Դուք անգամ մեր միջնորդությունը քննարկելու կարիք չունեիք, դուք արդեն պետք է դադարեցրած լինեիք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հիմա քննարկում եք հարց, թե նիստը հետաձգեք մինչև երեքշաբթի օրը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ մասշտաբի օրինախախտում եք անում, դուք արդեն հացագործության եք մոտենում: Այս մասին Մարտի 1-ի գործով դատական նիստին, դիմելով նախագահող Աննա Դանիբեկյանին, ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդության բավարարմանը:
«Չեմ ուզում դատարանը վիրավորած լինել, դուք հիմա փաստարեն մտադրվել եք քրեական հետապնդումը շարունակել մի հոդվածով, որը ուրբաթ օրվանից այլևս գոյություն չունի: Դուք լուրջ պատրաստվում եք դա անե՞լ, դուք դա դատախազների հետ համաձայնացրե՞լ եք արդեն: Դուք արդեն նախապատրաստե՞լ եք սցենար, որ այդպես եք անելու, դուք պատրաստվում եք մինչև երեքշաբթի քրեական հետապնդումը շարունակել, որպեսզի հետո էլ դատախազները հնարավորություն ստանան ինչ-որ մեղադրանքներ փոխել: Ու դուք պատկերացնում եք, որ դրա տակից կարող եք դուրս գա՞լ, կամ նրանք, ովքեր ձեզ այդ հրահանգը տվել են»,-ասաց պաշտպանը:
Նախագահող դատավորը ընդհատեց պաշտպանի ելույթը, նրա դիտարկմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Նշենք, որ իր ելույթը ընթացքում Հայկ Ալումյանը հիշեցրել էր, որ մարտի 26-ի որոշման հաջորդ օրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատարանի էլեկտրոնային հասցեին են ուղարկել միջնորդություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատամբ քրեական հետապնդումը դադարեցվի, քրեական գործով վարույթը կարճվի, խափանման միջոցը փոխվի և դատարանը պարտավորեցնի քրեկան հետապնդում իրականացնող մարմիներին գրավոր ներողություն հայցել Ռոբերտ Քոչարյանից:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քրեկան օրենսգրքի 300.1 հոդվածը, այսինքն սահմանադրական կարգի տապալման հոդվածը մարտի 26-ից չկա: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Համբարձումյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու մեջ, իսկ մյուսները՝ սահմանադրական կարգը տապալելու: