Քաղբանտարկյալը ոչ թե քաղաքական, այլ իրավական գնահատական է: Այս մասին «Հայելուն» տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Սակայն երբ մենք դատարանում խոսում ենք քաղաքական հետապնդումների մասին, դատարանն ընդհատում է մեզ եւ թույլ չի տալիս շարունակել: Դա արվում է տեղի ունեցողը հասարակությունից թաքցնելու համար: Սակայն ես կարծում եմ, որ հասարակությունը գնալով հասկանում է, թե ինչ է թաքնված այս ամենի հետեւում եւ ինչ նպատակով է դա արվում: Պատկերացնենք, որ Հայաստանի իշխանությունները որոշել են ինչ-որ տարածք հանձնել: Ո՞վ պետք է եւ կարող էր հակազդեցություն կազմակերպել: Այդպիսի շատ մարդկանց նկատմամբ տարբեր պատճառներով հետապնդում է սկսվել, եւ տվյալ գործն ամենակարեւորն էր այս առումով: Առաջին օրվանից մենք քաղաքական հետապնդում ենք տեսել: Եւ այժմ բոլորի համար պարզ է, թե ինչ նպատակ է դա հետապնդում»,- նշեց փաստաբանը:
Հայկ Ալումյանը շեշտեց, որ գործընթացն ի սկզբանե անարդար էր: Թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ գործը հայտնվեց Աննա Դանիբեկյանի մոտ, փաստաբանը բացատրում է նրանով, որ, հավանաբար, դատավորը կա՛մ որոշակի տեսակետ ունի, որը ծայրաստիճան տարբերվում է պաշտպանական կողմի դիրքորոշումից, կա՛մ նա խոցելի է եւ իշխանությունները գիտեն, որ կարող են ճնշում գործադրել: Գործը պատահական չի հայտնվել նրա մոտ. այն վերցվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանից, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել նախկին նախագահին ազատելու որոշումից անմիջապես հետո, Վերաքննիչ դատարանը գործը չի վերադարձրել: Սակայն հենց Դանիբեկյանը վերադարձավ արձակուրդից, գործը վերադարձվեց` չսպասելով փաստաբանների բողոքի քննությանը:
«Նախքան գործը կփոխանցվեր Դանիբեկյանին, իշխանություններն արդեն ցույց էին տվել, որ անզիջում պայքար են մղելու այն դատավորների հետ, ովքեր կհամարձակվեն Քոչարյանի իրավունքները վեր դասել իշխանությունների կողմից տրված հրամաններից: Վառ օրինակ է 2018-ի օգոստոսին Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը եւ Քոչարյանին ազատ արձակած դատավորի հասցեին նրա հնչեցրած գռեհիկ արտահայտությունները: Երբ երկրորդ դատավորը համարձակվեց նույնն անել, Փաշինյանը կոչ արեց ժողովրդին արգելափակել դատարանները: Նման բան կարող էր պատահել մի քանի դար առաջ Աֆրիկայում: Բայց վերջին դարերի ընթացքում աշխարհում նման բան տեղի չի ունեցել»,- ասաց փաստաբանը:
Նրա խոսքով` Դանիբեկյանի համար պարզ է, որ իշխանությունները չեն հանդուրժի մի որոշում, որը դուր չի գա Փաշինյանին: Փաստաբանը կարծում է, որ, միգուցե, ամենախոցելի դատավորներից մեկն է ընտրվել, ով պատրաստ չէ դիմակայել ճնշմանը: Միեւնույն ժամանակ, նա շեշտեց, որ եթե նախկինում խախտումների մասնակիցները, օրինակ` դատախազները, հրաման էին կատարում, ապա այժմ, երբ նպատակը պարզ է, նրանք պետք է փոխեն իրենց վերաբերմունքը: «Դատարանում Արմեն Գեւորգյանը (նախկին փոխվարչապետ` խմբ.) փորձեց ներկայացնել այս վերլուծությունը: Սակայն դատարանն արգելեց: Սա շատ մտահոգիչ է: Միգուցե դատարանը հասկանում է, թե ինչ է կատարվում, բայց գիտակցաբար թույլ չի տալիս ասել»,- նշեց փաստաբանը:
«Մենք խորապես համոզված ենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարող արդարադատություն իրականացնել այս գործով: Քննարկվում է նրա կողմից բժշկական գաղտնիքի բացահայտման փաստով քրեական գործ հարուցելու հարցը: Եթե դատախազությունն այդքան բարի չլիներ, նրա դեմ արդեն քրեական գործ հարուցված կլիներ: Իսկ ի՞նչ է պահանջվում Դանիբեկյանից ի պատասխան նման բարության: Համոզված եմ, որ մի օր դատախազները եւս կհասկանան, թե ինչ է արվել իրենց ձեռքով: Եվ դատախազությունում ավելի ու ավելի քիչ են դառնում մարդիկ, ովքեր պատրաստ են ծառայել այս դերին»,- եզրափակեց Հայկ Ալումյանը: