f

Անկախ

Ո՞վ է Բորիս Ավագյանը. լրագրողական հետաքննության հետաքրքրաշարժ բացահայտումները


 Սյունիքում տեղի ունեցած դեպքերի, ապա դրան հաջորդած ձերբակալությունների ֆոնին մարդկանց ուշադրությունից վրիպեց օրեր առաջ աղմուկ հանած միջադեպը:

Խոսքը ՝ օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից հետո Արցախի ԱԻՊԾ տեղակալ Բորիս Ավագյանի պաշտոնանկության մասին է:

Այդ օրերին բոլորը խոսեցին, գրեցին նրա մասին, անգամ լուրեր տարածվեցին, թե պաշտոնանկությունից հետո նա զենքը և համազգեստը հանձնել է երևանյան սրճարաններից մեկում, ապա հրավիրվել է ԱԱԾ: Պատգամավորներից մեկն անգամ առաջարկեց Բորիս Ավագյանին դառնալ իր օգնականն ԱԺ-ում:

Այս ամբողջ իրարանցումը մեզ ստիպեց ուսումնասիրել Բորիս Ավագյանի գործունեությունը ՀՀ-ում և Արցախում, ինչի ընթացքում ի հայտ եկան բավականին հետաքրքաշարժ տվյալներ:

Սկսենք, որ ռուսական Կոմերսանտը դեռևս 2016 թվականին գրել էր Ավագյանի մասին՝հիշատակելով, որ ՌԴ ներքին գործերի նախարարությունում քրեական գործ էր հարուցել մաքսային տուրքերից խուսափելու հոդվածով: Նախնական տվյալներով՝ Ավագյանի հանցավոր խումբը Ռուսաստան էր ներկրել հագուստ և տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ:

Խմբի հասցրած վնասի չափը հաշվվում էր 800 մլն ռուբլուց մինչև 4 միլիարդ ռուբլի: Ավագյանը չէր ընդունել իր մեղքը և դատարանի որոշմամբ հայտնվել էր տնային կալանքի տակ: 2016-ի սեպտեմբերին, ՔԿԱԳ-ում ամուսնության գրանցումից օրեր առաջ, Ավագյանին հաջողվել էր փախչել: Հոդվածում նշվում էր, որ փախուստի պատճառ կարող էին հանդիսանալ նոր ցուցմունքները, որոնց արդյունքում Ավագյանին հնարավոր էր դարձել նոր մեղադրանք առաջադրել: Փախուստից հետո նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում:

Արդեն փախուստից հետո Ավագյանն ամուսնացել էր մոդել, «Միս Աշխարհ»  Յուլյա Իոնինայի հետ, որի ինստագրամյան լուսանկարներից, ի դեպ, իրավապահներին հայտնի էր դարձել, որ Ավագյանը փախուստի ընթացքում գտնվել է Փարիզում:

Ավելի ուշ նորապսակները տեղափոխվել էին Հայաստան: Իսկ 2018 թվականին Բորիս Ավագյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, նշելով որ երկքաղաքացիության պարագայում չի կարողանա Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնել: Դրանից երկար ժամանակ հետո Ավագյանի մասին որևէ նորություն չկար:

Եվ ահա 2020 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էր դեռևս որևէ պաշտոն չունեցող Ավագյանը, որն իր փաստաբանների հետ  մանրամասներ ներկայացրեց Ռուսաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիոն առաջարկներով ուղեկցվող քրեական գործի մասին։Մանրամասները՝ տեսանյությում՝

Ասուլիսի ընթացքում Ավագյանը պատմել էր, որ ինքը Ռուսաստանում թուրքական ընկերությանն առնչվող մաքսանենգության տարրեր պարունակող գործ է բացահայտել, ինչից հետո ռուսական դաշնային ծառայությունները հայտնել են, որ ինքը հատուկ պաշտպանության կարիք ունի: Ավագյանը որոշել է մեկնել Հայաստան՝ ծնողների մոտ, սակայն այստեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ բիրտ միջոցներ կիրառելով նրան ստիպել էր վերադառնալ Ռուսաստան: Դրանից հետո Ավագյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում:

Նշենք, որ Բորիս Ավագյանի տված ցուցմունքների հիման վրա Դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ։

Ավագյանի պաշտպաններն ասուլիսի ընթացքում հայտնել էին նաև, որ ՌԴ-ից գործը չի փոխանցվել Հայաստանի իրավապահ մարմիններին, ինչն էլ, ըստ իրենց, ապացույց է, որ գործը շինծու է:

Այս ասուլիսից երկար չանցած՝ 2020 թ․ապրիլի 1-ին, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը Բորիս Ավագյանին տնտեսական զարգացման գծով փոխքաղաքապետ նշանակեց: Եվ մամուլում միանգամից տեղեկություններ հայտնվեցին առ այն, որ նա իր պաշտոնը ստացել է նախկին ոստիկանապետի դեմ տված ցուցմունքների շնորհիվ: Սա իհարկե նոր բան չէ, բավական է հիշել միայն Արշակ Կարապետյանի տխրահռչակ դեպքը:

Բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Ավագյանը պատերազմի օրերին ռուսական կայքերից մեկին տված հարցազրույցում բավականին կոշտ է արտահայտվում իշխանությունների մասին՝ նշելով որ նրանք ճիշտ չեն աշխատում ներդրումներ բերելու հարցում: Մեկ այլ դրվագով դժգոհում է, որ Փաշինյանի շուրջ շատ են սորոսականները, և որ հնարավորության դեպքում ինքն անձամբ կարող է «սորոսական գործակալներին» բռնել: Քննադատում էր նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը:

Հենց այդ հարցազրույցի ընթացքում Ավագյանը հերթական անգամ հերքել էր նաև այն տեղեկությունները, թե իբրև ինքը հետախուզման մեջ է գտնվում Ռուսաստանում:

«Ինձ ստուգել են նշանակումից առաջ: Ես միայն Հայաստանի քաղաքացիություն ունեմ: Պարբերաբար շփումներ եմ ունենում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հետ, իսկ այնտեղ արդեն մեկ կիլոմետր հեռավորություն կպահեին, եթե ինչ-որ բան այն չլիներ: Դա անցյալի օրերի գործ է»,- ասել էր նա:

Մինչդեռ ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքին համապատասխան հարցում անելիս պարզ է դառնում, որ Բորիս Ավագյանը դեռևս հետախուզման մեջ է գտնվում:

Նշենք, որ պատերազմի օրերին Ավագյանը նշանակվել էր Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Իսկ արդեն պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով:

Դեռևս 2021 թ. մարտի 11-ին, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի պաշտոնում նա  24News-ին հայտնել էր.

«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «The HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։

Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին»,- ասել էր Ավագյանը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով Բորիս Ավագյանի այս հայտարարությունը, նշել էր, որ Արցախի Հանրապետության նախագահի հասարակական հիմունքներով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը չի արտահայտել Արցախի Հանրապետության նախագահի տեսակետը: Հավանաբար հենց այս հայտարարության համար էլ Ավագյանն ազատվել էր Արցախում իր զբաղեցրած պաշտոնից, սակայն օրեր անց նշանակվել էր ԱԻՊԾ փոխնախարարի պաշտոնին: Դե իսկ ԱԺ-ում տեղի ունեցածից հետո Ավագյանն ազատվեց նաև այդ պաշտոնից:

Ինչևէ, պատմությունը բավականին խճճված է, և դժվար է հասկանալ դրա որ մասն է ճիշտ:

Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակում, երբ բոլոր կողմերից քննադատություններ են հնչում՝ ուղղված իշխանություններին, Բորիս Ավագյանի խոսքերը թիկունքից հարված էին իշխանությունների համար և իհարկե՝ չներվեցին:  

 

Բորիս Ավագյան հետաքննություն Պատերազմ Արցախ խմբագրի ընտրանի

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին