f

Անկախ

Վարչապետի հրաժարականից հետո ընդդիմության հռետորիկան էլ ավելի կամրապնդվի, ավելի ու ավելի շատ են խոսելու արտահերթ ընտրությունների մասին․ վրացագետ


Վաստանի վարչապետն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին։

«Ես որոշում եմ կայացրել հեռանալ իմ զբաղեցրած պաշտոնից։ Անկասկած, հավատում ու ցանկանում եմ, որ այդ քայլը կնպաստի մեր երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես համոզված եմ, որ բևեռացումն ու հակամարտությունը մեր միջև ամենամեծ վտանգն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման ու ցանկացած տիպի ճգնաժամերի համար»,- հայտարարել է Գեորգի Գախարիան։

Նա  շեշտել  է, որ հրաժարականի պատճառներից  նաև իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկի Մելիային կալանավորելու դատարանի որոշման պատճառով (նրան մեղադրում են 2019-ի ամռանն անկարգություններ հրահրելու մեջ)։

Ո՞րն է Գախարիայի հրաժարականի իրական պատճառը, ի՞նչ զարգացումներ են հնարավոր հարևան Վրաստանում և ո՞վ կարող է դառնալ հաջորդ վարչապետը․ այս և այլ հարցերի մասին է «Անկախը» զրուցել  վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, ինչո՞վ է իրականում պայմանավորված Գեորգի Գախարիայի  հրաժարականը։ Ինչո՞ւ  հիմա։

-Կարծում եմ՝ իր հայտարարությունում ֆիքսված են բուն պատճառները։

 Այստեղ առաջնային է այն հանգամանքը, որ Վրաստանը վերջին մի քանի տարիներին ներքաղաքական խորը ճգնաժամի մեջ է գտնվում։ Չնայած իշխող թիմը  նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում կարողացավ հաղթել, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերը  միացել են  և մինչ օրս բոյկոտում են   խորհրդարանի աշխատանքը։ Նրանք պնդում են, որ  պետք է անցկացվեն նոր ընտրություններ, քանի որ 2020-ի հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունները համարում են կեղծված։ Ընդդիմադիրների պահանջն է նաև, որ նոր ընտրություններն անցկացվեն նոր ձևաչափով և ընտրական օրենսգրքով և լինեն 100 տոկոս համամասնական, ինչն իշխանությունների համար անընդունելի էր և դեռևս մնում է անընդունելի։

Նիկի Մելիան օրինախախտում արել էր դեռ նախանցած տարի։ Ինչ-ինչ պատճառներով դատախազությունը հիմա է միջնորդությամբ հանդես եկել՝ փոխելու նրա խափանման միջոցը։ Իմ կարծիքով՝ այստեղ արդեն մենք գործ ունենք ներկուսակցական, ներիշխանական  տարբեր խմբերի միջև պայքարի հետ։

Գախարիան, հասկանալով, որ փոքրամասնության մեջ է որպես վարչապետ, որոշում է կայացրել դուրս գալ։ Նաև մտածելով, որ գուցե իր այս քայլը կբերի առկա բևեռացման չեզոքացմանը կամ ճգնաժամի լուծմանը։ Բայց պետք է ֆիքսենք, որ այս պահի դրությամբ  ընդդիմությունը սա համարում է մինի հաղթանակ, քանի որ Գախարիայի հրաժարականն իրենք պահանջում էին դեռ 2018-ից, երբ նա ՆԳ նախարարն էր, և նրանք շատ դժգոհ էին, որն  2019-ի սեպտեմբերին Գախարիան դարձավ վարչապետ։ Ընդդիմությունը սա համարում է իրենց պահանջներից մեկի կատարում, հետևաբար, իմ կարծիքով,  ընդդիմության հռետորիկան էլ ավելի կամրապնդվի, ավելի ու ավելի շատ են խոսելու արտահերթ ընտրությունների մասին՝ փորձելով դրանում համոզել Արևմուտքին, դեսպաններին և արտաքին ուժերին։

-Այսինքն կարելի՞ է եզրակացնել, որ վարչապետի հրաժարականով բևեռացումը ոչ թե կմեղմվի, այլ ընդհակառակը, ավելի կսրվի։

-Այո, ավելի կսրվի իրավիճակը։ Չնայած հետաձգել  են դատարանի որոշման իրականացումը Մելիային կալանավորելու մասին, սակայն մի օր նրան  պետք է ձերբակալեն, քանի որ խափանման միջոցը փոխվել է։ Կախված նրանից, թե այդ օրն ինչ տեղի կունենա և ինչպես այդ ամենը տեղի կունենա, դրանով էլ պայմանավորված կլինեն ապագա ներքաղաքական գործընթացները վրաստանում։  Եթե բախումներ լինեն, կրկնվի 2019-ի սցենարը, ապա ներքաղաքական ճգնաժամն ավելի կխորանա և  արտահերթ ընտրությունների կարիք կառաջանա։

-Պարոն Մելիքյան, հավանակա՞ն է, որ Գախարիան այս պահին հրաժարական է տալիս, քանի որ պարզապես չի ուզում պատասխանատվություն ստանձնել հետագա հնարավոր զարգացումների համար։

-Դա ոչ թե պատասխանատվությունից խուսափել է, այլ պատասխանատվությունը հասկանալ։ Նա համամիտ չէ այդ քայլերի հետ, հասկանում է պատասխանատվությունը  և չի ուզում իր վրա վերցնել։ Նա հեռանում է՝ թույլ տալով այն մարդկանց, որոնք  կողմ են քվերակել այս սցենարին, ընտրել նոր վարչապետ, որը կիրականացնի այդ ամենը։

Ինքը որպես փորձառու մենեջեր, լավ պետական գործիչ իր որոշումն է կայացրել  և թողնում է վարչապետի պաշտոնը։

Միգուցե ապագայում կտեսնենք, որ նաև կուսակցությունից դուրս կգա, ինչը ևս հնարավոր է։ Չի բացառվում, որ իր շուրջ ապագայում նոր քաղաքական  ուժ ձևավորվի, ինչը շատ տրամաբանական կլինի։

-Դուք նշեցիք, որ Գախարիայի հրաժարականի քաղաքական պահանջ կար ընդդիմության կողմից, և դեռ շատ վաղուց։ Իսկ արդյո՞ք վարչապետի հրաժարականի հասարակական պահանջ ևս կար։

-Հասարակական պահանջի մասին պետք է թվերով խոսել․ այս տարվա հունվարին ամերիկյան NDI –ը, որ Վրաստանում ակտիվ աշխատում  և սոցհարցումներ է իրականացնում, Վրաստանի քաղաքական դաշտի վերաբերյալ իր հետազոտության արդյունքներն է հրապարակել։ Ըստ այդմ՝  կառավարության աշխատանքը հարցվածների 50 տոկոսն էր դրական գնահատել, իսկ Գախարիայինը՝  46 տոկոսը։ Նշեմ, որ քաղաքական գործիչներից ամենաբարձրը Գախարիայի վարկանիշն է եղել հարցվողների շրջանում։

Սա ցույց է տալիս, որ այդ քաղաքական գործիչն ունի հեղինակություն։ Իմ կարծիքով՝ ինքը, հասկանալով այդ փաստը,  որոշում է կայացրել չլինել հնարավոր բարդ սցենարների պատասխանատուն։ Իմ կարծիքով, նույնիսկ 2019-ին, երբ ինքը ՆԳ նախարարն էր, այն ժամանակվա գործընթացների կամ բախումների հետ կապված հիմնական պատասխանատուն հենց ինքը չի եղել, այլ քաղաքական թիմը։

Այն ժամանակվանից ճնշման տակ էր,  գուցե սա  վերջին կաթիլն էր և որոշեց, որ ավելի ճիշտ է  հիմա հրաժարական տալ և ապագայում վերադառնալ ակտիվ քաղաքականություն։

-Հրաժարականից դեռ տևական ժամանակ առաջ որպես վարչապետի հնարավոր թեկնածու նշվում էր խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի անունը։ Հավանական համարո՞ւմ եք, որ  «Վրացական երազանքը»  Կոբախիձեի թեկնածությունը կառաջադրի։ Եթե ոչ, ուրիշ հավանական ի՞նչ թեկնածուներ եք տեսնում։

-Տարբեր անուններ կան։ Հիմա խոսում են Կոբախիձեի մասին, նախկինում խոսում էին փոխվարչապետի, ինչպես նաև նախկին արդարադատության նախարարի մասին։

Պետք է նշել, որ  հետաքրքիր իրողություն է ստեղծվել․ երբ Բիձինա Իվանիշվիլին հեռանում էր քաղաքականությունից , ինքն ամրացրեց կուսակցության քաղխորհուրդը։ Իմ կարծիքով այսօր դեռևս ոչ ոք, անգամ իրենց իշխող կուսակցության էլիտայում վստահ չեն, թե ով է վերջում վարչապետ դառնալու, քանի որ տարբեր խմբերն կան, որոնցից յուրաքանչյուրն իր լծակներն ու հնարավորություններն ունի։

 Միգուցե ուժայիններից լինի։ Հնարավոր է՝ Կոբախիձեն լինի։ Կարևոր է, որ բոլոր ուժային կենտրոնները  կողմ քվերակեն նրա թեկնածությանը և  առաջադրեն։

-Կառավարության փոփոխության արդյունքում ի՞նչ հնարավոր փոփոխություններ են սպասվում Վրաստանի  ներքին և ատաքին քաղաքականությունում։

-Արտաքին քաղաքականության առումով չէի ասի։  2012-ից ի վեր քանիցս վարչապետը փոխվել է, այս ժամանակահատվածի բոլոր կառավարությունների  և արտգործնախարարների օրոք առ այսօր մենք լուրջ փոփոխություն չենք տեսել։

Արտաքին քաղաքականութան հետ կապված միակ հնարավոր փոփոխությունը հետևյալն է՝  եթե ներքաղաքական ճգնաժամն ավարտվի Վրաստանում, իշխանությունները կկարողանան  հանգիստ սրտով վերադառնալ արտաքին հարաբերություններին։ Վերջին մի  քանի տարիներին  մինչ նրանք ներքաղաքական խնդիրներով էին զբաղված և թույլ չէին տալիս, որ ճգնաժամը ավելի ընդլայնվի,  արտաքին բլոկին այդքան լուրջ ուշադրություն չէին դարձնում, ինչը նաև տարբեր հնարավորություններից է իրենց զրկել։ Որոշ փոփոխություններ տարածաշրջանում մինչև վերջ չեն վերլուծվել և գնահատվել, դրա կարիքն իրենք ևս ունեն, ուստի  ներքաղաքական ճգնաժամին իրենք հնարավորինս արագ պետք է վերջ  տան և կարողանան զբաղվել  ակտիվ  արտաքին քաղաքականութամբ։

Ներքաղաքական առումով, մեղմ սցենարի կողմնակից Գախարիայի հեռանալը նշանակում է, որ ներքաղաքական ավելի կոշտ որոշումներ կլինեն․   իշխող թիմի հիմնական մասը կողմնակից է, որ եթե օրենքով սահմանված է, որ Մելիան պետք է  կալանքի ենթարկվի, ուրեմն կալանքի պետք է ենթարկվի։ Այլ հարց է, թե ինչպես կկարողանան այդ ամենը կազմակերպել և այնպես չանել, որ պետությանը և իրենց թիմին կանգնեցնեն  արտահերթ ընտրություններ անցկացնելու փաստի առաջ։ Քանի որ այդ ժամանակ արդեն բարդ է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ։

-Կա՞ արդյոք թեկնածու, որ  կկարողանա միավորող դերակատարում ունենալ, հանրային համերաշխություն ապահովել։

-Չեմ կարծում։ Ընդդիմությունը ցանկանում էր, որ Գախարիան գնար։  Նոր վարչապետի գալուց հետո միգուցե իրենք կհասկանան, որ Գախարիան իրենց համար ոսկե միջին էր։

Իրենց թիմից մեկին պետք է նշանակեն վարչապետ, իսկ ընդդիմության համար որևէ մեկն այս թիմից կամ այս  իշխանություններն ընդունելի չէ, ինչը համերաշխության չի բերելու։

 

խմբագրի ընտրանի Տարածաշրջան Ջոնի Մելիքյան Վրաստան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին