Հիշո՞ւմ եք ակտիվիստական շարժումները։ «Մաշտոցի պուրակ», «Վճարում ենք 100 դրամ» և մյուսներ։ Դրանք մոտ մեկ տասնամյակ առաջ հանկարծակի սկիզբ առան և հաջորդեցին իրար։
Ակտիվ, աշխուժ, անվախ ջահելներ էին, ընդգծված կերպով տարանջատվում էին քաղաքական շարժումներից, ասում էին մենք քաղաքացիական շարժում ենք, ոչ թե քաղաքական։
2012-2013 թվերն էին, 2008-ի հսկա շարժումն արդեն մարել էր, սրտումս թողնելով մեծ տխրություն։ Ես չէի հաշտվում տխրության հետ, ելքեր էին փնտրում, բոլորի հետ ծանոթանում էի որ հասկանամ ովքեր կան, ում հետ կարելի ա հույս կապել և մի բան անել։
Քաղաքացիական ակտիվիստներից շատերի հետ էլ ծանոթացա։ Մտքումս մի գաղափար էր ծագել, փոքրիկ մի ծրագիր, մարդիկ էի փնտրում որ միասին անենք։ Ակտիվիստներից մեկի հետ պայմանավորվեցի, որ հանդիպենք, խոսենք։ Հանդիպեցինք, խոսեցինք։
Խոսակիցս աշխուժ, հետաքրքրասեր աղջիկ էր, սկզբում իրար շատ լավ հասկանում էինք։ Հետո տարօրինակ բան եղավ։ Երբ որ, ծրագրիս բովանդակության հետ կապված, ես ժամանակի միջով մի պուճուր հետ գնացի, հասնելով ոչ թե հեռու դարեր, այլ ընդամենը անցած՝ 20-րդ դարի նախ վերջերը, հետո էլ սկիզբները, հանկարծ մեկ էլ նկատեցի որ խոսակցիս հետ կապը կորել ա։ Հեռախոսով խոսելիս երևի տենց փորձ ունեցած կլինեք՝ երբ ոգևորված խոսում խոսում ես, մեկ էլ նկատում ես որ մի քանի րոպե մենակ ես խոսել փաստորեն, կապն ընդհատվել էր չես նկատել։
Տեսնելով որ զարմացել եմ, խոսակիցս ասեց—Ես պատմագիտական հարցերով չեմ հետաքրքրվում, տենց բաներից տեղյակ չեմ, արի ներկայից խոսենք։ Այնինչ իմ խոսքը պատմագիտական հարցերին չէր վերաբերել բնավ, այլ ընդամենը դեպքերի ու դեմքերի, որոնց մասին միջին հայաստանցին շատ լավ տեղյակ ա։
Ուրեմն ո՞նց էր պատահել, որ իմ դիմաց նստած մարդը, որը միջին հայաստանցուն ակնհայտորեն գերազանցում էր հանրային ակտիվությամբ, միջին հայաստանցու իմացած բաները չգիտեր։ Նշածս դեպքը մեջս շատ էր տպավորվել, դրանից հետո ակտիվիստ ջահելների հետ զրուցելիս խոսակցությունը նենց էի տանում որ պարզեի՝ «պատմագիտական հարցերով» չհետաքրքրվելը մենակ հիշյալ զրուցակցի՞ս էր հատուկ, պարզ պատահականությու՞ն էր, բացառությո՞ւն էր ։
Պարզեցի որ չէ, պատահականություն չէր, բացառություն չէր, ակտիվիստների մեծագույն մասը «պատմագիտական» հարցերով չէր հետաքրքվում։
Ինչու էս ամեն ինչը հիշեցի՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմի մի ոչ փոքր մասը հենց նշածս ակտիվիստական շարժումների կադրերն են։ Իրանց համար Արցախի հարցը երևի նույնպես «պատմագիտական հարց» ա։ Գուցե դրա համար էլ թեթև են տանում մեր հետ կատարվածը։ Այնինչ երբ արձագանքում էին ծառեր կտրելուն կամ թափառական շների նկատմամբ դաժան վերաբերմունքին, նրբազգաց մարդիկ էին կարծես թե։
/շարունակելի/
ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ, նամակներ Մարինեի, դ․https://marinepetrossian.com/hy/wounds-of-armenia
սկիզբը՝https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158078987593494
https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158081178483494
https://www.facebook.com/marine.petrossian/posts/10158090895558494