Հայաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ռազմագերիների վերադարձի հարցի քաղաքականացնումն Ադրբեջանի կողմից: Այս մասին փետրվարի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը`:
Այս հարցը, նրա խոսքով, ամենակարեւորներից մեկն է հայկական կողմի համար:
«Այս կարեւորագույն հումանիտար կենսական խնդրի քաղաքականացումն անընդունելի է, ինչը հաստատում են նաեւ միջազգային հանրության տարբեր մասնակիցներ: Տարբեր երկրների եւ միջազգային կառույցների ղեկավարներ արդեն մեծացնում են միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա այս հարցով»,- ասաց Այվազյանը:
Արտաքին գործերի նախարարը նաեւ հավելեց, որ հարցն իսկապես խնդրահարույց է դառնում Բաքվի համար: