Բայդենի գալուստը դրական է գնահատվել Վատիկանում, որը հույս ունի համագործակցել Սպիտակ տան հետ միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններով: Բայդենի վարչակազմի համար էլ Անդրկովկասի առնչությամբ կարող է նշանակալի լինել Վատիկանի դիրքորոշումը, որի համակրանքը շահելու մրցապայքարում բաքվեցիների գորգերը պարտվում են հայկական տոլմային:
Սուրբ Աթոռը չոր և զուսպ է արձագանքել Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կապակցությամբ Վատիկանի աջակցությանը հասնելու փորձերին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական պարբերականները, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն դիմել է համաշխարհային կրոնական առաջնորդներին՝ կոչ անելով աջակցել «Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: ԿՄՎ-ն պատասխան է ստացել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերի գծով տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պարրայի ստորագրությամբ, որում ասվում է. «Ձերդ գերազանցություն, խորին երախտագիտություն եմ հայտնում վերջին նամակի համար, որ հղվել է Ձեր կողմից Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նորին սրբազնություն Ֆրանցիսկոս պապն ուշադիր կարդացել է Ձեր նամակը և աղոթում է հարցի խաղաղ ու արդար լուծման համար հանուն Կովկասի բոլոր ժողովուրդների բարեկեցության»:
Մինչև ղարաբաղյան պատերազմը Վատիկանի դիվանագիտությունն Անդրկովկասում արտաքուստ առաջնայնությունը տալիս էր Վրաստանին: 2016 թ. աշնանը Վրաստանում երկօրյա այցով հյուրընկալվել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Երկու տարի անց երեք օրով հանրապետություն այցելեց Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Գալլահերը: Իսկ 2019 թ. դեկտեմբերին դարձյալ երեք օրով Թբիլիսի մեկնեց Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պյետրո Պարոլինը: Մի շարք կաթոլիկ պարբերականների կարծիքով՝ «կարդինալ Պարոլինի ուղևորությունը ցույց է տալիս Սուրբ Աթոռի մեծ ուշադրությունը» Վրաստանին: Դրա առաջարկությունը եղել է Թբիլիսիի կողմից:
Ֆրանցիսկոսի այցի նախօրեին այն ժամանակ Վրաստանի արտգործնախարար Միախայիլ Ջանելիձեն Կաթոլիկ լրագրողների հասարակության անդամների հետ հանդիպման ժամանակ հայրապետի ուղևորությունն անվանել է «կարևոր ազդակ տարածաշրջանի համար»: Ինչպես նշել է Associated Press-ը, Վրաստանը աշխարհաքաղաքական հավակնություններ ունի՝ ցանկանալով, բացի ԵՄ մտնելուց, մտնել նաև ՆԱՏՕ, ուստի պապի այցն այդ երկիր «ներկայումս դիտվում է Վրաստանում որպես կառավարության՝ Եվրոպայի կաթոլիկ երկրների շրջանում դաշնակիցներ ձեռք բերելու փորձ»: Ինչ վերաբերում է Բաքվի հետ հարաբերություններին, ապա այս դեպքում Վատիկանը քաղաքավարություն է ցուցադրել՝ բարեհաճությամբ ընդունելով ադրբեջանական ղեկավարությունից նշանավոր ձեռագործ գորգերը և կասպյան խավիարը: Գործերն ավելի բարդ են եղել Երևանի հետ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո: Նոր վարչապետը զուրկ էր կրոնական քաղաքականության գիտելիքներից՝ թույլ տալով, որ աղերսվի Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոս Գարեգին II-ի տապալման փորձերին: Բացի այդ, որպես Փաշինյանի ընդդիմախոս հանդես էր գալիս Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որը կարողացել է լավ հարաբերություններ հաստատել Ֆրանցիսկոսի հետ և, ինչպես ասում են, հայկական խոհանոցի դելիկատեսներով նվաճել Վատիկանի բարձրաստիճան հոգևորականների սրտերը:
Շատ բան փոխեց ղարաբաղյան պատերազմը, երբ Թբիլիսին անցավ երկրորդ պլան: Այդ ժամանակ հայրապետը կոչ արեց դադարեցնել մարտական գործողությունները և խաղաղություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Ճիշտ է, պապի ելույթների հնչերանգը վրդովում էր հայ հասարակայնության որոշակի հատվածին, հատկապես՝ Հայաստանի սահմաններից դուրս: Նրանք հույս ունեին, որ Ֆրանցիսկոսը հաստատ կկանգնի Երևանի և Ստեփանակերտի կողմը: Սակայն Սուրբ Աթոռն իր դիրքորոշումը սկսեց արտահայտել միայն պատերազմի ավարտից հետո: Դեկտեմբերի առաջին օրերին Երևան ժամանած արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը՝ Հայաստանում և Վրաստանում առաքելական նվիրակը, Aci Stampa կաթոլիկ կայքէջին տված հարցազրույցում այդ հայտարարությունը որակեց սոսկ սկիզբը խաղաղության գործընթացի, որը պարզվում է՝ «դժվարին ու երերուն է այն ամենի պատճառով, ինչը մնացել է չլուծված»: Նվիրակը հույս հայտնեց, որ կարգավորման խնդրում առաջատար դերը պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:
Դա իհարկե այն չէր, ինչ ցանկանում էին ստանալ Սուրբ Աթոռից Ադրբեջանի իշխանությունները: Քանի որ ղարաբաղյան բանակցություններում Վաշինգտոնի և Փարիզի ներգրավումը ամենայն հավանականությամբ հնարավորություն կտար հայերին հետ վերցնել ռազմական պարտության հետևանքով կորցրած շատ դիրքեր: Ընդ որում, Վատիկանը Երևան արքեպիսկոպոս Բետանկուրի այցից մեկ-երկու շաբաթ անց զգացրեց իր կապերի մասին Մոսկվայի հետ: Դեկտեմբերի 31-ին Լիբանանում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզեֆ Սպիտերը այցելեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Արամ կաթողիկոսին: Ինչպես հաղորդեց այնուհետև կաթողիկոսության դիվանատունը, նա «տեղեկացրեց սրբազանին, որ Վատիկանը հետևում է Ղարաբաղի իրադարձություններին՝ մշտապես կապ պահպանելով ռուսական կողմի հետ»: Սակայն մինչ օրս ոչինչ հայտնի չէ Թուրքիայում և Ադրբեջանում առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Պոլ Ռասսելի այցի մասին Բաքու կամ գոնե նրա որևէ հայտարարության մասին այդ թեմայով: Հազիվ թե այս հանգամանքը հնարավոր լինի մեկնաբանել Ադրբեջանի ղեկավարության օգտին: Առավել ևս, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց դեմոկրատ Ջո Բայդենը: Սպասումներ կան նրա վարչակազմից, որ Վաշինգտոնը վերադառնալու է Անդրկովկաս:
Բայդենի իշխանության գալը շատ դրական է գնահատվել Վատիկանում, որը միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններով համագործակցության հույս ունի Սպիտակ տան հետ: Այդ սպասումները նույնիսկ ստիպեցին Սուրբ Աթոռի քարտուղարությանը, ինչպես գրում է Catholic News Agency կայքէջը, հետաձգել ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդաժողովի (USCCB) պաշտոնական հայտարարության հրապարակումը՝ կապված երդմնակալության հետ, որպեսզի խմբագրեն այն (հայտնի է, որ USCCB-ի ղեկավարները նոր նախագահի երկրպագուն չեն): Դա նշանակում է, որ Բայդենի վարչակազմի համար Անդրկովկասի հարցով կարող է որոշիչ լինել Վատիկանի դիրքորոշումը, որի համար մղվող ճակատամարտում հայկական տոլման հաղթում է բաքվեցիների գորգերին:
Ստանիսլավ Ստրեմիդլովսկի
Աղբյուրը՝ ИА REGNUM