Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ բռնցքամարտի Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին 30 երկրների շուրջ 220 բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականը հանդես եկավ 8 մաչզիկով: Ստրանջայում հայ մարզիկները 4 մեդալ նվաճեցին՝ 1 արծաթե, 3 բրոնզե:
+91 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Գուրգեն Հովհաննիսյանը Անկախի հետ զրույցում կիսվում է տպավորություններով և խոսում առաջիկա ծրագրերի մասին:
- Շնորհավորում ենք Բուլղարիայում հաջող ելույթներ ունենալու և մեդալակիր դառնալու կապակցությմաբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել և ի՞նչ տրամադրվածությմաբ մեկնեցիք մրցավայր:
-Շնորհակալ եմ։ Երկար դադարից հետո թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեբանորեն
բավականին բարդ էր նորից վերադառնալ լավ ֆիզիկական վիճակի։ Այդ իսկ պատճառով մրցաշարի հաստատման հետ սկսեցինք Ծաղկաձորյան հավաքը, որի ընթացքում աշխատել ենք ֆիզիկական պատրաստվածության ու դիմադրողականության բարձրացման ուղղությամբ, իսկ արդեն պատրաստման վերջին փուլում կենտրոնացել ենք տեխնիկայի կատարելագործման վրա։
Տրամադրվածությունս պատրաստման օրերից սկսած եղել է միայն դրական։ Իսկ ռինգ մտնելիս միայն ուժեղ լինելը քիչ է պետք է նաև հոգեպես քեզ կոփված լինել։
- Կիսաեզրափակչում պարտվեցիք Ուզբեկստանի ներկայացուցիչ Բախոդիր Յալոլովին, որը հետագայում դարձավ մրցաշարի չեմպիոն: Դուք Ձեր ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:
-Ընդհանուր առմամբ գոհ եմ անցկացրածս մենամարտերից, որոնցից մեկն ավարտեցի տեխնիկական նոկաուտով։ Կուզենայի առանձնացնել մրցակիցներիցս մեկին, որն ազգությամբ ուզբեկ , գործող աշխարհի չեմպիոնն էր։ Այդ մենամարտը հնարավորություն տվեց ռինգում իմ լավագույն կողմերը դրսևորել որպես մարտիկ և նոր հմտություններ ձեռք բերել։
-Ի՞նչ տվեց ՁԵզ մասնակցությունն այս մրցաշարին:
-Այս մրցաշարն առաջին հերթին փորձ էր տևական դադարից հետո, երկրորդ հերթին՝ ինքնավստահության բարձրացման և ինքնակատարելագործման միջոց։ Առհասարակ ամեն մրցաշարի ժամանակ փորձում եմ հասկանալ, թե ինչ թերություններ ու բացթողումներ ունեմ, որպեսզի հետագայում կենտրենանամ դրանց շտկման վրա։
-Ի՞նչ եք զգում, երբ ներկայացնում եք հայոց եռագույնը միջազգային հարթակում: Կա՞ պատասխանատվություն:
-Իհարկե պատասխանատվությունը շատ մեծ է, երբ հասկանում ես, որ դա էլ իր հերթին մի առաքելություն է։ Ւսկ հիմա եռագույնը միջազգային ասպարեզում ծածանելը առավել քան պարտավորեցնող է, որովհետև ամենքս մեր հնարավորության սահմաններում պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր ազգը եղել է և մնում է ուժեղագույններից մեկը։ Շնորհակալ եմ և խոնարհվում եմ Արցախյան 3-րդ պատերազմում զոհված հայորդիներին, հանձինս 19-ամյա Միշա Հարությունյանի, ում նվիրեցի իմ հաղթանակը։
-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք
-Բավականշատ ծրագրեր ունենք, փորձելու ենք նախորդ տարվա բացը լրացնել։ Այժմ հավաքի եմ և պատրաստվում եմ ապրիլի 17-ին Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայանալիք մրցաշարին։ Այնուհետև Փարիզում կայանալու է առավել կարևոր ստուգատես` վարկանիշային մրցաշարը։