Բանակի օրը՝ հունվարի 28-ին, յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է հասկանա, որ անհրաժեշտ է քաղաքացիական շարժում ձեւավորել: Ընդ որում, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից՝ քաղաքացիներն արդեն սկսել են նման շարժումների ձեւավորումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ ձևավորվում է նոր ընդդիմություն՝ քաղաքական ակտիվիստներ: «Այդ մարդիկ փողի, դրամաշնորհի համար կամ որեւէ մեկի զանգով կամ հրամանով չեն փողոց դուրս գալիս: Նրանք հանուն իրենց երկրի, պետության, երեխաների, իրենց ապագայի համար սկսել են մտածել, սկսել են հասկանալ: Նրանք զգում են, որ եկել է ժամանակը, պարզապես անհրաժեշտ է առավելագույնս շուտ որեւէ գործողություն ձեռնարկել»,-նկատեց Զաքարյանը: