Մենք երեկ գրել էինք, որ իշխանությունները շարունակում են ճնշում գործադրել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ։ Եվ, որպես դրա հերթական դրսևորում, հիմա էլ քրեական գործ են հարուցել Վարդազարյանի դեմ։ Այս փաստը չեն հերքել դատախազությունից, մեզ հետ զրույցում չհերքեց նաև ԲԴԽ նախագահը, սակայն չցանկացավ մեկնաբանել՝ ինչ գործ է, ինչպես է վերաբերվում այս փաստին, արդյոք սա քաղաքական ճնշու՞մ է իր նկատմամբ, թե՞ ոչ։
Դատախազությունից, ի դեպ, հայտնել էին, որ հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, դրա համար էլ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը չեն ստացել։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն էլ հաստատել էր, որ Գլխավոր դատախազությունից գրություն է ուղարկվել իրենց, որ գործ կա հարուցված ԲԴԽ նախագահի դեմ։
Հարցին՝ ի՞նչ է արել, ինչի՞ համար են գործ հարուցել, Վարդազարյանն ասաց․ «Չեմ պատկերացնում, կգնամ Հատուկ քննչական ծառայություն, կիմանամ։ Հիմա չեմ ցանկանում մեկնաբանել որևէ բան»,-ասաց նա։
Իսկ հրավիրե՞լ են արդեն հարցաքննության, ԲԴԽ նախագահը հաստատեց, սակայն ասաց՝ օրը և ժամը դեռ պարզ չէ։ Մենք, սակայն, տեղեկացանք, որ նրան այսօր ժամը 5-ին են հրավիրել ՀՔԾ։ Մանրամասները ավելի ուշ կիմանանք և կհրապարակենք։