Ադրբեջանը, տեսնելով գերիների հարցն ի՞նչ դժգոհություններ է առաջացնում Հայաստանում, փորձում է օգտագործել այդ հանգամանքը եւ Հայաստանի ներքին քաղաքական վիճակի վրա ազդել: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Նա, տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարության մեջ ռազմագերիների չվերադարձնելու պատասխանատվությունը դրվում է միայն Հայաստանի իշխանությունների վրա, այս հանգամանքն օգտագործում է»,-ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարվել ճանապարհների ապաշրջափակման փաստաթուղթը ստորագրելուց եւ Ադրբեջանին պարտադրել հայտարարության գերիների վերաբերյալ՝ 8-րդ կետն իրագործել, Իգիթյանը նշեց, որ դա ոչ միայն Հայաստանի պարտավորությունն է, այլ նաեւ Ռուսաստանի, Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություն ունի լուծելու գերիների վերադարձի հարցը:
«Գերիների հարցը ամենացավոտ հարցն է, եւ մինչեւ այդ հարցը չլուծվի, Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որեւէ վստահություն չի կարող լինել: Դժվար է իրականացել համատեղ ծրագիր՝ ունենալով ցավոտ հարց, ինչպիսին է, օրինակ, անհետ կորածների եւ գերիների հարցը, որովհետեւ ցանկացած տնտեսական համագործակցություն ենթադրում է առաջին հերթին վստահություն, իսկ վստահություն ինչպե՞ս կարող է լինել, որ Ադրբեջանը այդպիսի հարցը չի լուծում: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին, այդ հարցում ունենք միջազգային աջակցություն: Իմ կարծիքով՝ դա Պուտինի կողմից Ալիեւին մի կոշտ, կատեգորիկ զանգի հարց է: Ռազմագերիների հարցը հայտարարության մեջ կա, եւ Ռուսաստանն էլ երաշխավորող պետության պատասխանատվություն է վերցրել եւ պետք է լուծի»:
Դիտարկմանը, թե դիվանագիտական ճակատում չի խոսվում Արցախի կարգավիճակի հարցի մասին, չե՞ք կարծում, որ հետագայում կարող է ուշ լինել, Իգիթյանը պատասխանեց, որ այժմ Արցախի բնակչության անվտանգությունը երաշխավորված է միայն ռուս խաղաղապահ ուժերով, եւ կարգավիճակը նայվում է նաեւ որպես բարեկեցիկ կյանքի երաշխիք.
«Ռուսները, չգիտեմ ինչու, ամաչելով են խոսում կարգավիճակի մասին՝ ասելով, որ Ադրբեջանին չի կարելի ջղայնացնել, մենք չենք ասում այդ հարցը, որ ինչ-որ մեկին ջղայնացնի կամ հանգստացնի, այդ հարցն այժմ ավելի արդիական է դարձել ՀՀ-ում, որովհետեւ խաղաղապահ ուժերը սիտուատիվ ձեւով կարող են լուծել, իսկ երկարատեւ անվտանգություն կարող է տալ միայն կարգավիճակը: Մինսկի խումբն այս մասին բազմիցս խոսել է եւ մոսկովյան այցի ժամանակ այդ հարցը շոշափվել է»: