Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող՝ հայ եւ հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:
Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվավոր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:
Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,-հավելել է նա: