Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Նախագծի և դրանից բխող կառավարության որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի»,- նշել էր փոխնախարարը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գործադրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայներով: