Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Նրա խոսքերով՝ դրանք տեղի են ունեցել Գրանադա քաղաքի մոտակայքում, երեքշաբթի՝ հունվարի 26-ի երեկոյան: Գրում է Gazeta.ru-ն։ Միևնույն ժամանակ, Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հստակեցնում է, որ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է քաղաքից 11 կմ հեռավորության վրա: Դրանց ուժգնությունը 4,0 մագնիտուդ կամ ավելի է եղել:
Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Սանչեսը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և հետևել անվտանգության ծառայությունների ցուցումներին:
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, սեյսմոլոգները Նոր Զելանդիայի տարածքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էին գրանցել: Բացի այդ, Չիլիի ափերի մոտ 7.0 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի կապակցությամբ երկրի անտարկտիկական տարածքի համար ցունամիի առաջացման սպառնալիքի մասին էր հայտարարվել: