ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյան հայտարարել է, որ չինական կողմը մտադիր է շարունակել համագործակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը պարզելու հարցում: Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությունն արվել է Ազգային ժողովրդական կոնգրեսի տարեկան նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսի շրջանակներում: Նրա խոսքերով՝ Չինաստանի իշխանություններն աջակցում են ԱՀԿ մասնագետների ջանքերին՝ ուսումնասիրելու և գտնելու կորոնավիրուսային վարակի ծագման աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՀԿ-ն հրաժարվել է նախնական զեկույց հրապարակել Ուհան կատարած ուղևորության արդյունքների մասին:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անվանումը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: