Ավստրալիայի փրկարար ծառայությունները պատմել են, որ երկրի հարավ-արևելքում՝ Նոր Հարավային Ուելսի նահանգում, անտառային հրդեհների մարմամբ զբաղվող ինքնաթիռը կործանվել է, երեք մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Sydney Morning Herald թերթին:
Այսօր տեղի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ կորցրել է կապը մեծ ռազմական ինքնաթիռի հետ, որն ուղարկվել էր Սնոուի Մոնարոյի շրջան:
Ըստ թերթի տվյալների՝ C-130 Hercules ինքնաթիռի բեկորները գտել են նահանգի հարավում՝ Կումա քաղաքից ոչ հեռու:
Նոր Հարավային Ուելսի նահանգի գյուղական հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիցսիմոնսն ասել է, որ միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ:
Ավստրալիայում բնական հրդեհների պատճառով, որոնք սկսվել են դեռ 2019 թ. սեպտեմբերին, այրվել են արդեն միլիոնավոր հեկտարներով հողեր, կրակը 27 մարդու կյանք է խլել: Հայտնի է, որ ավելի քան 2 հազար տուն ոչնչացել է: Սիդնեյի համալսարանի գնահատականներով՝ զոհվել է ավելի քան 1 մլրդ կենդանի: Որոշ շրջաններում կրակն այնքան ուժգին է, որ մարել այն օդից անհնարին է թվում: