Ղարաբաղյան հարցի շուրջ միջազգային դիվանագիտության հանգամանքների առավել ուշադիր ուսումնասիրության դեպքում կարելի է եզրակացնել, որ Մոսկվան, չհրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերականգնումից, միաժամանակ ձգտում է կառուցողական երկխոսություն հաստատել Բաքվի և Երևանի միջև այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սկսեն խաղալ իրավիճակը սրելու վրա:
Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձում հիշատակեց Մոսկվայի դերը Ղարաբաղում, բայց ուրույն համատեքստում: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը ձգտում է աջակցություն ցույց տալ տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորմանը. արդեն շատ բան է արվել իրավիճակի կայունացման համար Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում»: Յուրօրինակությունն այստեղ այն է, որ Պուտինը երեք կոնֆլիկտները դրել է մեկ տեղեկատվական շարքում, թեպետ դրանք իրենց բնույթով տարբեր են: Հնարավոր է, որ դա թելադրել է ընդամենը շարադրանքի կառուցվածքը, բայց ինչ-որ ընդհանուր բան էլ կա՝ միջազգայնացումը և արտաքին խաղացողների ակտիվ մասնակցությունը երեք գործընթացներում, թե՛ դրանց զարգացման, թե՛ կարգավորման ջանքերում: Սա առաջինը:
Երկրորդ՝ և՛ ռուսական, և՛ արևմտյան փորձագետներն ասել են, թե «Ղարաբաղը վերածվում է Սիրիայի և Լիբիայի» միայն այն ժամանակ, երբ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիան ռազմաճակատի գոտի զինյալներ բերեց այդ երկրներից: Վերջապես, այդ երեք կոնֆլիկտներում ընդհանրություն է հայտնաբերել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, երբ հայտարարել է «աստանացման» մասին (համանմանությունը Սիրիայի կարգավորման Աստանայի համաժողովին), որը, նրա խոսքով, «տանում է Եվրոպայի հեռացմանը կարգավորման գործընթացից Ռուսաստանի և Թուրքիայի օգտին»:
Իսկապես, եռակողմ հաշտության համաձայնությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը վերջ դրեց ղարաբաղյան պատերազմին, ստորագրվել է առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներգրավման, Ռուսաստանի և Թուրքիայի միջև անակնկալ սփարրինգ գործընկերությամբ: Բայց արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում դադարեցրել է միայն Մոսկվան, երբ Անկարան կոչ էր անում Բաքվին «գնալ մինչև վերջ»: Ճիշտ է, մինչ այդ Մինսկի խումբը մասնակցել է երեք այսպես կոչված մարդասիրական հրադադարների պատրաստմանը, որոնք գրեթե անմիջապես խզվել են: ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, դրանից առաջ չգնացին, այն դեպքում, երբ Ռուսաստանը երկխոսություն սկսեց Անկարայի, Բաքվի և Երևանի հետ պատերազմը դադարեցնելու նպատակով, բայց արդեն այլ բանակցային ձևաչափով: Այժմ, ինչպես ասում էր հռոմեացի փիլիսոփա Սենեկան, «մարդկանց ավելի շատ հետաքրքրում է պատերազմի արդյունքը, ոչ թե պատճառները»:
Տեսանելի արդյունքը հետևյալն է: Պատերազմը դադարեցվել է, ռուսական խաղաղապահները տեղակայված են շփման գծում: Դեռևս կողմերից ոչ մեկը չի որոշել վերականգնել մարտական գործողությունները: Ռուսաստանն այժմ երաշխավորել է իրեն որպես միակ տերություն Կովկասում, որը կարող է խաղաղություն բերել: Ադրբեջանը վերադարձրել է յոթ շրջանները, որոնք կորցրել էր առաջին պատերազմի արդյունքներով, նաև Շուշին՝ ռազմավարական բնակավայր Հայաստանի և Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի միջև: Հայաստանին էլ հաջողվեց փրկել ամենակարևորը՝ կապող Լաչինի միջանցքը և բուն Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը դեռ պետք է որոշվի: Դրա շուրջն այժմ սկսում է թեժ ինտրիգ հյուսվել: Մինսկի խումբը հայտարարել է միջնորդական գործունեությունը վերսկսելու մտադրության մասին՝ համարելով, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորված չէ: Երևանը պաշտպանում է այդ դիրքորոշումը:
Միաժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով վերջերս Թյուրքական խորհրդի գագաթնաժողովում, հայտարարել է, որ «տարածքային միավոր «Լեռնային Ղարաբաղ» անվամբ այլևս գոյություն չունի»: Նա պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը Հայաստանը չի կարող անել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի: Այսինքն՝ Բաքուն փորձում է զրկել կոնֆլիկտը միջազգային կարգավիճակից և որակել այն որպես բացառապես տարածաշրջանային մակարդակի կոնֆլիկտ , որը կարելի է արդեն լուծել առանց լայն միջազգային միջնորդության, օրինակ՝ Բաքվի և Մոսկվայի երկխոսությամբ: Առավել ևս, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հաշտության համաձայնությունում նշված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը Ադրբեջանի Հանրապետության կազմում ինքնավարության կարգավիճակ է ունեցել: Ուրեմն ինչո՞ւ է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարից հետո կոչ անում հակամարտող կողմերին «առաջ շարժվել»: Հարց է ծագում՝ ուր և ինչպես:
Ղարաբաղյան հարցի շուրջ միջազգային դիվանագիտության խուսավարումների առավել ուշադիր ուսումնասիրության պարագայում կարելի է եզրակացնել, որ Մոսկվան, չհրաժարվելով ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի վերականգնումից, ձգտում է կառուցողական երկխոսություն հաստատել Բաքվի և Երևանի միջև այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես համանախագահ երկրներ, սկսեն փոխել իրենց դիրքորոշումները, խաղալ Թուրքիայի միջոցով իրավիճակը սրելու վրա՝ մերթ քաշելով այն իրենց կողմը, մերթ հեռացնելով: Առավել ևս, որ ինչ կողմից էլ նայես, ղարաբաղյան հարցի կարգավորման դիվանագիտական սցենարը խափանվել է հակամարտող կողմերի անզիջում դիրքորոշման հետևանքով: Այժմ դրան կարող են ավելանալ հակասությունները Մինսկի խմբի հիմնական համանախագահների միջև (նախ և առաջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի), եթե Ղարաբաղն օգտագործվի որպես տարածաշրջանում ուժերի դասավորության վրա ազդեցության գործիքակազմ: Իսկ արդյունքն այն է, որ ունենք ադրբեջանական և հայկական հասարակությունների շարունակվող քաղաքական-հոգեբանական առճակատում, որը հարթեցնելու համար պատմական մեծ ժամանակաշրջան կպահանջվի:
Ակնհայտ է դառնում, որ իրադարձությունների նման շարժընթացի և զարգացումների պարագայում կարող է ի հայտ գալ այսպես կոչված «երրորդ ուժ», և պարտադիր չէ՝ դրսից: Ահա ինչու ղարաբաղյան կարգավորումը նոր մոտեցումների կարիք ունի, քանզի մադրիդյան սկզբունքները ցույց են տվել, որ կենսունակ չեն և սուբստանտիվ բանակցությունների փոխարեն հանգեցրել են ռազմական ներխուժման բռնկումների 2016 և 2020 թվականներին: Բայց ո՞վ և ե՞րբ դրանք կառաջարկի:
Ստանիսլավ Տարասով