Երեւանի մետրոպոլիտենն այս տարի նշելու է 40-ամյակը: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Ավետիսյանը:
«Մենք չենք նախատեսում շքեղ տոնախմբություններ անցկացնել: Լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվելու, որոնք ցույց կտան մետրոպոլիտենի կառուցման եւ զարգացման պատմությունը: Մետրոպոլիտենի աշխատակիցները տոնի առթիվ առանց ուշադրության չեն մնա»,- ասաց նա:
Ավետիսյանի խոսքով` մետրոյի արդիականացումը սկսվել է 2010 թվականին` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությամբ:
«Առաջին փուլում արդիականացվեց շարժակազմը, վագոնների լվացման կենտրոն եւ մասնագետների վերապատրաստման կենտրոն ստեղծվեց: Այժմ արդիականացումը երկրորդ փուլում է եւ կապված է ջրահեռացման թունելների ներդրման հետ»,- պարզաբանեց տնօրենի պաշտոնակատարը:
Բոլոր հրատապ խնդիրները, նրա խոսքով, գտնվում են մետրոյի ղեկավարության ուշադրության կենտրոնում. dդրանցից մեկը հնացած սարքավորումներն են, որոնք թարմացման կարիք ունեն:
«Մեկ այլ խնդիր, որը մետրոպոլիտենը փորձում է լուծել, սերնդափոխությունն է: Կադրերի պակաս կա: Հաշվի առնելով այն, որ երկրում մասնագիտացված կրթական հաստատություններ չկան, գիտելիքները երիտասարդներին փոխանցվում են մեր փորձառու մասնագետների միջոցով»,- հավելեց Գեւորգ Ավետիսյանը:
Նա նշեց մետրոպոլիտենին կից հիմնադրամի ստեղծման կարեւորությունը, որը թույլ կտար շատ խնդիրներ լուծել: «Մեզ համար առաջնայինն անվտանգության մակարդակի բարձրացման խնդիրն է»,- եզրափակեց տնօրենի պաշտոնակատարը: