Ապրիլի 29-ին մեծ էկրան բարձրացավ «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան արկածային կատակերգությունը, ֆիլմ, որը ծիծաղեցնելուց բացի, ոգեշնչում է, ուսուցանում և ստիպում նորովի նայել կյանքին:
Գլխավոր դերերում հայտնի ու սիրված դերասաններ են՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Դանիելյան, Արթուր Բեգջանյան, Դալիթա Ավանեսյան և ուրիշներ, որոնք մարմնավորում են ֆիլմի ծիծաղաշարժ, վառ կերպարներին: Ամենաուշագրավ կերպարներից է Դոն Կիխոտը, որին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը:
Ֆիլմի արկածային ու անսպասելի լուծումներով սյուժեն, դինամիկ ընթացքն ու ոչ ստանդարտ բովանդակությունը դիտողին ստիպում են միաժամանակ ծիծաղել, անհանգստանալ, հուզվել՝ հետևելով հերոսների արկածներին ու փորձություններին և, իհարկե, անհամբեր սպասել գլխավոր հերոսի հաղթանակին:
Սա ֆիլմ է, որը պետք է դիտի ժամանակակից վիրտուալ «արժեքներին» գերի ընկած ցանկացած դեռահաս: Դիտելուց հետո նա կվերարժևորի իր միջավայրն ու վարքագիծը գիտելիքի, գրքի, մարդկային փոխհարաբերությունների և առհասարակ կյանքի իրական արժեքների նկատմամբ:
Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Բեմադրող ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան, սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան, բեմադրող օպերատոր՝ Վազգեն Մուրադյան, պրոդյուսերներ՝ Տիգրան Համբարձումյան, Վահան Գրիշկյան:
Ապրիլի 29-ից ֆիլմը հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:
Նշենք, որ նախագծի շրջանակներում հայտարարվել էր նաև շարադրությունների մրցույթ աշակերտների շրջանում՝ «Իսկական հերոսը» թեմայով, որն ամփոփվեց ապրիլի 28-ին:
Մրցույթին մասնակցած ավելի քան 150 դպրոցների աշակերտների 200-ից ավելի աշխատանքներից ժյուրին ընտրել էր 10 լավագույնները, որոնցից երկուսի հեղինակները ճանաչվեցին հաղթող՝ հաղթանակի շնորհիվ հնարավորություն ընձեռելով իրենց ողջ դպրոցի աշակերտներին կինոթատրոնում անվճար դիտել «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը: Մյուսներն արժանացան խրախուսական մրցանակների: