ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արեւմուտքը պետք է հրաժարվի «զանգվածային հակառուսական պսիխոզից»: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, դա թույլ կտա երկխոսությունը հանգիստ շարունակել:
«Հավանաբար, մենք կարող ենք միայն բոլորին հորդորել հանգստանալ և հրաժարվել այդպիսի հակառուսական հսկայական պսիխոզից և կառուցողականորեն հանգիստ երկխոսություն վարել՝ գոյություն ունեցող տարաձայնությունները հաղթահարելու համար», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով Ռուսաստանի և մի շարք պետությունների միջև հարաբերությունների սրման վերաբերյալ հարցին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը այս լարվածության նախաձեռնողը չէ:
«Իսկապես, վերջերս որոշակի լարվածություն է առաջացել ... Ռուսաստանը, իհարկե, միշտ արձագանքում է որոշ անբարյացակամ հարձակումներին», - նշել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը Չեխիայի իշխանությունների մեղադրանքներն «բոլորովին անհիմն» է անվանել։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հասցեին վերջին մեղադրանքներից «ոչ մի հասկանալի բացատրություն» և ապացույց չի տրվել: