Հրապարակ» թերթը գրում է. «Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում և արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, և միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հաղթելու հնարավորություն կտան ։
Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է Հայկ Մարությանը, որը նրանց դուրս էր մղել Երևանից։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, և կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսևորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին։
«Սանիթեքի» սեփականատեր Նիկոլաս Թավիլը, լսելով հարցը, ծիծաղել է: «Առանց մեկնաբանությունների: Միակ բանը, որ կասեմ, այն է, որ մենք ունենք բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, որոնք կներկայացվեն միմիայն արբիտրաժային դատարանում»,- ասել է նա: