Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեն Հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով և առանց խախտումների։
«Վստահորեն հավատացնում եմ, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու։ Երևի Հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով և առանց խախտումների»,- ասաց Միքայելյանը։
Խոսելով իրենց կուսակցության մասին՝ վերջինս ասաց, որ եթե իրենց իշխանությունները գնան պատմության գիրկը, պետք է այնպիսի հիմք դնեն, որ այս երկրում իշխանություն ձևավորի միայն ժողովուրդը, ոչ թե անհատները։
«Նիկոլ Փաշինյանը ուրիշ քայլերի երբեք չի գնա։ Եվ քայլ առ քայլ տանում է դեպի բարելավում։ Ուրիշ քայլեր ասելով նկատի ունեմ, որ այն ինչ արվել է այս երկրում, ի սպառ վերացավ։ Եթե մեր իշխանությունները գնան պատմության գիրկ, պիտի նենց հիմք դնենք, որ այս երկրում իշխանություն ձեւավորի միայն ժողովուրդը, ոչ թե անհատները։ Ոնց 27-ին եղավ, նման պրոցեսով, երբ կրակեցին մեր պետության վրա։ Երբ եկան իշխանության, կամաց-կամաց իրենց տեղն ամրապնդեցին, արդյունքում մենք ունեցանք այն երկիրը, որն ունենք, այսինքն՝ մասնատված։ Ազգը մասնատում էին, որ ավելի կառավարելի լինի»։