f

Անկախ

Ի՞նչ  է ղարաբաղյան պատերազմն ասում լիբերալ միջազգային կարգի մասին. Eurasianet (ԱՄՆ)


Լիբերալ աշխարհակարգի անկումը և ԱՄՆ-ի հետաքրքրության կորուստը ծայրամասային տարածաշրջաններում վիթխարի երկարաժամկետ ռազմավարական ինտերվենցիաների նկատմամբ հնարավորություն տվեցին Բաքվին արագ և վճռական հաղթանակ տանելու Ղարաբաղում: Հեղինակը՝ Բիրմինգհեմի համալսարանի պատվավոր գիտաշխատող Գևորգ Օսկանյանը, Հայաստանի և Ադրբեջանի զինված հակամարտությունը դիտարկում է որպես նոր դարաշրջանի առաջին միջպետական պատերազմ:

Միջպետական հարաբերությունների հին համակարգի քայքայումը բարիք դարձավ Ադրբեջանի համար, սակայն խարխլեց Հայաստանի դիրքերը: Ապագան ծածկված է մշուշով:

Մենք ապրում ենք անորոշության դարաշրջանում. Այն կարգը, որ սառը պատերազմի ավարտից հետո որոշում էր միջազգային քաղաքականության հիմնական պարամետրերը, բախվում է աննախադեպ մարտահրավերների: Անցած տարվա կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարելի է դիտարկել որպես այս նոր դարաշրջանում առաջին միջպետական պատերազմ, այդ իսկ պատճառով դրա նշանակությունը դուրս է Կովկասի սահմաններից: Ի՞նչ կարող է վերջին ղարաբաղյան պատերազմը պատմել այն երևույթի ճակատագրի մասին, որը միջազգայնագետներն անվանում են «լիբերալ միջազգային կարգ»:

Լիբերալ միջազգային կարգը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջպետական հարաբերությունների համակարգ է, որը պաշտպանվում էր ամերիկյան հզորությամբ և խոստանում էր ավելի խաղաղ ու կարգավորված աշխարհ՝ հիմնված ժողովրդավարացման, միջազգային իրավունքի և տնտեսական ինտեգրացման վրա: Եվրոպայում, որտեղ տվյալ նորմերն առավել լիակատար են իրացվել, այդ կարգն ընդլայնվում էր ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության շնորհիվ: Ստեղծվեցին նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Եվրոպայի խորհուրդը և ուրիշներ, որպեսզի լիբերալ ինտերնացիոնալիզմի բարիքները տարածվեն նաև նվազ հաջողակ, այդ ընդլայնվող գոտուց դուրս մնացած պետություններում, ներառյալ Հարավային Կովկասը:

Մինչև 2000-ականների վերջն այդ կարգն անսասան էր թվում: Բայց 2008 թ. համընդհանուր ֆինանսական ճգնաժամը, Իրաքի և Աֆղանստանի պատերազմների հետևանքները, Չինաստանի վերելքը և պոպուլիզմի աճը Արևմուտքում այն կասկածի տակ դրեցին: Խաղաղության ապահովման և լիբերալ արժեքների տարածման միջոցով բարգավաճման խոստումների նկատմամբ վստահությունն արագ ընկավ:

Այն փաստը, որ  հետխորհրդային տարածքում բոլոր «սառեցված» կոնֆլիկտներից  ամենաարյունահեղն ու դաժանը կրկին ակտիվացավ լիբերալ աշխարհակարգի թուլացման խորապատկերում, պատահականություն չէր: Այն նորմերի ու արժեքների նշանակության նվազումը, որոնք նախկինում ցուցադրվում ու ընկալվում էին որպես ինչ-որ ինքնին բնական կամ հասկանալի բան, նշանակալի դեր խաղաց դրա «ապասառեցման» խնդրում:

Անկասկած, լիբերալ միջազգային կարգի դիրքերը Հարավային Կովկասում միշտ էլ համեմատաբար թույլ են եղել: Նույնիսկ Վրաստանի ու Ադրբեջանի դեպքում, որոնց միջև դասավորվել են քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ տարածաշրջանում, էներգետիկ համագործակցությունը և ներդրումների հոսքերը չվերաճեցին առավել ինստիտուցիոնալ երկկողմ ինտեգրացիայի:

Ավելին, տարածաշրջանի երեք պետությունները, ինքնաբուխ և շատ տարբեր աստիճանի, նախընտրեցին համագործակցել լիբերալ հանրային բարիքների հիմնական «մատակարարների»՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Մահացու թշնամանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև զսպվում էր ոչ թե միջազգային իրավունքին հարիր լիբերալ նորմերի նկատմամբ ձեռք բերված հարգանքով, այլ հիմնականում հավասարակշռությամբ՝ ապահովված Ռուսաստանի կողմից, որը հաճույքով զենք էր մատակարարում երկու կողմերին էլ:

Այժմ հստակ ըմբռնում կա, թե ինչը խախտեց այդ հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանի ղեկավարությունն էապես, իր համար ճակատագրական հետևանքներով, թերագնահատեց իր հնարավորությունների և Ադրբեջանի հնարավորությունների տարբերությունը և սկսեց վճռական արտաքին քաղաքականություն վարել, ինչը չէր կարող թույլ տալ իրեն: Հայաստանը նաև ճիշտ չգնահատեց կոնֆլիկտին միջամտելու թե՛Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի պատրաստականությունն ու ունակությունը, նաև  հանկարծակիի եկավ տարածաշրջանի քաղաքականության փոփոխությունից, ներառյալ, առաջին հերթին, Թուրքիայի շատ ավելի զավթողական արտաքին քաղաքականությունը: Հանրագումարում այդ բոլոր գործոնները Բաքվին պատերազմ սկսելու և վճռական հաղթանակ տանելու հնարավորություն տվեցին:

Բայց վերը բերված բանաձևում բացակայում է մի տարր, այն, թե ինչպես լիբերալ միջազգային կարգի անկումը հնարավոր դարձրեց այս ամենը:

Պատկերացրեք, թե որքան է փոխվել պատկերը վերջին 10 տարում:

2010 թ. Միացյալ Նահանգները դեռ ուժ էր Հարավային Կովկասում, որի հետ հարկ էր հաշվի նստել: Նա Վրաստանի անդամությանն էր հասնում ՆԱՏՕ-ում, առաջ էր տանում այն ծրագրերը, որոնցով էներգետիկ միջանցքներ էին բացվում Ադրբեջանի և Եվրոպայի միջև՝ շրջանցելով Ռուսաստանը,  ակտիվորեն մասնակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ լինելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման միջնորդ: Վերջին շրջանում Եվրամիության  ստեղծած Արևելյան գործընկերության մեջ՝ կառուցված լիբերալ նորմատիվ բազայի հիման վրա, տարածաշրջանի բոլոր երեք մայրաքաղաքներում տեսնում էին զարգացման այնքան ցանկալի կարճ ուղին: Բացի այդ, Միացյալ Նահանգները և նվազ չափով եվրոպացիներն այն ժամանակ ի վիճակի էին համոզելու Թուրքիային՝ ԵՄ անդամության թեկնածուին, շարունակել «ֆուտբոլային դիվանագիտությունը» Երևանի հետ, քանի որ նա այն ժամանակ կարծում էր, որ իր անվտանգության հարցը կապված է ՆԱՏՕ-ի հետ և անբաժանելի է այդ բլոկից: Տարածաշրջանի պետությունները ստիպված էին ընտրելու արտաքին քաղաքականության վեկտորն այն իրավիճակում, որը պայմանավորված էր Ռուսաստանի և Արևմուտքի (լայն առումով) միջև:

Այն ժամանակից անցել է տասը տարի, և իրավիճակը փոխվել է անճանաչելիության չափ: Միացյալ Նահանգները կորցրել է հետաքրքրությունը ծայրամասային տարածաշրջաններում վիթխարի երկարաժամկետ ռազմավարական ինտերվենցիաների նկատմամբ և մեծ հաշվով արտաքին քաղաքականության մեջ հրաժարվել է «արժեքներին» նվիրվածություն ցուցադրելուց: ԱՄՆ-ն գրեթե որևէ դեր չխաղաց երկրորդ ղարաբաղյան պատերազմի հետ կապված բանակցություններում: Արևելյան գործընկերությունը վերածվել է հախուռն պայմանավորվածությունների սերիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ, որոնք այժմ արդեն շատ ավելի քիչ են հակված ընդունելու միակողմ պարտադրված արդիականացման փաթեթները և ընտրում են միայն այն նախաձեռնությունները, որոնք ձեռնտու են իրենց:

Ղարաբաղյան կոնֆլիկտի ժամանակ՝ միջազգային մարդասիրական իրավունքի խոշորամասշտաբ խախտումներով, Բրյուսելի արձագանքը հանգեց «մտահոգություն» անարդյունավետ արտահայտությանը: ԱՄՆ-ի և ԵՄ-ի ազդեցության անկումը հնարավորություն տվեց միջակ պետությանը՝ Թուրքիային, ընտրելու սեփական, համառ արտաքին քաղաքական ուղին և հարևան տարածաշրջաններում գտնվող արբանյակներին ինքնուրույն ներկայացնելու «ծառայությունների սպեկտրը»:

Փոքր և ճկուն քաղաքականություն վարող, մի քանի ճակատներով խաղալու ունակ երկրների համար, որպիսին Ադրբեջանն է, դեպքերի նման զարգացումը շնորհ էր: Մասնավորապես Թուրքիայի փոխակերպումը ինքնուրույն խաղացողի Բաքվին լծակներ տվեց Ռուսաստանի դեմ: Փոքր, տարբերակների ավելի սահմանափակ ընտրություն ունեցող երկրների համար, որպիսին Հայաստանն է, այդ դեպքերը աղետալի դարձան: Վաղուց ստեղծված իրավիճակի հետևանքով, երբ Մոսկվան ազդում է Երևանի արտաքին քաղաքականության մշակման և անվտանգության քաղաքականության վրա (ինչը մեծապես բացատրվում է Թուրքիայի նկատմամբ վերջինիս անվստահությամբ՝  խոր արմատավորված պատմականորեն), Հայաստանը, պարզվեց, շատ ավելի քիչ էր պատրաստված աշխարհի արագ և անկանկախետեսելի փոփոխություններին, որտեղ խուսանավելը անցյալի պարզ, երկանդամ տարրերի միջև (Արևելք կամ Արևմուտք, ժողովրդավարություն կամ ավտորիտարիզմ) արդեն բավարար չէր:

Ինչ-որ անցողիկ երևո՞ւյթ, թե՞ նոր բնականոնություն

Վերը նկարագրվածի հետևանքները Հարավային Կովկասի սահմաններից շատ հեռուն են գնում: ԱՄՆ-ում հարցն այն է, թե նոր վարչակազմը, որը, ըստ ամենայնի, շատ ավելի է հավատարիմ լիբերալ միջազգային կարգի սկզբունքներին, ինչքանով կկարողանա վերացնել այն վնասները, որ հասցվել են ինստիտուցիոնալ և նորմատիվ սահմանափակումներին, որոնք մի ժամանակ տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողները, ընդ որում, ոչ միայն Հարավային Կովկասում, համարում էին ինքնին հասկանալի ու բնական:

Տեղի կունենա՞ արդյոք առաջիկա տարիներին վերադարձ այն կաղապարներին, որոնք գոյություն ունեին մինչև Թրամփը, թե՞ կձևավորվի նոր, ավելի զուսպ և նվազ զավթողական արտաքին քաղաքականություն: Թրամփի շրջանը անցողի՞կ էր, պարզապես միջանկյալ դիպվա՞ծ, թե՞ այն   վեր հանեց ինչ-որ ավելի խոր, կառուցվածքային բան:

Ամեն դեպքում այն հարցը, թե կկարողանա արդյոք նոր թիմը Վաշինգտոնում հաջողությամբ դիմակայել լիբերալ միջազգային կարգին նետված մարտահրավերներին (եթե այո, ապա ինչպես), նշանակություն կունենա Ամերիկայի սահմաններից շատ ավելի հեռու եզերքներում:

Այն նշանակություն կունենա վերազգային ինստիտուտների համար, ինչպիսին է  Եվրամիությունը, որ կառուցված է լիբերալ սկզբունքներով և մինչ օրս ցույց է տալիս ավելի կոպիտ քաղաքական-ուժային գործիքները կիրառելու անկարողություն (դրանց կիրառումն առայժմ զգալի չափով փոխանցված է ԱՄՆ-ին  ՆԱՏՕ-ի միջոցով), որոնք անհրաժեշտ են այս ավելի ոչ լիբերալ ժամանակներում: Դա նշանակություն կունենա նաև միջակ՝ Թուրքիայի նման տերությունների համար հեգեմոնների թուլացման դարաշրջանում սեփական քաղաքական ինքնավարության  սահմաններն ընդլայնելու կարողության տեսանկյունից:

Այն նշանակություն կունենա նաև փոքր պետությունների համար, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, արտաքին քաղաքականության ոլորտում սահմանելով նրանց համար մատչելի տարբերակները, քանի որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը, լիբերալ արժեքների կենսունակությունը և Լեռնային Ղարաբաղի շուրջ պաշտոնական բանակցությունները հարցականի տակ են դրվել:

Մենք ականատես ենք հնին վերադառնալու ջանքերի՞ն (վերջին ճիգերով), նորին ավելի պրագմատիկ հարմարվելո՞ւն, թե ինչ-որ  միջին երևույթի: Արդյունքը մեծ նշանակություն կունենա առանց այդ էլ բարդ տարածաշրջաններում, ինչպիսին Հարավային Կովկասն է:

Բնագիրը՝ What the Second Karabakh War tells us about the liberal international order

 

 

 

Աշխարհում արցախյան պատերազմ լիբերալ աշխարհակարգ

Այլ հոդվածներ հեղինակից

Յութուբյան հայտնի Perfect.tv ալիքը Նիկոլ Փաշինյանից երես է թեքել
ՀԱՐՑԵՐ և ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
Ընտրակաշառք բաժանելու և միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ. ՀՔԾ
Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան
Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերգեյ Համբարձումյանը
Վաղվա ընտրությանը մասնակցում եմ #կապիտուլանտ իշխանության վիժեցրած ու իմ երազած Հայաստանը կառուցելու համար
«Հայաստան» դաշինքի համար 24 տպագրված քվեաթերթիկի վրա առկա է չնախատեսված նշում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի ապօրինի ձերբակալությամբ գործող իշխանությունը մեր երկրում քաղաքական հետապնդումների մի նոր բացասական չափանիշ է սահմանում.Վազգեն Մանուկյան
Արայիկ Հարությունյանը ևս խախտում է լռության օրը
«Պատիվ ունեմ» դաշինքից 9 հոգու ձերբակալել են. խուզարկություններ...
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին. «Իզմիրլյան բժշկական կենտրոն»
Քիչ առաջ խռխռացող դավաճանի անձնական իրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի մեր գրասենյակ. Արսեն Բաբայան
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը
Երիտասարդները հանրահավաքից հետո մաքրել են Հանրապետության հրապարակը (լուսանկար)
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԸՀ նախագահի հետ
Աստղաշեն եւ Պատարա գյուղերի միջեւ նոր բնակավայր է կառուցվում
Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն․ Գագիկ Սուրենյան
Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ
Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան
Արտահերթ ընտրությունների լուսաբանման համար մոտ հինգ տասնյակ օտարերկրյա ԶԼՄ է հավատարմագրվել
Արմեն Սարգսյանի հրամանագրով սրտային վիրաբույժ Միհիր Սուսանին պարգևատրվել էր Մխիթար Հերացու մեդալով
Կարեն Կարապետյանին նկատել են «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբից դուրս գալուց
Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը
Ավելին
Ավելին