Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայիս հռետորաբանությունը միայն ապացուցում է հայկական կողմի պնդումների իրավացիությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Ալիեւի սպառնալիքներին մասին հարցին: Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե ուժով կլուծի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը:
Նրա խոսքով՝ «Հայաստանը սեփական ուժերով եւ դաշնակիցների ներուժով ունակ է պաշտպանելու իր պետության տարածքային ամբողջականությունը»:
«Ցանկանում եմ հստակ պարզաբանել, որ հայկական Զանգեզուրի վերաբերյալ Ալիեւի ցանկացած արտահայտություն խեղաթյուրում է հրադադարի մասին հայտնի հայտարարության էությունը»,-ասել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ գրեթե 70-ամյա լռության պայմաններում Արցախի հայերը ոչ մի րոպե չեն մոռացել իրենց իրավունքների մասին: «Այդպիսով, տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը պայմանավորված են այն փաստով, թե որքանով է իրականությունն արտացոլում պատմական արդարությունը»,-նշել է ԱԽ քարտուղարը: