f

Անկախ

Դատարան դիմելը կթանկանա․ քաղաքացիների արդարադատության իրավունքը սահմանափակելով փորձում են լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը


Դատարանի միջոցով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունն առաջիկայում կարող է ոչ բոլորին հասանելի լինել։ Ընթացիկ քառօրյայում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների Կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքերն ավելացնել 4 անգամ։

Կառավարության հիմնավորմամբ՝ վերջին 20 տարիներին բարելավվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ավելացել է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշը և միջին աշխատավարձը, սակայն դատարան դիմելու պետական տուրքերի փոփոխություն տեղի չի ունեցել։ Ավելին, որպես տուրքի բարձրացման հիմնավորում Կառավարությունը նշում է, որ դատական համակարգի գործունեության արդյունքում ստացվող գումարները շատ ավելի փոքր են, քան համակարգի պահպանման ծախսերն են։

Հետևաբար, հաշվի առնելով, որ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարելավվել են 4 անգամ, գործադիրն առաջարկում է նույնքան էլ բարձրացնել դատարան դիմելու տուրքը։ Ըստ այդմ՝ առաջին ատյանի դատարան դիմելու առավելագույն տուրքը կկազմի 25 մլն դրամ, վերաքննիչի դեպքում՝ 15 մլն դրամ, իսկ վճռաբեկի դեպքում՝ 10 մլն դրամ։

Փաստաբան Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման դրույթն իրականությանը չի համապատասխանում, հետևաբար այդ հիմքով պետական տուրքերը բարձրացնելը հիմնավորված չէ։

«Նման պայմաններում դատարան դիմելու պետական տուրքի ավելացումը խոչընդոտ է հանդիսանալու  դատարան դիմելու մատչելիությանը։ Քաղաքացին,  չունենալով այդ գումարները պետական տուրքը վճարելու համար,  ստիպված ձեռնպահ է մնալու իր խախտված իրավունքը դատական միջոցով վերականգնելուց  կամ հետաձգելու է իր պահանջի քննությունը դատարանին հանձնելու պահը։ Այսպիսով  խախտվում է մարդու դատական պաշտպանության իրավունքը և դատարանի մատչելիության սկզբունքը»,- ասում է Մելիքյանը։

Փաստաբանը նշում է, որ 20-ից ավելի  տարիներ պետական տուրքի անփոփոխելիության պայմաններում  վերջին մի քանի տարիներին աստիճանաբար ավելանում էր  դատարան դիմելիությունը։ Մինչդեռ տուրքի բարձրացումը հանգեցնելու է նրան, որ դատարան դիմելու ցուցանիշները սկսեն նվազել։

«Անձը, երբ դիմում է դատարան, համարում է, որ խախտվել է իր այս կամ այն իրավունքը։ Ապագայում, եթե նրանց անգամ 5 տոկոսն էլ դատարան դիմելու մատչելիության խնդիր ունենա, կստացվի, որ նրանց իրավունքները խախտվել են հենց այս պատճառով»,- ասում է նա։

Մելիքյանը շեշտում է նաև վարչական դատարան դիմելու համար նվազագույն 4000 դրամ սահմանելու խնդիրը։ Ասում է, որ այսպիսով խախտվում է հատկապես վարորդների իրավունքը՝ անիմաստ դարձնելով, օրինակ, 5000 դրամանոց տուգանքները բողոքարկելը։

«Հիմա բազմաթիվ տուգանքի տեսակներ կան, որոնք ընդամենը 5000 դրամ են։ Երբ վարորդը դիմում է փաստաբանի ծառայության ու տեղեկանում, որ 4000 դրամ պետական տուրք պետք է վճարի բողոքարկման համար, ասում է՝ 1000 դրամ էլ կավելացնի,  կմուծի և դատական քաշքշուկ էլ չի լինի։  Այսինքն՝ ակամայից ստացվում է, որ այդ տուգանքները դառնում են անբողոքարկելի»,- ասում է նա։

Փաստաբանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխության ներքո նաև թաքնված նպատակ կա՝ լուծել   դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը։ «Բայց դատարանի ծանրաբեռնվածության խնդիրն այսպես չեն լուծում»,- ասում է նա՝ հավելելով, որ դատարանները քաղաքացիների համար ոչ մատչելի դարձնելը խնդիրը չի լուծում, դրա համար պետք է ապահովել ավելի մատչելի համակարգ և ավելի շատ դատավորներ։

Փաստաբանը նաև մատնանշում  է դատարաններն արհեստականորեն ծանրաբեռնելու խնդիրը։ Ասում է՝ պետական մարմինների դեմ բոլոր դատական գործերը, ակտերը, անկախ բնույթից, պարտադիր բողոքարկվում են վերադասության կարգով։ «Պետական մարմինների ներկայացուցիչները պատշաճ կերպով դատարան չեն ներկայանում, նիստերին չեն մասնակցում, նիստի ընթացքում որևէ դրույթ չեն վիճարկում, բայց պարտադիր բողոքարկում են վերադասության կարգով։ Սա արդեն ակամա  բերում է դատարանների ծանրաբեռնվածության»,- ասում է Մելիքյանը՝ առաջարկելով նախ այս խնդիրը լուծել, ոչ թե պետական տուրքն ավելացնել։

«Քաղաքացիների իրավունքները սահմանափակելու փոխարեն կարելի է պետական համակարգի արդյունավետությունը բարձրացնել»,- ասում է նա։

Նշենք, որ փաստաբանի մատնանշած խնդիրները նախագծի վերաբերյալ եզրակացությունում ներկայացրել է նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը։ Այն  ևս նշում է, որ նախագծի ընդունումը կարող է  արդարադատության մատչելիության և  դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման խնդիր առաջացնել։

«Տվյալ պարագայում, օրինակ, 5000 դրամի չափով վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմումի համար 4000 դրամ պետական տուրքի սահմանման դեպքում անձը պարզապես չի դիմի դատարան: Այսինքն՝ նման կարգավորումն արհեստական խոչընդոտ է ստեղծում դատական պաշտպանության համար: Հետևաբար, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի դիրքորոշումները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները, կարծում ենք, նպատակահարմար է պետական տուրքի դրույքաչափերի աստիճանաբար աճող մեխանիզմ սահմանել»,- ասված է եզրակացությունում:

ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը նաև ճիշտ չի համարում դատարանների պահպանման ծախսերն ուղղակիորեն արդարադատության իրականացման հետ կապելը: «Որեւէ ակտով սահմանված չէ, որ արդարադատության իրականացման ծախսերը պետք է ամբողջությամբ ծածկվեն դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարներով, քանզի արդարադատությունը, որպես հանրային գործառույթ, չի կարող վերաբերել բացառապես գործին մասնակցող (պետական տուրք վճարող) անձանց: Արդարադատության մատչելիությունն ու պատշաճ իրականացման կազմակերպումը մեծապես շոշափում են հանրային և  պետական շահը»,- ասված է եզրակացությունում:

Ինչևէ, ոչ մասնագետների կարծիքը, որ էլ մասնագիտական եզրակացությունը չեն խանգարել, որ պատգամավորները կողմ քվեարկեն օրինագծին։

 

 

արդարադատություն դատարան պետական տուրք իրավունք վարորդ

Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է․ ուղիղ
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը երկկողմանի փակ է
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
«Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Ավելին
Ավելին