Ռազմական փորձագետ Յուրի Լյամինը թերահավատորեն է ընդունել Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «Իսկանդերի» հրթիռները չեն պայթել կամ պայթել են ընդամենը 10 տոկոսով»: Ռուս փորձագետի մեկնաբանությունները հրապարակել է հայկական VERELQ կայքը:
«Հրթիռների մարտական մասն իսկապես կարող է չգործել, բայց դա ընդհանուր առմամբ հազվադեպ երևույթ է անգամ հին, երկար տարիներ պահեստում մնացած հրթիռների համար: Այդ իսկ պատճառով չափազանց թերահավատորեն եմ ընդունում Փաշինյանի այդ խոսքը և առհասարակ համարում եմ սեփական սխալներն արդարացնելու փորձ»,- ասել է Լյամինը:
Փորձագետի կարծիքով՝ ոչ միայն «Իսկանդերները», այլև ընդհանրապես հայկական օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները պատերազմի ընթացքում առանձնապես արդյունավետ չեն օգտագործվել:
«Հաշվի առնելով ունեցած հրթիռային ներուժը՝ հայկական կողմը կարող էր եղած հրթիռային համալիրներն օգտագործել ռազմական ենթակառուցվածքների առանցքային օբյեկտներին հարվածելու համար, խոսքը ավիաբազաների, ռազմական պահեստների, կառավարման հայտնի կետերի և այլ օբյեկտների մասին է: Բայց փաստացի ոչինչ չի արվել: Ինչպես, օրինակ, ցույց են տվել հակամարտությունները Մերձավոր Արևելքում, անգամ «Էլբրուս» և «Տոչկա» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները գրագետ կիրառելու դեպքում կարող են լուրջ գլխացավանք պատճառել հակառակորդին ՝ չնայած օդում նրա գերակշռությանը: Տվյալ դեպքում չի եղել որևէ հայտնի հարված նույնիսկ այնպիսի խոշոր և բացահայտ ռազմական թիրախներին, ինչպիսիք են ռազմական ավիաբազաները»,- ասել է Լյամինը:
Փորձագետի խոսքով՝ ինքը տպավորություն ունի, որ պատճառները քաղաքական են եղել:
«Հնարավոր է, որ զգուշացել են հակամարտության էլ ավելի ծավալումից, թուրքական խորհրդականներին գրգռելուց և այլն: Այսպես թե այնպես, այդ ամենը կաշկանդել է հայկական ամենաարդյունավետ հակազդեցության միջոցները: Եվ Փաշինյանն այժմ փորձում է մտածել, թե ինչպես արդարանա»,- ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում մեկնաբանեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը կարող էր կիրառել «Իսկանդերը» պատերազմի չորրորդ օրը:
«Կարծում եմ՝ նա (Սերժ Սարգսյանը- Խմբ.) պետք է ունենա շատ հարցերի պատասխանը, ոչ թե հարցեր տա, որոնց պատասխանը գիտի ինքը: Իսկ գուցե պատասխանի, թե ինչու կիրառված «Իսկանդեր» հրթիռները չպայթեցին կամ պայթեցին ընդամենը 10 տոկոսով»,- հակադարձել է Փաշինյանը:
Լրագրողի հարցին՝ միթե նման բան պատահում է, Փաշինյանը պատասխանել է. «Չգիտեմ: Գուցե 80-ականների զենք էր»: Այդպիսով վարչապետը հիշեցրել է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերից մեկը նրա դեռևս իշխանության ղեկին եղած ժամանակ, թե Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ (2016 թ. ապրիլի 2-5) «Հայաստանը կռվել է 1980-ական թվականների զենքերով»: