմի մարտավարական մանրամասները մնում են փորձագիտական կռահումների առարկա: Ըստ երևույթին, սկզբում թուրքական անօդաչուները գլխատել են հայկական ՀՕՊ համակարգերը, որոնք մնացել էին խորհրդային դարաշրջանից և նախատեսված էին շատ ավելի խոշոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ որսալու համար: Այնուհետև, դարձյալ անօդաչուների ճշգրտումներով, օդային կամ հրետանային հարվածներ հասցվեցին հայկական զրահատեխնիկային, հրետանային դիրքերին, հեռարձակման կայաններին, ռազմական պահեստներին և բեռնատարներին: Այս ամբողջ ընթացքում անօդաչուներին հաջողվում էր սողոսկել կա՛մ շատ փոքր չափերի շնորհիվ, ինչն անտեսանելի էր դարձնում դրանք, կա՛մ որովհետև դրանց կառուցվածքը նախատեսված էր միանվագ կիրառման համար, ինչպես իսրայելյան «կամիկաձեների» դեպքում: Միջազգային ռազմական մասնագետները և ռազմական ոլորտի նվիրյալները ուշադիր հետևում էին ավերումների օդային նկարահանումներին, որոնց լուսանկարները առատորեն տեղադրում էր ցանցում ադրբեջանական կողմը: Հայ տանկիստները և հետևակը զոհվում էին՝ այդպես էլ չտեսնելով թշնամուն զենքի կրակոցի համար հեռավորությունից: Դա նման էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գնդացիրներով կավալերիայի ոչնչացմանը: Մարտի դաշտում նոր տեխնոլոգիական հեղափոխություն էր կատարվում:

Շատ հավանական է, որ գործողությունները ղեկավարում էին թուրք սպաները, հնարավոր է՝ ընդհուպ մինչև գումարտակների մակարդակով: Թուրք օպերատորները ղեկավարում էին անօդաչուները, իսկ հատուկ ջոկատները, պատրաստված Քրդստանի լեռնային մարտական գործողությունների համար, ապահովում էին ճեղքումները առանցքային ուղղություններով: Ադրբեջանական զորքերը, ընդ որում, օգտագործվում էին նախկինի պես որպես հարձակվող զանգված, այդ իսկ պատճառով լուրջ կորուստներ էին կրում: Ըստ երևույթին, 2020 թ. ամռանը Տավուշում ունեցած անհաջող մարտերից հետո Իլհամ Ալիևն իր ռազմական մեքենայի բանալիները նետեց ավագ եղբորը՝ Էրդողանին, որը հենց օդում որսաց դրանք: Հույս ուներ վրե՞ժ լուծել Սիրիայի համար:

Բլիցկրիգն այնուամենայնիվ կանգնեցրին հայկական խրամատները Ղարաբաղի լեռնալանջերին, ուստի պատերազմը ձգվեց 44 օր հազարավոր զոհերով. մեր օրերում հազվագյուտ երևույթ ոչ հիբրիդային, այլ երկու հակամարտող պետությունների զորքերի ամենադասական պատերազմում: Ի տարբերություն վաղուց ի վեր սովորական դարձած բախումներին շփման գծում, այս անգամ հարձակվող ադրբեջանա-թուրքական դաշնակիցները, չնայած հայերի հետ համեմատելի կորուստներին, շարունակում էին ճեղքման կետ գտնել առաջ գնալու համար: Հայ մարտիկները շարունակում էին պահել իրենց լեռնային դիրքերը: Ճեղքումն այնուամենայնիվ տեղի ունեցավ, բայց հարթավայրում՝ Արաքս գետի հովտում՝ Իրանի հետ սահմանի երկայնքով: Հայկական հակահարձակման փորձերը հայտնաբերվում և հետ էին մղվում անօդաչուների օգնությամբ, ինչը հանգեցնում էր ծանր կորուստների: Ադրբեջանա-թուրքական առաջխաղացումը Արաքսի երկայնքով շարունակվում էր՝ ի վերջո հասնելով թիկունք՝ բուն Ղարաբաղի հայկական տարածքները: Նոյեմբերի առաջին օրերին անակնկալ հարձակումը Շուշի լեռնային ամրոցի վրա (հայ զանգվածային գիտակցությամբ՝ դավաճանության կամ գործարքի արդյունք) սպառնում էր Ղարաբաղում հայկական ուժերին շրջափակումով ու ոչնչացմամբ:

Հենց այդ պահին իր քայլն արեց Պուտինը՝ պահանջելով Ալիևից դադարեցնել հարձակումը, իսկ Փաշինյանից՝ ստորագրել կապիտուլյացիան: Իլհամ Ալիևն իր փոխնախագահ տիկնոջ՝ Մեհրիբանի հետ (երկուսն էլ հանդերձավորված զինվորական համազգեստով) ժամանեց և լուսանկարվեց ազատագրված տարածքներում և օգտագործելով եզակի թվի առաջին դեմքը, ինչպես հարիր է ցմահ առաջնորդին, հաղթական հայտարարեց. «Ես ոչնչացրի ստատուս քվոն»: Ադրբեջանական կողմից ուրիշ հերոսների երևան գալը, ակնհայտորեն, չի նախատեսվել: Մի ամիս անց Բաքվում հաղթանակի շքեղ շքերթ տեղի ունեցավ, որում շողշողացող Ալիևն ու Էրդողանը փառաբանում էին թուրքական եղբայրությունը: Էրդողանն ուղղակիորեն հավելեց դրան Էնվեր փաշայի հիշատակումը, որը 1910 թթ. երիտթուրքերի ռազմական առաջնորդն էր և Հայոց ցեղասպանության առանցքային դեմքը: Իսկ անակնկալ և նվաստացուցիչ պարտություն կրած Նիկոլ Փաշինյանը կարողացավ պահել իշխանությունն այն նույն ավտորիտար սահմանադրության շնորհիվ, որը նա ժառանգություն էր ստացել իր գահընկեց արած նախորդից:  Վեցշաբաթյա պատերազմը հայերին պատճառեց առնվազն 4 հազար զոհ. չափազանց մեծ կորուստ այդքան փոքր ժողովրդի համար: Համաճարակի թեժ պահին հիվանդանոցները լցվեցին վիրավորներով: Հայ քաղաքացիներին, ի լրումն պատերազմի, մնում էր քաջաբար «կոլեկտիվ իմունիտետ» ձեռք բերել:

Բացի յոթ ադրբեջանական շրջաններից, որոնք հայկական զորքերը գրավել ու ամայացրել էին 1992-1994 թթ. որպես «անվտանգության գոտի» և այժմ վերադարձան Ադրբեջանին 2020 թ, նոյեմբերի կապիտուլյացիայի պայմաններով, հայերը կորցրին նաև բուն Ղարաբաղի զգալի մասը: Այժմ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապում է միայն մի ճանապարհ՝ 5 կիլոմետրանոց լայնության միջանցքով: Ճանապարհը ռուսական զինվորականների հսկողության տակ է, իսկ հայկական Ղարաբաղը շարունակում է գոյությունն իր դրոշով, վարչակազմով և պաշտպանության ուժերով: Ինչքա՞ն կարող է տևել այդքան արտասովոր համադրությունը և ինչպե՞ս այն շուռ կգա ապագայում:

2020 թ. նոյեմբերից տարօրինակություններն ու հենելուկները բազմապատկվեցին, որոնց առնչությամբ կարելի է միայն ենթադրություններ անել: Ինչո՞ւ Մոսկվան թույլ տվեց  իր հաճախորդ-դաշնակցին հասցնել այդ աստիճանի նվաստացման: Մի՞թե այն պատճառով, որ Փաշինյանը, ի տարբերություն Ալիև կրտսերի, Պուտինի համար «դասակարգային օտար»  ֆիգուր է: Կամ գուցե այն պատճառով, որ Էրդողանը Պուտինի հետ ինչ-որ գործա՞րք է կնքել՝ հայերի պարտությունը Ղարաբաղում փոխանակելով նման մի բանի հետ Սիրիայում կամ Լիբիայում: Երկու հիպոթեզն էլ լայն շրջանառություն ունեցան, բայց չափազանցություն են երևում: Չէր կարո՞ղ պարզվել, որ Մոսկվան չի ցանկացել պարզապես դիմել զինված միջամտության ռիսկին մարտական գործողությունների հեռավոր թատրոնում, հուսալի լոգիստիկայի բացակայության պայմաններում: Ինչո՞ւ էր պատերազմի առաջին շաբաթներին Սերգեյ Լավրովը՝ Ռուսաստանի արտաքին գործերի ամենափորձառու նախարարը, 10-ժամյա, մինչև կեսգիշեր անց ձգվող բանակցություններ վարում հրադադարի շուրջ, որոնք խախտվում էին հաջորդ իսկ օրը: Մի՞թե այդ հյուծող մարաթոնն ընդամենը ծխածածկույթ էր: Եթե ամեն ինչ սոսկ դավադրություն էր և աչքից փախցնելու համար, ապա ինչո՞ւ էր ռուսական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը հրապարակայնորեն զարմանք արտահայտում, որ Մոսկվայի խաղաղարար նախաձեռնությանն առաջինը պատասխանում է Անկարան, ոչ թե Բաքուն: Ինչո՞ւ էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օգտվում հրապարակային հարցազրույցի ժանրից, որպեսզի հայտարարի Անդրկովկասում սիրիական ջիհադիստների ներկայության անընդունելիության մասին: Մի՞թե Նարիշկինը չի կարողացել զանգահարել Բաքվի իր գործընկերներին: Վերջապես,  ռուսական ռազմական ուղղաթիռ խփվեց հրթիռով, որն արձակվել էր ադրբեջանական Նախիջևան էքսկլավից մարտական գորոծողությունները դադարելուց ընդամենը մի քանի ժամ առաջ: Իլհամ Ալիևն անմիջապես ներողություն հայտնեց Մոսկվային ակամա սխալի համար: Սխա՞լ էր դա արդյոք:

Նախ և առաջ մենք չգիտենք, թե ինչ փաստարկներ է օգտագործել Պուտինը, որպեսզի համոզի Ալիևին դադարեցնել հարձակումն այն պահին, երբ ակնառու էր հայկական Ղարաբաղի լիակատար ոչնչացումը: Ինչո՞ւ Բաքուն համաձայնեց ներս թողնել ռուսական ուժերին՝ որպես միակ պաշտոնական խաղաղապահների, այդպիսով բացառելով թուրքերին, որոնց զորքերը, միևնույն է, ներկա են Ադրբեջանում: Ինչո՞ւ է չափազանց համառոտ համաձայնագիրը (որը, Պուտինի խոսքով, ինքն անձամբ է գրել) տարօրինակ  կետ բովանդակում խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած անդրսահմանային երկաթուղային կապերը վերականգնելու խոստումով: Ակնհայտ է, որ դա ահռելի լոգիստիկ օգնություն կլինի զինվորականների համար թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում: Կարո՞ղ են հետագա հետևանքներ ի հայտ գալ: Կառնչվե՞ն դրանք Իրանին (մեծ հավանականությամբ՝ այո) և չինական «Նոր մետաքսի ճանապարհի»  հեռանկարին (միանգամայն հնարավոր է): Այսպիսով, վերադարձ XIX դարավերջի «երկաթուղային իմպերիալիզմի՞ն»:

Եվրոպան (գլխավորապես Ֆրանսիան) և Ամերիկան բացահայտ դժգոհ էին Էրդողանի ագրեսիվ խաղից, բայց ոչինչ չկարողացան անել: Համենայն դեպս, առայժմ: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի դաշնակից, և նրա ռազմական կապը Ադրբեջանի հետ դեռ կարող է օգտակար լինել Իրանի, Ռուսաստանի վրա ճնշումների տեսանկյունից, անգամ հեռավոր Չինաստանի, որ տարված է առևտրային միջանցքներով: Աշխարհաքաղաքականության մեջ որևէ հաստատ կանխատեսում անելու համար չափից ավելի շատ են փոփոխական մանրամասները, հատկապես հեգեմոնիայի փլուզման և բազմաբևեռայնության ժամանակներում: Սակայն կարելի է նկատել, որ Թուրքիան այժմ ներկայանում է որպես այսպես ասած Իրանի սուննի տարբերակ մշակութային և աշխարհաքաղաքական առումով՝ հանդես գալով հավատքի պաշտպանության կոչով՝ ուղղված բոլոր ակտիվ մուսուլմաններին: Թուրքիան նաև ներկայանում է որպես բարերար և եղբայր թյուրքական բնակչություն ունեցող բոլոր երկրների համար, որոնց թվին է պատկանում Էրդողանի համար նաև Ուկրաինան: Վերջիվերջո, Ղրիմը հարյուրամյակներ շարունակ եղել է օսմանյան արբանյակ, և այնտեղ հիմա թաթարներ են ապրում:  Կարևոր է չէ, թե որքանով է Էրդողանը հավատում իր հուզական հռետորաբանությանը: Նա ազարտային քաղաքական խաղացող է, որը խոշոր խաղագումարներ է դնում բազմաթիվ տախտակների վրա: Դրանցից մեկում տանուլ տալով՝ մի ուրիշում շահում է (իսկ շահո՞ւմ էր արդյոք Ղարաբաղը) և այնուհետև բախտը բերում է հերթական տախտակի վրա: Էրդողանի Թուրքիան առաջին անգամ հարյուրամյակների ընթացքում ներկայանում է որպես ավելի մեծ տերություն, քան դա թույլ է տալիս իր տնտեսությունը: Սակայն նման խաղի պայմաններում Էրդողանի համար գոյատևման միակ միջոցը մնում են հանդգնությունն ու նպատակասլաց քայլերը: Երկա՞ր կտևի նրա բախտավորությունը:

Իրավիճակը մնում է հակասական և վտանգավոր լարված: 1991 թ. ի վեր առաջին անգամ ռուսական զորքերը տեղակայվել են Ադրբեջանի տարածքում, այս անգամ՝ որպես խաղաղապահներ Ղարաբաղի և նրա հայ բնակչության շուրջը: Ռուսական դիրքերի հետևում մնում է անջատողական կառավարությունը, իսկ նրա «պաշտպանության բանակը» նույնիսկ հանդես է գալիս Արցախի դրոշի տակ: Այժմ Ադրբեջանում գտնվում են նաև թուրքական զորքեր, թեպետ Մոսկվան դիվանագիտական գծով ժխտում է նրանց՝ խաղաղապահներին հավասար կարգավիճակը: Փաստորեն այսօր այն տարածքում, որը Բաքուն համարում է իր ինքնիշխան տարածքը, տեղակայված է արդեն չորս բանակ՝ ադրբեջանական, թուրքական, ռուսական և հայկական: Սիրիացիների և առավել ևս ծպտյալ իսրայելցիների մասին մարտական գործողությունների ավարտից հետո այլևս հիշատակում չի եղել, սակայն կասկածելի է, որ  գաղտնի գործողությունների մերձավորարևելյան վարպետները հրաժարված լինեն իրենց հակաիրանական պլացդարմից: Բացի այդ, կա նաև ադրբեջանական Նախիջևան էքսկլավը, որ Ադրբեջանից բաժանված է հայկական տարածքի շերտով, որտեղ Ռուրսաստանը խոստացել է հսկել ևս մի հատուկ միջանցք: Թուրքական մեծ ուղին, որ հատում է Հայաստանը Ռուսաստանի հսկողության տակ Իրանի տեսադաշտի գոտո՞ւմ: Չափից ավելի շատ չե՞ն խաղացողներն ու «դիտորդները» մեկ հարթակում: 2020 թ. աշնանը Ղարաբաղում տեղի ունեցավ փոքր, բայց արդեն համաշխարհային պատերազմի առաջին մասը: Հիմա հարցն այն է, թե հետևելու է արդյոք երկրորդ մասը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ

 

 

աշխարհում արցախյան պատերազմ Ռուսաստան Ադրբեջան Թուրքիա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին