f

Անկախ

«Նոյեմբերի 10-ին որդուս դագաղի մոտ ասացի՝ Զոկա, վե՛ր կաց, մեր հողերը հանձնեցին, հանուն ինչի՞ դու զոհվեցիր․․․»


Եռաբլուրի հերոսների շիրմաքարերից մեզ են նայում ժպտուն, կենսուրախ, գեղեցկադեմ երիտասարդներ, որոնք ասես մահվան հետ որևէ առնչություն չունեն:

Շիրմաքարերից մեկի երիտասարդն էլ կարծես նստած քեզ է նայում ու ասում՝ դու էլ նստիր, զրուցենք։ Զոկան է՝ Զորիկ Շահրամանյանը, 18 տարեկան: Արցախցի:

Զորիկն ընտանիքի առաջնեկն էր: Հայրը որոշում է որդուն անվանակոչել իր քեռու անունով, որը զոհվել էր 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ: Այդ միտքն այնքան էլ կնոջ սրտով չէր, բայց ամուսնուն դեմ չի գնում: Երեխային Զորիկ են կոչում, իսկ մայրը նրան Զոկա էր ասում, ինչպես շիրմաքարին է գրված։ 

2020 թվականի հունիսի 30-ին Զորիկը 18 տարեկան դարձավ ու զորակոչվեց ծառայության։ Երբ պատերազմն սկսվեց, ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, բայց Ֆիզուլիի շրջանում մասնակցում էր մարտական ակտիվ գործողությունների՝ որպես հրետանու կապավոր։

«Մինչև պատերազմ ամեն օր զանգում էր: Սիրում էր պատմել օրվա անցուդարձը։ Մի օր էլ զգուշացրեցի, որ պետք չի հեռախոսով ծառայությունից շատ բան պատմել։ Ասեցի՝ ո՛չ ինձ կպատմես, ո՛չ էլ ընկերներիդ»,-հիշում է մայրը՝ Մանուշ Սահակյանը։

Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմն սկսվում է, Զորիկը չի զանգում։ Հաջորդ օրը նույնպես զանգ չկար։ Երրորդ օրը զանգում է։ «Երբ ձայնը լսեցի, սկսեցի լաց լինել: Ասեց՝ մամ, խի՞ ես լացում, քեզ չի սազում, սկսեց ինձ ոգևորել՝ ինչպես հասուն տղամարդ: Ասեցի՝ ախր անհանգիստ էինք, ինչի՞ չէիր զանգում։ Ասեց՝ չէի ուզում իմանայիք, թե էստեղ ինչ է կատարվում։ Փաստորեն, իմ խորհրդին էր հետևել, որ ասել էի՝ պետք չի ամեն ինչի մասին պատմել։ Ու իրեն թվում էր, թե մենք չգիտենք՝ էնտեղ ինչ է կատարվում»։

Պատերազմի նույն օրը Զորիկի հայրը՝ Վախթանգը, մեկնում է Արցախ։ Վախթանգը երկար տարիներ Արցախի Զինված ուժերում էր ծառայել, փոխգնդապետ էր, վերջին տարիներին ծառայել էր Ազգային անվտանգության ծառայությունում, որից հետո անցել էր թոշակի։ 2018 թվականից տեղափոխվել էին Երևան։

Պատերազմի երրորդ օրը հայրը  գտնում է որդուն և մի օր մնում նրա հետ։ Այդ ժամանակ կինը զանգում է ամուսնում ու մայրական բնազդով խնդրում, որ փրկի իր 18-ամյա որդու կյանքը և դուրս բերի նրան պատերազմի ճիրաններից։ Ամուսինը մերժում է՝ ասելով․ «Ինչպես բոլորը, էնպես էլ իմ երեխան։ Ամբողջ կյանքում ես եմ զինվորին սովորեցրել չփախչել ծառայությունից, հիմա ես իմ որդուն փախցնե՞մ»։

Հոր ընկերները, որ նրա հետ Արցախ էին մեկնել, տեսնելով, թե ինչ է կատարվում, հորից գաղտնի մոտենում են Զորիկին, ասում՝ նստիր մեքենան։ Զորիկը հասկանում է՝ ինչ են ակնարկում։ Հրաժարվում է՝ ասելով․ «Իմ ընկերներն էստեղ են, ես դավաճան չեմ, որ փախչեմ»։

Հոկտեմբերի 5-ին մայրը վերջին անգամ է որդու հետ խոսում։ Հիշում է՝ ձայնի մեջ այնքան փոփոխություն կար, ասես տասը տարով մեծացած լիներ։ Նույնն էլ այդ օրերի լուսանկարներն են վկայում․ պատերազմի օրերից երկու լուսանկար կա՝ մեկը հոր հետ՝ սեպտեմբերի 30-ին, մյուսն ընկերների հետ՝ հոկտեմբերի 10-ին, իր զոհվելու օրը։ Երկու լուսանկարների մեջ, որ ընդամենը 10 օրվա տարբերությամբ էին արվել, կարծես 10 տարի անցած լիներ։ 18-ամյա տղայի աչքերում արդեն այնքան բան կար, որ մարդիկ ողջ կյանքում չէին հասցնի տեսնել։  

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից սկսած, շփման գծում կրակը դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Բայց թշնամին մինչև ժամը 12-ը փորձում էր հնարավորինս շատ կորուստներ պատճառել մեզ և ակտիվ հրետակոծում էր հայկական դիրքերը։ Զորիկենց զորախումբն այդ ժամանակ Ֆիզուլիում էր, երբ թշնամին պայթեցնում է նրանց երկու «Ուրալները», որոնցից մեկի մոտ կանգնած էր Զորիկը։ Նա ու ևս մի քանի զինվոր զոհվում են, շատերը վիրավորվում։   

«Նույն օրը երեկոյան ամուսինս հանդիպում է որդուս շարասյան մյուս ավտոմեքենաներին, հարցնում է՝ որտե՞ղ է Զորիկը, բոլորը գլուխները կախում են, ռիսկ չեն անում ասել, որ զոհվել է: Ասում են՝ վիրավոր է, չգիտենք ուր են տարել»։

Հայրը սկսում է փնտրել որդուն։ Մի ամբողջ օր միայն Արցախի հիվանդանոցներում, հետո արդեն որոնումները շարունակվում են Գորիսում, Կապանում, Սիսիանում, Երևանում։ Զոկան չկար ու չկար: Մեկ ամիս անց են միայն տղային գտնում՝ դիահերձարանում․․․

Զորիկը հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով։ Բայց դա սփոփանք չէ ծնողների համար։ Սփոփանք կլիներ, եթե գոնե իրենց որդու արյան գնով հողը պահվեր։

Նոյեմբերի 10-ին Զորիկի հոգեհանգիստն էր։ Այդ օրը կրկնակի ցավի ու տառապանքի օր էր նրա հարազատների համար։ Իրենք որդուն էին հողին հանձնելու, երկրի ղեկավարները՝ հողն էին թշնամուն հանձնելու։

«Որդուս դագաղի մոտ ասացի՝ Զոկա, վե՛ր կաց, մեր հողերը հանձնեցին, հանուն ինչի՞ դու զոհվեցիր, հանուն ոչնչի՞․․․»։

Զորիկը որոշել էր ճարտարապետ դառնալ, ընդունվել էր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ու զորակոչվել բանակ։

«Անհամբեր սպասում էր, թե երբ է զինվոր դառնալու»,-ասում է մայրն ու հիշում, որ բանակ գնալուց մեկ շաբաթ անց զանգեց, խնդրեց, որ իր գծագրական պարագաներն ուղարկենք զորամաս։ Հետո արդեն հրամանատարը պիտի պատմեր, որ Զոկան բանակում Մոնթեի դիմանկարն էր նկարել։ Նկարն այնքան էր դուր եկել հրամանատարին, որ նա տարել էր իր տուն։ Մայրը ցավում է, որ այդպես էլ չտեսավ որդու աշխատանքը։ Մոնթեի դիմանկարը մնաց հրամանատարի տանը՝ Հադրութում, իսկ Հադրութը մնաց թշնամուն։

«Բազմակողմանի զարգացած երեխա էր, չէր կողմնորոշվում, թե որ ուղղությամբ պիտի ուսումը շարունակի։ Բոլոր առարկաներից լավ էր, մաթեմատիկայից՝ առավել ևս: Հաճախում էր շախմատի, «Թումո» կենտրոն, փայտամշակման խմբակ, որտեղ քանդակներ էր պատրաստում։ Զբաղվում էր սպորտով՝ կարատե, ֆուտբոլ, բասկետբոլ, մրցանակներ էր ստանում»։

Մայրը հիշում է՝ մայիսյան եռատոնին նվիրված բասկետբոլի առաջնությանը Զորիկն առաջին տեղն էր գրավել։ Ինչքա˜ն հպարտ էին։ Հիմա ո՛չ որդին կա, ո՛չ եռատոնը, ո՛չ էլ հպարտությունը։

Չնայած ցավին ու չփարատվող վշտին, տիկին Մանուշը շարունակում է բարեգործությամբ զբաղվել, որը սկսել էր տարիներ առաջ՝ որդու հետ միասին։ Ֆեյսբուքյան խմբում կարիքավոր մարդկանց էր օգնում։ Երբ Զորիկը զոհվում է, այնքան է կոտրվում, որ որոշում է փակել խումբը, բայց վերջին պահին փոշմանում է։ «Զորիկն ինձ հետ պահեց այդ մտքից։ Ինքն ինձ շատ էր օգնել այս գործում, ու հասկացա, որ երեխուս հետ սկսած գործը չեմ կարող կիսատ թողնել, հանուն Զորիկի պարտավոր եմ շարունակել»։

Հերոսի մայրն ուրիշներին է օգնում, այնինչ ինքն էլ կարիքի մեջ է։ Երևանում վարձով են ապրում։ Ուզում են գոնե Երևանից դուրս մի փոքր հողակտոր գնել, որ իրենց սեփական անկյունն ունենան, բայց բանկը վարկ չի տալ։ Պարզվում է՝ ամսական 200 հազար դրամը, որ որդու զոհվելուց հետո պետությունից ստանում են, չի դիտարկվում իբրև եկամուտ, և բանկը մերժում է մատչելի տոկոսադրույքով վարկի տրամադրումը։

«Էնքան վիրավորական է, տղաս զոհվեց, բայց ես, փաստրեն, մի փոքր հողակտորի չարժանացա այս երկրում, որ գոնե իմ սեփականությունն ունենամ ու մյուս երեխեքիս ապագան կառուցեմ»,-ասում է մայրը։

Ամուսինն ուզում է մեկնել Հայաստանից, ասում է՝ այստեղ ապագա չկա։ Կինը դեմ է։ Որդուն երբեք մենակ չի թողնի Եռաբլուրում․․․

 

 

Զորիկ Շահրամանյան Զոկա հերոսներ արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին