Սա 2021 թ․ է, և մենք շարունակում ենք ապրել այն արհավիրքը, ինչն իր հետ բերեց 2020-ը, աղետ բառացիորեն, որից պետք է դասեր քաղել: Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Ֆիզիկայի ինստիտուտի թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:
Նա ընդգծեց, որ այդ դասերը շատ պարզ են: «Մենք 21-րդ դարում ենք, երբ ազգերը մտել են տեխնոլոգիական մրցակցության մեջ: Փիլիսոփայորեն, եթե մենք մի պահ կողքից նայենք այս մոլորակին, ակնհայտ է՝ այն ազգերը, որոնք այդտեղ ասելիք չունեն, կորչելու են: Մենք ընտրության առաջ ենք և այդ ընտրությունը պետք է կատարենք գիտակցաբար՝ գիտակցելով պետք է մտնել այդ տեխնոլոգիական մրցակցության մեջ: Անհեթեթ է, որ կարելի է մտնել նման մրցակցության մեջ ՀՆԱ-ի 0.25 տոկոս ֆինանսավորմամբ»,- ասաց նա:
«Հարգելի՛ պատգամավորներ, շատ կոնկրետ՝ պարոնա՛յք Հայրապետյան և Հովհաննիսյան, եթե դուք չեք կարող այս կառավարությանը ստիպել, որ գիտության ֆինանսավորումն անմիջապես ավելացնի, ապա դուք պետք է հեռանաք: Այն կառավարությունը, որն ընդունակ չէ կրկնապատկել գիտության ֆինանսավորումը այս 44-օրյա պատերազմի աղետից հետո, գիտակցել դասերը և ընդունակ չէ, օրինակ, 25 մլն դոլար ավելացնելու, այդ կառավարությունը պետք է գնա վաստակած հանգստի»,- շեշտեց նա:
Արթուր Իշխանյանի խոսքով՝ նման քննարկումները միշտ էլ հետո վերածվում են կենացների, այսինքն՝ ոչինչ չի արվում: Նա ընդգծեց՝ բոլոր կառավարություններն են վարվել գիտության հետ վատ, գործող կառավարությունը՝ էլ ավելի վատ: «Եթե մենք ուզում ենք իրոք զարգանալ, առնվազն չպետք է վնասենք: Ես ուզում եմ, պարո՛ն Դումանյան, դիմել Ձեզ և ասել՝ այն օրենքի փաթեթը, որը դրված է շրջանառության մեջ, դա ոլորտի վրա իր ազդեցությամբ հավասարազոր է լինելու Շուշիի հանձնմանը: Կարելի է 40-ից ավելի կետեր թվարկել, բայց մի կետն արդեն բավարար է»,- ասաց նա և պարզաբանեց, թե ինչու է այդպես կարծում:
Այդ օրենքից հանված է գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, հայեցողական է դա այլևս դարձել, բացի այս կետը, կա Ակադեմիայի կարգավիճակի հարցը: «Մենք ունեցել ենք բազմաթիվ հիմնարկներ, որոնք փոշիացել են, եթե գտնվել են ակադեմիական հիմնարկից դուրս, շատ քիչ բացառությամբ: Ակադեմիան ունի պատմական առաքելություն, որն իդեալական իրականացրել է, ոտնձգությունը նրա նկատմամբ հանցագործություն է և ճշգրիտ հակասում է նրան, ինչ գրված է այնտեղ, այդ կետը պետք է ավելանա»,- հայտարարեց նա: