f

Անկախ

Մասնագիտական կողմնորոշումը գիտելիքից վեր է դասվում․ ԿԳՄՍՆ-ն բուհական ընդունելության նոր կարգ է առաջարկում


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, ըստ որի բուհի դիմորդները մրցութային հիմնական փուլում կարող են հայտագրել միայն մեկ մասնագիտություն մեկ բուհում։ Ընդունելության հիմնական փուլին կհաջորդի լրացուցիչ փուլը, երբ իրենց նախընտրած մասնագիտությամբ չընդունված  դիմորդները  կկարողանան  հայտ ներկայացնել թափուր մնացած տեղերի համար։

«8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով»,- այսպես է ԿԳՄՍՆ-ն հիմնավորում առաջարկվող փոփոխությունները:

Շատ դիմորդներ և ծնողներ, սակայն,  դեմ են այս փոփոխությանը։ Նրանք հիշեցնում են նախորդ տարվա խառնաշփոթը, երբ բարձր միավորներ ստացած և ենթադրաբար նաև գիտելիքների մեծ պաշար ունեցող շատ դիմորդներ բուհ չընդունվեցին առաջին հայտի գերակայության պատճառով։

«Կարևորը գիտելիքն է։ Համարում եմ, որ բուհում սովորելու հնարավորություն պետք է ստանան միայն փայլուն գիտելիքներ ունեցող դիմորդները։ Իսկ 18 տարեկանից պահանջել հստակ մասնագիտական կողմնորոշում, սխալ է, մանավանդ որ մասնագիտությունը  ոչ  մաթեմատիկան ու ֆիզիկան են, ոչ էլ հայոց լեզուն և  գրականությունը»,- ասում է մաթեմատիկայի ուսուցիչ Էմմա Մաթևոսյանը։

ԿԳՄՍՆ առաջարկին դեմ է նաև ավագ դպրոցի աշակերտ Գևորգը։ Ասում է, որ ցանկանում է տնտեսագետ դառնալ։ Նա շեշտում է՝ նախկին կարգով Տնտեսագիտական համալսարանի մի քանի մասնագիտություն կարող էր ընտրել, արդյունքում որ բաժինն էլ ընդունվեր, էլի յուրացնելու էր տնտեսագիտությանը հարակից մասնագիտություն և աշխատելու էր ոլորտում։ Այժմ ստիպված է լինելու ընտրել միայն մեկ մասնագիտություն։ «Հիմա շատ բարդ ու պատասխանատու ընտրություն է լինելու։ Փաստորեն պետք է հաշվարկեմ և այնպիսի ֆակուլտետ ընտրեմ, որտեղից դուրս մնալու հավանականություն չի լինի, քանի որ հակառակ դեպքում բանակ եմ զորակոչվելու այդպես էլ ուսանող չդարձած»,- ասում է նա։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս միանշանակ չի ընդունում ընդունելության նոր համակարգը՝ մասնագիտական կողմնորոշման բացարձակացումն անտեղին համարելով։

«Ընդհանրապես, մենք ընդունելության քննության ժամանակ երկու գործոն ենք հաշվի առնում՝ մասնագիտական կողմնորոշումը և միավորները։ Նախկին համակարգն ավելի կարևորում էր միավորը և հնարավորություն էր տալիս բարձր միավորներ հավաքած դիմորդներին առաջին, երկրորդ, երրորդ հայտերով  ընդունվել, հետո նոր մրցույթին մասնակցում էին ավելի ցածր բալեր ստացած դմորդները։  Այս պարագայում բացարձակ է դառնում մասնագիտական կողմնորոշումը»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ ընդունելության նոր կարգը ընդհանուր համակարգի վրա որպես այդպիսին չի ազդելու, քանի որ ֆակուլտետների մեծ մասն ընդունելությունից հետո անգամ թափուր տեղեր է ունենում։

Փոխարենն, ազդեցությունը զգալու են այսպես կոչված պրեստիժային ֆակուլտետները, որտեղ ընդունելությունը միշտ թեժ է լինում և լրացուցիչ փուլի համար թափուր տեղեր չեն մնում։

 «Մասնագիտական կողմնորոշումը երբեմն շատ ենք բացարձակացնում։ Որպես համալսարանի դասախոս եմ ասում՝ շատ դեպքերում  ուսանողն ուսման  ընթացքում է հասկանում, թե որն է իրենը։ Դրա համար  ազատ արվեստների մոտեցումը, որը  հնարավորություն է տալիս  1-2 տարի սովորելուց հետո մասնագիտության վերջնական ընտրություն կատարել,  շատ լավ բան է։  Մեր համակարգն այդ իմաստով շատ կոշտ է։ Մենք  նույնիսկ ունենք փակ ֆակուլտետներ, օրինակ՝  իրավագիտության ֆակուլտետը համարվում է փակ, այլ տեղից չես կարող տեղափոխվել այդտեղ։ Մեր համակարգը ուսանողին ճկունության հնարավորություն չի տալիս, իսկ ընդունելության առաջարկվող կարգով այս մոտեցումն ավելի ենք խստացնում, փոխանակ մեղմենք»,- ասում է նա։

Խաչատրյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է ԿԳՄՍՆ-ն հասկանալու՝ արդյոք դիմորդն ինչ դրդապատճառներից ելնելով է կոնկրետ մասնագիտությունն ընտրել։ Ասում է՝ շատ դիմորդներ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որոնք իրենց շրջապատում կամ հանրության շրջանում դիտարկվում են որպես բարձր եկամուտ ապահովող մասնագիտություններ։ Կան դիմորդներ, որոնք մի քանի առարկա պարապելուց հետո գնահատում են իրենց կարողությունները և, համադրելով նախորդ տարիների մրցույթների արդյունքները, ընտրում են այնպիսի ֆակուլտետ, որտեղ ընդունվելու խնդիր չեն ունենա։

«Մասնագիտական կողմնորոշման վրա հազար ու մի բան է ազդում։ Օրինակ՝  հեշտ ընդունվելու չափանիշով մասնագիտության ընտրությունը համարո՞ւմ ենք մասնագիտական կողմնորոշում»,- հարցնում է Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք մասնագետը խնդրահարույց համարում է հեռանկարը, որ բարձր միավորներով, այն է՝ շատ գիտելիքներով դիմորդները կարող են դուրս մնալ մրցույթից, Խաչատրյանն ասում է․ «Մեկ տարի կորցնելը ողբերգություն չէ։ Հաջորդ տարի այդ դիմորդն ավելի հասուն կլինի, ավելի շատ գիտելիքներով բուհ կգա և ավելի լավ  կսովորի։ Պարզապես տղաների դեպքում բանակի խնդիրը կա․ եթե չընդունվեն, բանակ են զորակոչվելու՝ զրկվելով հաջորդ տարի բուհ դիմելու հնարավորությունից»,- ասում է նա։

Ամփոփելով՝ Խաչատրյանը նշում է, որ  ընդունելության նոր կարգի գործարկմամբ ոչ ուսանողներն ավելի մոտիվացված կդառնան, ոչ էլ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ։ Նպատակն ընդամենը  մասնագիտական կողմնորոշումը կարևորելն է։ «Բայց, նորից եմ ասում, եթե մենք խորն ուսումնասիրենք երևույթը, չի կարելի մասնագիտական կողմնորոշումը բացարձակացնել, որովհետև 18 տարեկան մարդը կարող է  ճիշտ չընտրել իր մասնագիտությունը»։

Կրթության փորձագետի կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի, որ բուհական ընդունելության բոլորովին նոր,  այլ կարգ գործի։ Այն է, դիմորդները  հանձնեն միասնական քննությունները, իմանան, թե որքան միավոր են հավաքել, որից հետո էլ բուհերը յուրաքանչյուր մասնագիտության համար ընդունելության շեմ կհայտարարեն։ «Այս համակարգի լավն այն է, որ դիմորդն իր միավորներն իմանալուց հետո է որոշում, թե որ բուհ և որ մասնագիտությամբ դիմի։ Մինչդեռ գործող համակարգում դիմորդը բուհ է դիմում՝ դեռ քննություն չհանձնած և մրցութային շեմին անտեղյակ։ Արդյունքում դիմորդը բավականին բարձր միավորներով կարող է ընդունվել  պահանջարկ չունեցող այնպիսի  մի ֆակուլտետ, որը չէր էլ ուզում»,- ասում է նա։

Սերոբ Խաչատրյան Կրթություն եվ գիտություն բուհական ընդունելություն ընդունելության քննություն ԿԳՄՍՆ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին