Այսօր երկրորդ օրն է, ինչ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը հրաժարական է տվել, սակայն դա ոչ մի հետք չի թողել հայաստանցիների կյանքում: Նիկոլը շարունակում է պաշտոնավարել (սա նախկինների գրած եւ ընդունած Սահմանադրության մեղքով է), ընդդիմությունն էլ զանգվածներ չի հանել փողոց՝ դա էլ ընդդիմության անգործունակության վկայությունն է: Ասվածը նշանակում է, որ մինչեւ ընտրությունները Նիկոլին գահընկեց անելու որեւէ հնարավորություն չի երեւում: Իսկ Նիկոլը պետք է գնար ճիշտ այնպես, ինչպես եկել էր իշխանության՝ փողոցային բողոքի ակցիաների միջոցով:
Այսպիսով, առաջին եզրակացությունը՝ Նիկոլն իր կուսակցությամբ մասնակցելու է հունիսի 20-ի ընտրություններին: Չնայած կյանքն անկանխատեսելի է, եւ կարող է այնպիսի ֆորսմաժորային դեպք տեղի ունենալ, ինչպիսին, ասենք, այլմոլորակայինների կողմից Նիկոլին առեւանգելն է, եւ նա չմասնակցի ընտրություններին, բայց դա, ինքներդ եք հասկանում, ֆանտաստիկայի ժանրից է:
Եզրակացություն երկրորդ․ իրական ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որի միակ նպատակը Հայաստանը Նիկոլից ազատելն է, պետք է միավորված գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Եթե դա տեղի չունենա, եւ ընդդիմությունն ընտրությունների գնա առանձին-առանձին, ապա Նիկոլի հաղթանակը երաշխավորված է:
Պատմական տեղեկանք Հարավային Կորեայից (պաշտոնապես՝ Կորեայի Հանրապետություն)
Կորեայի Հանրապետությունում 1987թ.-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները 35,9% քվեով շահեց գեներալ Ռո Դե Ուն: Այդ տարիներին հաղթող հանդիսանալու համար բավարար էր քվեների պարզ մեծամասնությունը: Ընդդիմադիր քաղաքացիական թեկնածուներից երկուսն առանձին-առանձին հավաքեցին 27,5% եւ 27,0%, եւ եթե նրանցից մեկը տեղը զիջեր մյուսին, ապա գեներալը կպարտվեր: Երկու այլ կուսակցությունների հետ կառավարող կուսակցության միավորման արդյունքում վերջինիս քաղաքացիական անձ թեկնածուն 5 տարի անց շահեց ընտրությունները, եւ երկրի կառավարման համակարգն ամբողջապես վերադարձավ ժողովրդավարականի:
Եզրակացություն երրորդ․ միավորված ընդդիմությունը պետք է ունենա այնպիսի ղեկավար, որի դեմ ոչինչ չկարողանա անել Նիկոլը քարոզչական ճակատում: Մեր երկրում քարոզչությունը վաղուց արդեն Նիկոլի ջանքերով վերածվել է պատերազմական ճակատի, եւ դրանում պարտությունը մեխանիկորեն կվերածվի պարտության ընտրություններում: Այսօր ընտրական պայքարում հաղթող լինելու համար բավարար չէ լինել արցախյան առաջին պատերազմի հերոս: Կասեի նույնիսկ, որ Նիկոլի շնորհիվ այսօր դա կարող է անգամ խանգարող դերակատարում ունենալ: Վստահաբար, լուրջ խանգարող դերակատարում կունենա նախկիններից մեկը լինելու հանգամանքը: Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին. վերջինս կարող է մասնակցել հունիսի 20-ից հետո կայանալիք հաջորդ ընտրություններին եւ հաղթող հանդիսանալ, եթե հունիսի 20-ին մեզ հաջողվի հեռացնել Նիկոլին:
Հետնիկոլական շրջանում երկրի ազգաբնակչությունը որոշակիորեն վերականգնվի էմոցիոնալ այն շոկից, որի մեջ է գցել նրան Նիկոլը: Եվ արդյունքում հայրենասիրություն, հաղթական առաջին պատերազմ եւ նման այլ կատեգորիաները կրկին կզբաղեցնեն իրենց տեղը մարդկանց գիտակցության մեջ:
Եվ այդ ժամանակ մեզ անհրաժեշտ կլինի այնպիսի մի ղեկավար, որը երկիրը կտանի վերքերի բուժման եւ զարգացման ճանապարհով: Իսկ այսօր սխալվելու իրավունք մենք չունենք:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ