ԱՄՆ-ն մտադիր է Չինաստանի հետ ինչպես մրցակցային, այնպես էլ համագործակցային հարաբերություններ պահպանել։ ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Ալյասկայում չինական կողմի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Գրում է Gazeta.ru-ն։
«ԱՄՆ-ի հարաբերությունները Չինաստանի հետ մրցակցային կլինեն այնտեղ, որտեղ պետք է, համագործակցային որ դեպքերում հնարավոր է, և առճակատային, երբ անհրաժեշտ լինի», նշել է Բլինկենը:
Պետդեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Վաշինգթոնը մտադիր է Պեկինի հետ ուղղակիորեն խոսել խնդրահարույց հարցերի ու ամերիկյան կողմի առաջնահերթությունների մասին:
Ալյասկայի Անկորիջ քաղաքում Չինաստանի և ԱՄՆ-ի առաջին բանակցությունները սկսվել են ամերիկյան վարչակազմի փոփոխությունից ի վեր:
Բանակցություններում Միացյալ Նահանգները ներկայացնում են պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, ՉԺՀ կողմից՝ արտաքին գործերի նախարար Վան Ին և Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների նախօրեին կողմերը միմյանց նկատմամբ բոլորովին այլ պահանջներ են առաջադրել: