Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականներն ավարտել են ելույթները Կիևի միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ:
Հունահռոմեական ոճի հավաքականից փայլուն է հանդես եկել Մալխաս Ամոյանը: Կրտսեր Ամոյանը հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում , աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող է և անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի ղեկավարությամբ նպատակ ունի զարգացնել հաջողությունները: Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարոմ նա խոսուն հաղթանակներ տոնեց: Տպավորիչ էր հատկապես եզրափակիչում Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեի նկատմամբ ժամանակից շուտ տոնած / 9 : 1 / հաղթանակը:
Մալխաս Ամոյանի թիմակիցներից Կարապետ Չալյանը / 82 կգ / գրավեց երկրորդ, իսկ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / և Հրաչյա Պողոսյանը / 63 կգ / ՝ երրորդ տեղը:
Կիևի միջազգայինում մրցեցին նաև ազատ ոճայինները: Հայաստանի պատվիրակ Հովհաննես Միխիթարյանը / 86 կգ / կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: