f

Անկախ

Անցնող շաբաթը Հայաստանում


Անցնող շաբաթը մեր երկրում նշանավորվեց երկու նշանակալի իրադարձությամբ: Հայաստանը դարձավ այն երկիրը, որը մեղադրյալի աթոռին է նստեցրել միաժամանակ իր նախկին երեք նախագահներից երկուսին, և Հայաստան թափանցեց նոր կորոնավիրուսը:

 

Ի՞նչ կապ ունի Արցախի հարցը Հայաստանի գյուղացիների դիզվառելիքի հետ

Իրավացի են նրանք, ովքեր համարում են, որ 2020 թվականի փետրվարի 25-ը նշանավոր դարձավ Հայաստանի նորագույն պատմության մեջ: Կատակ բան չէր, այդ օրը տարբեր դատարաններում մեղադրյալի աթոռին էին նստած Հայաստանի Հանրապետության նախորդ երկու նախագահները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե երկրորդ նախագահի համար այդ օրը հերթական դատական նիստն էր, ապա Սերժ Սարգսյանի համար առաջինն էր: Ուստի դատարանի մոտ հավաքվել էին մեծ թվով աջակիցներ:  

Դատարան ժամանած երրորդ նախագահը, որ հայտնի է քչախոսությամբ և դրանով հանդերձ՝ հանելուկներ առաջադրելով հանրությանը (հիշենք նրա հրաժարականի խոսքը՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ) շնորհակալություն հայտնեց ներկաներին բարոյական աջակցության համար և կոչ արեց այդ վատ եղանակին գնալ տուն ու զբաղվել իրենց գործերով, այնուհետև նոր ինտրիգ հրապարակ նետեց. հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու մտավ դատարան: Եվ ամբողջ շաբաթվա ընթացքում իշխանամետ ուժերի տարբեր ներկայացուցիչներ հռետորական հարց էին տալիս, թե ինչ կապ ունի Արցախի հարցը տվյալ քրեական գործի հետ:  

Բուն դատավարության ընթացքում պաշտպանության կողմից Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին՝ հիմնավորելով, որ Սերժ Սարգսյանին հրավիրել են որպես վկա ցուցմունք տալու, մինչդեռ մեղադրանքի առաջադրման մասին փաստաթուղթն արդեն կազմված և ստորագրված է եղել, ի լրումն՝ մեղադրանքն ապօրինի է՝ կազմված մեկ ապացույցի՝ մեկ անձի իրարամերժ ու հակասական ցուցմունքների հիման վրա։  Հաջորդ օրը  դատարանը մերժեց միջնորդությունը։

Մյուս դատարանում երկրորդ նախագահի և մյուսների գործով դատաքննության ժամանակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ 2009 թ. Նիկոլ Փաշինյանի, նաև «7-ի գործով» 7 ամբաստանյալների նկատմամբ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ այն ժամանակ վեց  դատախազ համարել է, որ 2009-ին ուժի մեջ մտած 300.1 հոդվածը 2008-ի 300 հոդվածի համեմատ նոր հանցակազմ է սահմանում, ուստի փաստաբանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Իսկ փետրվարի 29-ին տեղի ունեցավ «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական խորհրդաժողովը, որի ընթացքում անդրադարձան մարտի 1-ի դրցագներին՝ հերքելով մի շարք տարածում գտած թյուր տեղեկություններ:

«Թու, թու թու»-ն չազդեց

Մինչ ամբողջ շաբաթվա ընթացքում իշխանությունները բնակչությանը խաղաղեցնող ուղերձներ էին հղում առ այն, որ կորոնավիրուսից վախենալու և խուճապի մատնվելու հիմքեր չկան, և տարված էին առաջիկա հանրաքվեի կազմակերպչական հարցերով, իսկ վարչապետն «անակնկալ»  բնակարաններ էր այցելում և տանտերերին «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագիր» էր նվիրում, կորոնավիրուսը ժամանեց Հայաստան: Անտեսվում էին նաև Իրանի  և Իտալիայի հետ հաղորդակցությունը կասեցնելու և մարտի 1-ին նախատեսված մարտի 1-ի զոհերի հիշատակին երթը չեղարկելու կոչերը:

Երկուշաբթի՝ փետրվարի 24-ին, կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց սոսկ սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ բացառություններ սահմանելով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար և Իրան վերադարձող Իրանի քաղաքացիների համար: Դա պատճառաբանվեց այն հանգամանքով, որ ՀՀ Սահմանդրությամբ և օրենքներով ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան չի կարող սահմանափակվել, ուստի կազմակերպվել է երկու չվերթ` չորեքշաբթի և ուրբաթ օրերին:  

Բայց հարցն այն է, որ չորեքշաբթի, երբ հայտնի էր արդեն, որ Իրանում կորոնավիրուսից 19 մարդ էր մահացել, ախտորոշված դեպքերի թիվը հասել էր 139-ի, հայտնի էր նաև, որ հիվանդությունն ունի թաքուն շրջան՝ 3-4 օր, ուստի մարդը կարող է լինել վարակակիր՝ չունենալով հիվանդության ախտանշաններ, այնինչ ժամանած մեր հայրենակիցները, չունենալով որևէ գանգատ, գնացել են իրենց տները: Եվ կիրակի առողջապահության նախարարի մամլո ասուլիսի ժամանակ ի պատասխան այն հարցին,  թե ինչու կարանտին չի հայտարարվել բոլորի համար, նախարարը պատասխանեց, որ ապացուցված չէ, որ կարանտինը գործող միջոց է և որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ առողջապահական կազմակերպության կողմից:

Բարեբախտաբար կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ զինված ուժերի բոլոր զորամասերում արգելվեցին զինծառայողների ծնողների և հարազատների այցերը, ժամկետայինների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։  Պաշտպանության նախարարության հայտարարությունում  հստակ նշված էր, որ նպատակը կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր կանխելն է:

Ուրբաթ՝ փետրվարի 28-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Թու, թու, թու, Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել»: Նաև պաստառ  զետեղեց՝ հավաստիացնելով, որ եթե պահենք այդ պաստառում նկարագրված բոլոր կանոնները, չի էլ գրանցվի:  Եվ նույն օրը Իրանից ժամանած ինքնաթիռով Հայաստան ժամանեց կորոնավիրուսի վարակակիրը: Ընդ որում նա էլ հայտնաբերվեց տուն գնալուց հետո և մի օր անց 38 աստիճան ջերմաստիճան ունենալու պատճառով սեփական նախաձեռնությամբ բժշկի դիմելուց հետո միայն:

Դրանից հետո արդեն կարանտին հայտարարվեց,  վարակակիրը և նրա հետ շփված 32 անձ մեկուսացվեցին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում: Եվ թեպետ առողջապահության նախարարը դարձյալ պնդեց, որ թերացման մասին խոսելն ավելորդ է, իրենց կողմից կատարվող միջոցառումներն առնվազն թույլ են տալիս կանխարգելել լոկալ դեպքերը, որոնք հանրային առողջապահական լուրջ վտանգ չեն ներկայացնում,  լուրեր տարածվեցին որ զբոսաշրջիկները չեղարկում են Ծաղկաձորի հյուրանոցների համարների ամրագրումները: Որից հետո երկրի ղեկավարը  ընտանիքով ժամանեց Ծաղկաձոր և տարբեր ռեստորաններից ուրախ-ուրախ ընտանեկան լուսանկարներ զետեղեց, որպեսզի ցույց տա՝ խուճապ չկա, թու, թու, թու, ամեն ինչ վերահսկվում է:  

Բայց սկսած շաբաթ օրվանից, ինչպես երևում է, իրավիճակը թելադրում է կորոնավիրուսը: Բավական է ասել, որ չեղարկվեց մարտի-1-ի երթը, կչեղարկվեն նաև այլ զանգվածային միջոցառումներ, սկսել են դատարկվել որոշ մթերային խանութներ, մարդիկ պաշար են կուտակում, ինչը ցույց է տալիս, որ խուճապ, միևնույն է, կա, որ անկասկած անպաշտպանության կամ անվստահության զգացումից է, մարդիկ իշխանությունների վրա հույս չեն դնում և վատագույն սցենարներ են կանխատեսում:  

 

«Այո», բայց 90-ականների ոգով

Անցած շաբաթը նշանավորվեց նաև հանրաքվեի «Այո» քարոզչության հետ կապված խայտառակությամբ:  

Պարզվեց, որ «Այո»-ի քարոզչության լոգոյի մրցույթ է հայտարարվել և հաղթանակած լոգոն 3 մլն դրամ է շահել: Եվ նույն օրը «Ոչ» քարոզչական նախաձեռնության անդամ Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում 90-ականների «Երեկոյան Երևան» թերթից մի լուսանկար հրապարակեց, որը 1991 թվականի անկախության հանրաքվեի «Այո»-ի քարոզն էր ներկայացնում։ Բացահայտվեց, որ ներկայիս մրցույթում հաղթանակած «Այո»-ն նույնությամբ կրկնում է այդ լուսանկարի զանգի մեջ պատկերված «Այո»-ն: Եվ այնուամենայնիվ հանրաքվեի քարոզն անցնելու է 90-ականներից թռցրած այս լոգոյով:

Հանրաքվեի քարոզչության հետ կապված մյուս աղմուկն առաջացավ դրա համար կազմակերպված ճաշկերույթ-դրամահավաքով, որի շնորհիվ հավաքվեց ավելի քան 200 մլն դրամ: Եվ դարձյալ այդ իրավաբանները մեջտեղ բերեցին օրենքը, որ հանրաքվեների համար արգելվում է 100 մլն-ից ավելի դրամ հավաքել: Ստիպված եղան նույն օրվա մեջ հրապարակել, որ դրամահավաքը կազմակերպվել է ոչ թե հանրաքվեի, այլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքների համար, որի դեպքում դրամահավաքի չափերի սահմանափակում չկա: Բայց այս դեպքում աչքի են զարնում կոռուպցիոն ռիսկերը: Թե ինչպես է իշխող կուսակցությունը դուրս գալու այդ փակուղուց, ցույց կտան առաջիկա իրադարձությունները:

Վերջապես, մամուլում և սոցցանցերում անընդմեջ քննարկվում են վերնախավի ստացած միլիոնավոր պարգևավճարները, մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ են նախարարները, փոխնախարարներն ու պատգամավորներն ամեն ամիս հաստատուն չափով պարգևավճարներ ստանում, երբ օրենքը թույլ է տալիս նման պարգևներ ստանալ տարեկան 3-4 անգամից ոչ ավելի, այն էլ որոշակի կարևոր, հաջողված գործի համար: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ի՞նչ սխրանքի համար, այն էլ այս աղքատ երկրում, որտեղ տատիկ-պապիկների չնչին թոշակի 3-4 հազար դրամ ավելացումը նշանակալի ձեռքբերում է համարվում: Արդյոք սա նույն թալա՞նը չէ, որ նախկին իշխանությունների ժամանակ կատարվում էր կոռուպցիոն սխեմաներով, իսկ այժմ՝ «օրինականացված» հանդերձանքով:  

Նշենք նաև, որ  փետրվարի 27-ը Սահմանադրական դատարանի 7 դատավորների վաղաժամ թոշակի անցնելու կամ «պետական կաշառքի» դիմաց ինքնակամ հաժարական տալու վերջնաժամկետն էր, և արձանագրվեց, որ նրանցից ոչ ոք այդ քայլին չդիմեց և չընդունեց այդ առաջարկը:  

 

Ոչ սպիտակ խալաթավորների ջարդին

Անցած շաբաթը կարելի է համարել նաև բուժաշխատողների բողոքի շաբաթ, նրանց համբերության բաժակը կարծես արդեն լցվել է:  

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատեց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բանիմաց մասնագետ Սամվել Գրիգորյանին և այդ պաշտոնին նշանակեց Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որևէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ այս նախարարը աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների և նրանց փոխարեն նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից:  

Բացի այդ, նա միանձնյա որոշում է կայացրել տվյալ կենտրոնը միացնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին: Միջանկյալ նշենք, որ երբ Չինաստանում բռնկվեց նոր կորոնավիրուսի համաճարակը, այդ երկրում մի շաբաթում նոր հիվանդանոց կառուցեցին, իսկ մեր երկրում վարակների այս դարում, մանավանդ նոր կորոնավիրուսի «հաղթարշավի» ժամանակներում, որոշում է կայացվում վերացնել տարիներ ի վեր գործած և իրեն արդարացրած ինֆեկցիոն հիվանդանոց: Ուստի այս հանգամանքն էլ պակաս աղմուկ չբարձրացրեց, ինչ մարզերի ծննդատների փակման որոշումը:

Ուրբաթ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում գրեց՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է առողջապահության նախարարությունը: Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուց, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում նախարարի՝ ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու որոշումը: Նրանցից շատերը հույս ունեն, որ «Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը»:

Բողոքում էին նաև Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցները, որոնք հինգշաբթի բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով չփակել հաստատությունը։ Նրանք իրենց հետ բերել էին «Ոչ բուժաշխատողների ջարդին», «Ոչ սպիտակ խալաթների ջարդին» կարգախոսներով պաստառներ։ Ցույցի մասնակիցների մեծ մասը թոշակառու ոստիկան էին, ասում էին, որ եթե հոսպիտալը փակվի, իրենք այլ բուժվելու տեղ չեն ունենա:

Բողոքում էին նաև Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի սրտաբանական բաժանմունքի թերապևտները։ Ըստ նրանց՝ կենտրոնում կադրային ջարդ է իրականացվում, իրենց ու ևս մի քանի տասնյակ այլ բաժանմունքների աշխատակիցների անհիմն ազատում են աշխատանքից, փոխարենը աշխատանքի են ընդունում տնօրենի հետ ազգակցական կամ այլ կապ ունեցողների: Հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ աշխատանքից ազատվողները լրջորեն թերացել են իրենց պարտականությունները կատարելիս, մինչդեռ վերջիններս պնդում են, որ նոր տնօրենը պարզապես ազատում է Արա Մինասյանի օրոք աշխատանքի ընդունվածներին:

 

գլխավոր լուրեր

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին