ԱՄՆ պետդեպարտամենտը պատրաստվում է մասնագետ վարձել, որը պետք է հսկի Հայաստանի իրավապահ մարմինների աջակցության ամերիկյան ծրագրի իրականացումը:
Ինչպես հաղորդում է RT-ն, փաստաթղթում նշված է. «Իրավապահ գործունեության հարցերի ավագ ռազմավարական խորհրդականը պետք է ղեկավարի այն նախագծերը, որոնք ընդգրկում են, ի թիվս այլոց, իրավապահ մարմինների աշխատակիցների համար ուսումնական հաստատությունների զարգացումը, Հայաստանի ոստիկանության՝ մասնագիտական հմտությունների և սարքավորումների պահանջմունքների գնահատումը, պրոֆիլային փորձագետների և գործնականում աշխատող մասնագետների անհրաժեշտ պատրաստության անցկացումը, ինչպես նաև պատշաճ սարքավորումների ձեռքբերման հարցով տեխնիկական խորհրդատվությունը»:
Տվյալ ավագ աշխատակիցը նաև պետք է խորհուրդներ տա Հայաստանի իրավապահ մարմիններին բարեփոխումների հարցերով, սերտորեն համագործակցի ոստիկանության աշխատակիցների հետ, կազմակերպի և մասնակցի ոստիկանների, քննիչների և թմրանյութերի դեմ պայքարի մասնագետների վարժանքներին:
Պայմանագրում ընդգծվում է, որ վարձու աշխատակիցը պետք է «ձևավորի և առաջ տանի Միացյալ Նահանգների քաղաքական կուրսն ու նպատակները», ինչպես նաև Վաշինգտոնին ներկայացնի Հայաստանի իրավապահ հատվածի զարգացման վերլուծությունը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշել է ֆինանսավորել Ուզբեկստանի «անկախ» ԶԼՄ-ների զարգացումը:
ՌԴ Խորհրդի տեղեկատվության քաղաքականության և ԶԼՄ-ների հետ համագործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ենթադրություն է արել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխուժացնում է Ռուսաստանից հետխորհրդային հանրապետությունները կտրելու ջանքերը: Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի ուշադրության կիզակետում են լինելու Բելառուսը, Ուզբեկստանը, Հայաստանը և Ղազախստանը:
Աղբյուրը՝ Взгляд