Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հունվարի 21-ին խուսափեցին պատասխանել լրագրողների հարցին, որն առնչվում էր Շուշիի պատկանելության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը եւ լքեցին դահլիճը, որտեղ անցկացվում են ավանդական ճեպազրույցները:
Լրագրողը, մասնավորապես, ճեպազրույցի ավարտի մասին հայտարարելուց եւ տեղեկացնելուց հետո, որ պատգամավորներին արդեն սպասում են, հարցրեց՝ խորհրդարանականներն արդյոք կասկածո՞ւմ են, որ Շուշին հայկական քաղաք է, քանի որ Փաշինյանի հայտարարությունը ամենախիստ քննադատության է ենթարկվել: Գրիգորյանը դահլիճից հեռացավ՝ հարցը մինչեւ վերջ չլսելով, Պապոյանն ու Բաղդասարյանը դուրս եկան արդեն լրագրողի խոսքից հետո, սակայն Բաղդասարյանն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ պահի որոշեց սպասել խոսքը վերջացնելուն՝ քանի որ սկսեց բարձրախոսն ուղղել:
Լրագրողի դիտարկմանը, թե, հավանաբար, իրենք էլ են կասկածում, Բաղդասարյանը միայն պատասխանեց. «Ժամանակը սպառվել է»:
Հիշեցնենք, որ նախօրեին խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս Փաշինյանը հայտարարել էր, որ ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ չի եղել տարբերակ, որով ադրբեջանցի փախստականները չէին վերադառնալու Շուշի: «Իսկ Շուշին մինչեւ հակամարտությունը եւ ազատագրումը ունեցել է 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն: Այսինքն՝ դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշին նաեւ այդ կարգավիճակո՞վ է հայկական»,- հայտարարել էր վարչապետը՝ փակելով քաղաքի փաստացի բռնի ադրբեջանականացման փաստի գլուխը: