Գաղտնիք չէ, որ հունվարի 20-ից՝ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նյարդայնացած սպասում» էր, թե երբ կզանգահարի իրեն ամերիկացի գործընկերը: Անկարայի հասկացողությամբ՝ զանգը Վաշինգտոնից հաստատելու էր, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն սովորական կարգով՝ չնայած դեռևս 2020 թ. Բայդենի նախընտրական քարոզարշավի ժամանակ արվող կանխատեսումներին այն մասին, որ Թուրքիային դեմոկրատ նախագահի օրոք ծանր ժամանակներ են սպասում: Այդ մասին Al-Monitor (գրասենյակը Վաշինգտոնում է) կայքէջում գրում է թուրք քաղաքական մեկնաբան Ջենգիզ Չանդարը:
Բազմաթիվ կառավարական լրատվամիջոցները Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ հսկողության տակ զանգի էին սպասում, որպեսզի օգտվեին պատեհ առիթից և բավարարեին թուրքական առաջնորդի փառասիրությունն ու նվաստացնեին նրա ներքին քննադատներին: Թուրքական քաղաքական սպեկտրի մյուս ծայրում Ջո Բայդենի հեռախոսային ազդանշանի երկար սպասումը ծաղրի առարկա էր դարձել: Եվ ահա ապրիլի 23-ին զանգը վերջապես հնչեց: Բայց ոչ այնպես, ինչպես ուզում էր Էրդողանը: Բայդենն իր թուրք գործընկերոջը հիմնականում զանգահարեց, որպեսզի տեղեկացնի իր պատմական հայտարարության մասին, որը անելու էր հաջորդ օրը, այն մասին, որ արտաբերելու է «ցեղասպանություն» բառը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում մարդկանց զանգվածային ոչնչացման վերաբերյալ, այն բանի, ինչը Թուրքիայում համառորեն անվանում են «1915 թվականի իրադարձություններ»:
Այն, ինչ Բայդենը հայտնեց Էրդողանին, պիտի որ անակնկալ չլիներ, նշում է Չանդարը: ԱՄՆ-ի առաջատար օրաթերթերը, ինչպիսիք են The New York Times-ը և The Wall Street Journal-ը, նախապես հայտնել էին, որ Բայդենը «1915 թվականի իրադարձությունները» ճանաչելու է հայերի ցեղասպանություն: Ի տարբերություն իր նախորդների, որոնք նախընտրական քարոզարշավում խոստանում էին, իսկ նախագահ դառնալուց հետո հետքայլ էին անում, Բայդենը ցույց տվեց հավատարմությունը սեփական նախընտրական խոստումներին և իրեն դրեց բարոյական բարձունքին՝ նախապատվությունը տալով մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, ընդգծում է հեղինակը:
«Սեփական արտաքին քաղաքական խոստումների կատարումը, որոնք տրվել էին նախագահական քարոզարշավի ժամանակ, նաև փոխեց Միացյալ Նահանգների ռազմավարական աշխարհընկալումը Թուրքիայի նկատմամբ,- արձանագրում է վերլուծաբանը»:
Պենտագոնն էր այն առաջատար պետական ինստիտուտը, որը երկար տարիներ արգելակում էր Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցությանը պաշտպանության ոլորտում: Ամերիկա-թուրքական դաշինքի հիմքը անվտանգության և ռազմական ոլորտներում էր, որոնք առանցքային դեր էին խաղում ամեն ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ նախագահների ձևակերպումների թուլացման հարցում:
«Արդեն ոչ: Բայդենի հայտարարությունից մի օր առաջ Միացյալ Նահանգները պաշտոնապես հանեց Թուրքիային F-35 ծրագրից (հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման)՝ ազդարարելով երկու դաշնակիցների միջև թերևս ամենահավակնոտ և ռազմավարական ռազմական ծրագրի դադարեցումը: Դա Թուրքիայի՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետևանքն էր: Ամերիկյան կողմը քանիցս զգուշացրել է Անկարային F-35 ծրագրից հանելու մասին: Թուրք նախագահը չնահանջեց, ըստ երևույթին, վստահ էր աշխարհի տերություններին իրար դեմ հանելու և նրանց միջև իր հավասարակշռութհյունը պահելու տաղանդին»,- գրում է թուրք փորձագետը:
Նրա խոսքով՝ Թուրքիան, ըստ ամենայնի, այլևս ԱՄՆ-ի համար անփոխարինելի աշխարհաքաղաքական նշանակություն չունի, ինչպես նախկինում համարում էին նրա քաղաքական գործիչներն ու ստիպում այդպես մտածել մնացած աշխարհին:
«Ճանաչումը նաև ցույց տվեց ողջ աշխարհին, որ Թուրքիան և ԱՄՆ-ն սոսկ անվանական դաշնակիցներ են: Նրանց դաշինքի բնույթը փոխակերպվել է մրցակցային հարաբերությունների, այնպես, ինչպես, Եվրոպական միության ու Թուրքիայի դեպքում, թեպետ այդ մասին այդքան բաց չի խոսվում… Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին շատ ավելի քիչ է պետք, քան Միացյալ Նահանգները՝ Թուրքիային: Բայդենի որոշման համար ժամանակի ընտրությունը նույնպես ընդգծեց Թուրքիայի թուլությունը: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ տնտեսական ճգնաժամը Թուրքիայում սրվում է, և նա չունի այլ ընտրություն, քան արտասահմանյան ներդրողներին գրավելը, այդ թվում և ԱՄՆ-ից: Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ այնքան լավ չեն նրան Վաշինգտոնի դեմ օգտագործելու համար: Էական հանգամանք է նաև այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես փխրուն են Սև ծովի աշխարհաքաղաքականության պատճառով, որտեղ Թուրքիան կարծես Ուկրաինայի կողքին է կանգնել: Անկարան չի կարող սպառնալ Վաշինգտոնի հետ հարաբերությունների խզումով և Արևմուտքի անվտանգության համակարգից հեռանալով, և նա չի կարող որևէ պատժամիջոց սահմանել ԱՄՆ- դեմ: Բայդենն էլ, իր հերթին, ստիպված կլինի ոչ մեծ քաղաքական գին վճարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և ըստ ամենայնի` նա գիտակցում է դա»,- ամփոփում է Ջենգիզ Չանդարը:
Աղբյուրը՝ EurAsia Daily