Բուհերի կառավարման խորհրդի 9 տեղերից 5-ը կզբաղեցնեն լիազոր մարմնի ներկայացուցիչները, այսինքն` իշխանության, եւ միայն 4-ը` ուսանողներն ու դասախոսները: Նման պայմաններում բուհերին եւ կառավարման խորհուրդների համար դժվար կլինի պահպանել իրենց անկախությունն ու անկողմնակալությունը: Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստին «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ի պատասխան` նախարարը նշեց, որ ուսանողներն եւ բուհերի դասախոսներն իրենք պետք է որոշեն` ինչպես բաշխել իրենց հատկացված այդ չորս տեղերը:
Նաեւ, ըստ Դումանյանի, Հայաստանում չափազանց շատ մասնավոր եւ նույնիսկ պետական բուհեր կան: «Այդքան շատ բուհերն այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, չափազանց շատ է եւ ավելորդություն: Չեմ կարծում, որ դրանց կարիքն այդքան կա: Ինչ վերաբերում է 9 թվին, ապա բավականին դժվար է ասել, թե ինչու պետք է այդքան մարդ լինի, այլ ոչ թե քիչ կամ շատ»,- ասաց նախարարը` հավելելով միայն, որ այսօրվա դրությամբ բուհերի կառավարման խորհրդում շատ ավելի շատ մարդ է ներկայացված, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում, քանի որ Հայաստանն այդքան համապատասխան կադրեր պարզապես չունի: Իսկ բուհերի կողմից անկախության կորստի հարցն այդպես էլ մնաց օդում կախված: