Փաստերը․
ա/ ՀՀ նախաագահն առաջին անգամ չստորագրելով Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման հրամանագրի նախագիծը՝ հայտարարել էր, որ նման հրամանագիրն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
բ/ Վարչապետը ստանալով վերադարձված հրամանագիրն այն անմիջապես, առանց փոփոխություններ և լրացումներ կատարելու հետ է ուղարկում Նախագահին՝ ստորագրման։
գ/ իշախանական պատգամավորներն ու վարչապետը հայտարարում են, որ կսկսեն ՀՀ Նախգահին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց /թեև հիմքեր չկան/,
դ/ նիկոլ փաշինյանն այցելում է ՀՀ նախագահին,
ե/ Նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակում է իր նախորդ հայտարարությանը տրամաբանորեն հակառակ հայտարարություն և կասեցնում է իր իսկ կողմից նախաձեռնված՝ Օնիկ Գասպարյանի ազատման սահմանադրականության վիճարկման, ըստ էության, սկսված գործընթացից։
Այս ամենից կարելի է գալ հետևյալ եզրահանգման.
1. Կամ Արմեն Սարգսյանի նկատմամբ, բացի իմպիչմենտի սպառնալիքից, գործադրվել է նաև օրինակ՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք, ինչի դեպքում գործ ունենք ՀՀ քրեական օրենսգրքի 301.1 հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշների, այն է Հանրապետության Նախագահին նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրա լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը։ Եթե այո, ապա Նախագահը պետք է խոսի, ինչի պարագայում քրեական գործ չհարուցվելու և գործընթացը տրամաբանական ընթացք ստանալու այլընտրանք չի ունենա։
2. Կամ նախագահը ղեկավարվել է իր նեղ անձնական շահերով, օրինակ՝ իր պաշտոնը պահպանելու և իմպիչմենտից խուսափելու նպատակով հրաժարվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված՝ Սահմանադրության պահպանմանը հետևելու պարտականությունը իրականացնելուց։ Ընդ որում՝ տվյալ դեպքում Սահմանադրությանը հետևելու իր պարտականության առկայության վերաբերյալ ինքը հաստատապես գիտեր, քանի որ հենց ինքն էր հայտարարել այդ մասին։ Այս պարագայում գործ ունենք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի հնարավոր հատկանիշների հետ, ըստ որի նման հանցանքն առկա է, երբ պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործում կամ ծառայողական պարտականությունները չի կատարում՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից (հետևանքների ծանրությունն այս գրառման տեսանկյունից էական չեն և ենթակա են պարզման քրեական գործի քննության ընթացքում)։
Ինքս հակված եմ երկրորդ տարբերակին։
Սույն գրառումը չի համարվում հաստատապես հայտնի հանցագործության մասին հաղորդում, այլ միայն վերը նշված դերակատարների արարքներում վկայակոչված հանցակազմերի հնարավոր հատկանիշների առկայության վերաբերյալ վերլուծություն է, ինչը չի նշանակում, որ դրանք ենթակա չեն պարզման։
Այս իմաստով շնորհակալ կլինեմ, եթե իրավաբան ընկերներս իրենք էլ վերլուծեն առկա հանգամանքները, միգուցե փաստակազմը լրացվի և արդյունքում փոխվեն վերլուծվող հանցակազմերը կամ ամրապնդվեն իմ կողմից վկայակոչվածները։