Հայաստանի շաշկու ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի վարպետ Նշան Ալավերդյանը վերջերս հրաշալի անակնկալ մատուցեց մարզաձևով զբաղվողներին, հետաքրքրվողներին և, պարզապես, երկրպագուներին՝ լույս ընծայելով «Շաշկին որպես տրամաբանության զարգացման միջոց» գիրքը: Հեղինակի գրադարանում այն թվով 6-րդն է:
Անկախի հետ զրույցում Նշան Ալավերդյանը խոսում է գրքի մտահղացման, բովանդակության և մեր օրերում տպագրության դժվարությանների մասին:
-Շնորհավորում ենք գրքի լույս ընծայման կապակցությամբ և բարի երթ մաղթում: Հատկապես ո՞ր շրջանակներին է ուղղված այն:
-Շնորհակալ եմ: Սա իմ թվով 6-րդ գիրքն է, մտահղացումն ունեցել եմ դեռևս 2002 թվականից, երբ տպագրվեց առաջին գիրքս:
Գիրքը նախատեսված է լայն շրջանակների համար: Նպատակն է ծանոթացնել հասարակությանը շաշկի խաղին, բացահայտել խաղի դժվարություններն ու գեղեցկությունը։
-Մարզաձևով զբաղվելու հարուստ փորձ ունեք, մարզիչ-մանկավարժ եք. հատկապես ինչու՞ է կարևոր շաշկի խաղալ իմանալը:
-Շաշկիով զբաղվելը կարևոր է մի քանի առումներով. 1-ին՝ մոտիվացիայի ստեղծում՝ հաղթելու, չեմպիոն դառնալու, գովասանքների արժանանալու, 2-րդ՝ տրամաբանությունը զարգացնելու, ուղեղը մարզելու, բնավորության ճիշտ գծեր կերտելու, օրինակ՝ ինքնուրույնություն, նպատակասլացություն և այլն, ձևավորելու կարգապահություն, համբերատարություն, 3-րդ՝ կտրվելու մերօրյա հեռախոսների և համակարգչային խաղերի կախվածությունից, բայց, ամենակարևորը, զարգացնելու, մարզելու ուղեղը, որը նաև դրական է ամդրադառնում ուսման մեջ հաջողություններ ունենալու վրա:
-Գրքի հրատարակաման հետ կապված եղե՞լ են խնդիրներ:
-Գիրք հրատարակելը շատ դժվար է: Այո՛, եղել են բարդություններ՝ սկսած նյութեր պատրաստելուց: Գրքի վրա աշխատել եմ գրեթե 4 տարի: Օրինակ՝ 720 խնդիրի համար խաղատախտակին հատ առ հատ խաղաքարերը դնելը երկարատև գործ է, հետո բոլորի պատասխանները հատ-հատ հավաքելը, գրելը, իսկ ամենադժվարը՝ գտնել-հավաքելն է այդ բոլոր խնդիրները և կազմել ըստ քայլերի քանակի՝ 2-5 քայլ: Այս ամենին գումարվում են նաև ֆինանսական խնդիրները, լավ խմբագիր գտնելը: Նշեմ, որ գրքի խմբագիրը վաստակաշատ լրագրող Արամ Ուգուջյանն է, ով անվճար խմբագրել է այն, իսկ համակարգչային ձևավորումը կրկին անվճար կատարել է Սմբատ Գուլյանը, որոնցից և շնորհակալ եմ: Գրքի կոշտ կազմը ընտրվել է դիմացկունության համար՝ հաշվի առնելով, որ լսարանի մեծ մասը երեխաններ են լինելու:
-Պահանջարկ ունե՞ն նմանատիպ գրքերն այսօր, վերջիվերջո համացանցից վայրկենական ինֆորմացիա կարելի է ստանալ:
- Մեր օրերում գիրք քիչ են կարդում, մանավանդ տպագրված, բայց այս գիրքը սովորական գիրք չէ, որ ընթերցես մեկ օրում և չօգտագործես: Այստեղ զետեղված են շաշկու հիմնական կարևոր գաղափարները, կոմբինացիաները, որոնք սովորելը շատ կարևոր է, իսկ 720 խնդիրները պետք է լուծել աստիճանաբար: Սան ունեմ, որ 3 անգամ բոլորը լուծել է 2 տարվա մեջ՝ վերհիշելու համար, քանի որ բոլորը դժվար է հիշել:
Նախորդ գրքերս շատ արագ սպառվել են, և փաստացի այս գիրքը նույնպես ունի մեծ լսարան. մոտ 500 սան ունենք շաշկիով զբաղվող, բայց տպագրվել է 150 օրինակ, որից 20-ը պետք է արտերկիր ուղարկեմ:
Նշեմ նաև, որ առաջինն եմ, որ 2002 թվականին հրատարակել եմ շաշկու մասին հայերեն գիրք և մինչև հիմա էլ շարունակում եմ տպագրել,նաև առաջին հայ շաշկու կոմպոզիտորն եմ, ով խնդիրներ, էտյուդներ է ստեղծում: Ունեմ 1500-ից ավել հեղինակային դիրքեր: Իմ խնդիրները հիմա էլ ակտուալ են և տպագրվում են ոչ միայն տեղական մամուլում, այլև արտասահմանյան թերթերում ու ամսագրերում: