Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի ավագ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում երկրորդ մենամարտը կանցկացնի Ղազախստանում տեղի ունենալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի MTKFightNight երեկոյի ընթացքում։ Այս մասին Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հայտնել է Instagram-ի իր էջում:
Մենամարտը տեղի է ունենալու փետրվարի 27-ին: Mtkglobal.com-ը դեռ չի հայտնում հայ բռնցքամարտիկի երկրորդ մրցակցի անունը:
Գյումրեցի բռնցքամարտիկն առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Դուբայում տեղի ունեցած Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Նորամուտի հաղթանակը Բաչկովը նվիրել էր հայ զինվորին: