« Մի կողմից՝ զգացվում է Ֆրանսիայում հայկական սփյուռքի բավական ուժեղ ճնշումը, որի արդյունքն էին Ֆրանսիայի խորհրդարանի որոշումները ղարաբաղյան հարցով: Մյուս կողմից՝ Փարիզը չի ցանկանում կորցնել ֆինանսական առումով գրավիչ գործընկերոջը՝ ի դեմս Ադրբեջանի»,- գրում է Ստանիսլավ Տարասովը «Մակրոնի անդրկովկասյան ճոճանակը» հոդվածում և փաստեր մատնանշելով՝ փորձում է ապացուցել, որ նման ենթադրության համար հիմքեր կան:
Նախ՝ նա նշում է, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Կողմերը մանրամասներ չեն ներկայացրել: Բացի այդ, Բաքու է այցելել Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: Այս այցի մանրամասները նույնպես բավական ժլատ են, եթե չհաշվենք, որ երկկողմ քննարկումներում նշվել են «երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո»: Մինչ այդ էլ Փարիզի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Ֆրանսիայի Հանրապետության արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանի հեռախոսազրույցը Բայրամովի հետ՝ նույն օրակարգով: Վերջապես, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսսը հանդես է եկել կոչով «հաղթահարել վերջին լարվածությունը ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում»:
«Ֆրանսիայի նման «կետային դիվանագիտություն» Անդրկովկասի պետություններից մեկի նկատմամբ երկար տարիներ չի նկատվել»,- նշում է Տարասովը՝ հիշեցնելով, որ մի ժամանակ որպես «ժողովրդավարության կետ» տարածաշրջանում Ֆրանսիան համարում էր Վրաստանը, այնուհետև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ կետը տեղափոխվել էր Հայաստան:
Նա հիշեցնում է նաև, թե ինչպես էին ֆրանսիական ԶԼՄ-ները գրում, որ «Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երեք ավտորիտար առաջնորդներն իրենց հայեցողությամբ բաժանում են իրար մեջ ազդեցությունը Անդրկովկասում՝ ճնշելով ժողովրդավարական Հայաստանին», իսկ փորձագետները համարում են, որ եթե ղարաբաղյան պատերազմի ընթացքում Փարիզը սպառնար Ադրբեջանին, որ մարտական գործողությունները շարունակվելու դեպքում կգնա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, ապա պատերազմի ելքը բոլորովին այլ կլիներ: Բայց նման բան տեղի չունեցավ: Իհարկե, պատերազմից հետո Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունեց, բայց դա, ըստ հեղինակի, նման էր հանգուցյալի վրա դրվող տաք թրջոցալաթի: Մանավանդ որ երկրի ԱԳՆ-ն չպաշտպանեց այդ նախաձեռնությունը: Ադրբեջանում դա իհարկե բացասական նստվածք տվեց: Բայց ըստ հոդվածագրի՝ Փարիզում հասկացել են, որ Հայաստանով Ադրբեջանից Թուրքիա միջանցքի շնորհիվ տարածաշրջանում տարանցիկ հանգույցը Վրաստանից տեղափոխում է Ադրբեջան: «Այնպես որ Ֆրանսիան, դեն նետելով իր ժողովրդավարական դատողությունները, սկսել է աշխուժացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների լայն սպեկտրի ընդգրկմամբ և և սեփական ներդրումներով»:
Իրավճակը փոխվում է, Ֆրանսիայում սեփական «անդրկովկասյան հավակնություններ են առաջանում»: Ընդ որում, բացի Ադրբեջանից, Ֆրանսիան ձգտում է հնարավորինս արագ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, միաժամանակ համագործակցում է Ռուսաստանի հետ: Տարածաշրջանում նոր քաղաքական խաղեր են սկսվում, որի խաղացողները կարող են դառնալ Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Հայաստանը և նույնիսկ Իրանը, ենթադրում է փորձագետը
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան կարգավորման հեռանկարներին, ապա բացառված չէ, որ Ֆրանսիան ձևականորեն կբարձրացնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որպեսզի հակասություն չառաջանա Եվրախորհրդարանի որոշումների հետ, որը հունվարի 20-ին բանաձև ընդունեց, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր կարգավորում դեռևս գտնված չէ»:
Այնպես որ Փարիզն առայժմ փորձում է նստել երկու աթոռի վրա: Ինչքա՞ն ժամանակ: Կապրենք, կտեսնենք: