f

Անկախ

Այսօր չկա որևէ միջազգային դերակատար, որը կկարողանա կաշկանդել Թուրքիայի ակտիվությունը որևէ տարածաշրջանում․ Արմեն Պետրոսյան


Թուրքիան Լիբիայում սատարելու է Տրիպոլիից գործող Ազգային համաձայնության կառավարությանը։ Թուրքական զորքերն արդեն իսկ Լիբիայում են։ Էրդողանի պնդմամբ՝ ռազմական ներկայությունը Լիբիայում կենսական նշանակություն ունի իր երկրի շահերի տեսանկյունից։ 

Լիբիայում Թուրքիայի ռազմական ներկայության, դրա նպատակների և հնարավոր հետևանքների մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։ 

-Պարոն Պետրոսյան, Սիրիայի և Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններից հետո այժմ էլ Թուրքիան ռազմական ներկայություն է ապահովում Լիբիայում։ Սիրիայի և Իրաքի պարագայում Թուրքիայի հետաքրքրությունը հասկանալի էր։ Իսկ Լիբիայում ի՞նչ հետաքրքրություններ ունի Թուրքիան։ 

-Լիբիական հակամարտությանը թուրքական միջամտությունը կարելի է դիտարկել երկու հիմնական հարթություններում։ Առաջինը՝ Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շահերով և երկրորդը՝ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակով է պայմանավորված։ 

Միջերկրածովյան ավազանում Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի և Եգիպտոսի կողմից իրականացվում է ծրագիր, որի նպատակն է  այդ տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսները դեպի Եվրոպա տեղափոխելու այլընտրանքային ճանապարհ ապահովել  եվրոպական էներգետիկ համակարգի կարիքները բավարարելու համար։  Նշածս երկրները բոլորը ոչ բարեկամանկան հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։ Այդ ծրագրի քաղաքական նպատակներից մեկն էլ  Թուրքիային Եվրոպային էներգետիկ ռեսուրսներ մատակարարող հիմնական տարանցիկ երկրի կարգավիճակից զրկելն է։ Այդ պատճառով թուրքական իշխանությունները գնացին լիբիական գործող իշխանութայն հետ համագործակցության, նրանց հետ ստորագրեցին Միջերկրական ծովում սահմանազատման վերաբերյալ համաձայնագիր, և իհարկե, այդ նույն իշխանության դիրքերն ամրապնդելու նպատակով զինված ուժեր են ուղարկելու Լիբիա։ 

Իսկ երկրորդն, իհարկե, քաղաքական օրակարգն է, քանի որ մենք գիտենք, որ Թուրքիայի գործող իշխանությունները և քաղաքական, և տնտեսական, և մի շարք այլ ոլորտներում ունեն խնդիրներ։ Եվ արտաքին հաջողությունները,  Թուրքիայի զինված ուժերի՝ արտաքին որևէ հակամարտությունում  ներգրավվածությունը և հնարավոր հաղթանակների տեսլականը կարևոր խաղաքարտ է, որ ցանկացած պահի կարող է օգտագործվել իշխանության կողմից ներքաղաքական օրակարգում ։ Սիրիայում քրդերի դեմ ռազմագործողությունները սրա վառ օրինակն են։ 

-Այսինքն ներքին դժգոհությունները չեզոքացնում են արտաքին հաջողություններո՞վ։ 

-Այո, սա երկրորդական նշանակության խնդիրն է։ Առաջին խնդիրը Թուրքիայի համար ավելի ռազմավարական նշանակության խնդիր է՝ միտված Թուրքիայի տարանցիկ պոտենցիալը չնվազեցնելուն։ 

-Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի և Հյուսիսային Կիպրոսի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում այս տարվա ընթացքում արդեն կմեկնարկեն նոր էներգակիրների պաշարների որոնման աշխատանքները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիայի դերակատարությունը չեզոքացնելու քայլերն արդեն իսկ ձախողված են։ 

-Վերջին մի քանի տարիների ընթացքում Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսների կամ ընդերքի ուսումնասիրության խնդիրն  օրակարգային է եղել այս տարածաշրջանի երկրների հարաբերություններում։ Նույն Իսրայել-Թուրքիա, Հունաստան-Թուրքիա, Կիպրոս-Թուրքիա հարաբերություններում բավականին առանցքային նշանակություն է ունեցել այդ հարցը։

Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Թուրքիան դրանով կխոչընդոտի, ես կդժվարանամ ասել, պետք է հետևել գործընթացներին։ Ակնհայտ է, որ Թուրքիայի նման գործելաոճը չի բխում ոչ միայն գործընթացների անմիջական մասնակից երկրների, այլև ընդհանրապես ԵՄ հիմնական դերակատարների շահերից, որոնք ձգտում են այլընտրանք ունենալ  Թուրքիային և Թուրքիայի տարածքով մատակարարվող էներգառեսուրսներին։ Այսինքն՝  եվրոպական երկրներն ամեն կերպ փորձելու են աջակցել Իսրայելին, Հունաստանին, Կիպրոսին և Եգիպտոսին իրականացնելու այդ ծրագիրը։ Ուստի  չի կարելի պնդել, որ Թուրքիային հաջողվելու է օգտագործելով Լիբիայի ազգային համաձայնության հետ համաձայնագիրն   ի կատար ածել սեփական նպատակները։ 

-Օրերս տեղի ունեցած  Բեռլինի համաժողովում, որի մասնակիցն էր նաև Թուրքիան, կողմերը համաձայնել են, որ այլևս զենք չեն մատակարարի Լիբիայի հակամարտող կողմերին։ Ինչպե՞ս են համադրվելու Թուրքիայի ռազմական ներկայությունը Լիբիայում և ռազմական էմբարգոն։ 

-Հենց հետաքրքիրն այն է, որ Բեռլինի համաժողովի կազմակերպումը համընկավ լիբիական հակամարտության շրջանակներում տեղ գտած վերջին զարգացումներին, այն է՝ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության ակտիվության հետ։ ԵՄ-ն, նախաձեռնելով նման հանդիպում, նպատակ ունի  որոշակիորեն իր ձեռքում պահել լիբիական հակամարտության հետագա ընթացքը։ Եվ հենց նաև այս իրողությունները հաշվի առնելով եմ նշում, որ դժվար է միանշանակորեն պնդել, որ Թուրքիային հաջողվելու է հասնել իր նպատակներին։

Միանշանակ է, որ Թուրքիան այսօր փաստացի խախտում է նաև բեռլինյան գագաթնաժողովի կոմյունիկեի պահանջները։ Փաստ է, որ Թուրքիան ուղղակի մասնակցություն ունի լիբիական հակամարտությանը։  Չնայած այդ միջամտությունն ունի իրավական հիմք, այն տեղի է ունենում Լիբիայի միջազգայնորեն ճանաչված  կառավարության հայցադիմումի հիման վրա։ Այդուհանդերձ, դրա բուն, առարկայական իրականացումը պարունակում է նաև միջազգային  իրավունքի նորմերի և որոշակի սկզբունքների խախտում։ Դրա վառ օրինակն հենց այն է, որ Թուրքիան այդ միջամտությունն իրականացնում է հիմնականում ոչ կոնվենցիանալ ուժերի միջոցով։ Հրահանգիչների, ռազմական խորհրդատուների կողքին բուն զինված գործողությունների մասնակիցներն  այն զինյալներն են լինելու, որոնք Սիրիայում գործել են Թուրքիայի օգտին, այսինքն վարձկաններ, որոնց Թուրքիայի իշխանությունները տարբեր հակամարտություններում օգտագործել են։ 

-Էրդողանը հայտարարարել է, որ Թուրքիայի անվտանգությունն սկսվում է սահմաններից դուրս՝ հիմնավորելով զինված ուժեր Լիբիա ուղարկելը։ Արդյո՞ք սա վկայում է, որ Թուրքիայի նվաճողական արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի  է ընգծվում և հանդուգն դառնում։ 

-Լիբիայում ռազմական ներկայություն ունենալը բավական լուրջ խնդիր է Թուրքիայի իշխանությունների համար սեփական լսարանին  դրա անհրաժեշտությունը հիմնավորելու տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահն  իր հռետորաբանության մեջ կիրառում է այդպիսի ձևակերպումներ առ այն, որ Թուրքիայի անվտանգային սահմանները դուրս են Թուրքիայի ֆիզիկական սահմաններից։ Սա նաև որոշակի առումով Թուրքիային գերտերության հեղինակություն հաղորդելու   և սեփական հասարակությանը նման հայտարարություններով գրավելու միտում  ունի։ Հայտնի է, որ Թուրքիայի  նախագահը շատ լավ  հռետոր է, գիտի հստակ եղանակներ սեփական հանրության վրա ազդելու և  համախմբելու։ 

-Մերձավոր Արևելքում Թուրքիան ակտիվ գործում է, բայց Հարավային Կովկասում գոնե առայժմ նման ակտիվություն չի դրսևորում։ Հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի նաև մեր տարածաշրջանում Թուրքիան կսկսի նման ակտիվություն դրսևորել։ 

-Դա մեզ համար հստակ հեռանկարային մարտահրավեր է, որ ՀՀ-ն պետք է իր անվտանգային քաղաքականությունը  մշակելիս հաշվի առնի։ Եթե մեր տարածաշրջանում ստեղծվեն պատեհ իրավիճակներ Թուրքիայի առավել ակտիվ դերակատարության, ապա  առանց վարանելու, հատկապես գործող վարչակարգի պայմաններում, Թուրքիան կգնա նման գործողությունների։ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը և դրա վերլուծությունը  կարևոր ուղղություն է ՀՀ արտաքին մարտահրավերների դիտարկման տեսանկյունից։ Թուրքիայի ագրեսիվ և հավակնոտ վարքը տարածաշրջանում հստակ ցուցիչ է և օրինակ, որ ցանկացած տարածաշրջանում, որը որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի համար, պատեհ առիթի ստեղծման դեպքում թուրքական կողմը կօգտագործի այն  և ակտիվ դերակատարում կստանձնի այդ տարածաշրջանում։ 

-Պարոն Պետրոսյան, արդյո՞ք միջազգային հանրության մեղմ արձագանքն ավելի է նպաստում Թուրքիայի նվաճողական քաղաքականությանը։ 

-Միանշանակ կարելի է ասել։ Փաստացի նաև կարելի է հավաստել, որ այսօր չկա որևէ միջազգային դերակատար, որը կկարողանա  եթե ոչ սանձել, ապա առնվազն կաշկանդել Թուրքիայի ակտիվությունը   որևէ տարածաշրջանում։ Թուրքիայի վերջին գործողությունը Սիրիայում ասվածի վառ օրինակն էր։ Միացյալ Նահանգները, որն ուներ իրական հնարավորություններ կանխելու կամ սահմանափակելու Թուրքիայի գործողությունը, չգնացին դրան։ Չուզեցին, թե չկարողացան, այլ հարց է։ Եվ սա հստակ ցուցիչ է, որ Թուրքիայի իշխանությունները կարողանում են իրականացնել, իհարկե տարբեր ծավալով, այն խնդիրները, որ իրենց առջև դրել են։

 Լիբիայում Թուրքիայի ներգրավվածությունը հավաստելու է իմ արտահայտած տեսակետը։ Այսինքն, նաև Լիբիայում արտաքին մյուս դերակատարները  չեն կարողանալու զսպել Թուրքիայի հավակնությունները։

-Չե՞ն կարողանալու, թե՞ չեն ցանկանալու։ 

-Եվ չեն ցանկանալու, և չեն կարողանալու։ Ցանկություն էր Բեռլինի համաժողովը, բայց վստահաբար կարելի է ասել, որ այդ համաժողովում ընդունված ամփոփիչ փաստաթղթի ձևակերպումներն այդպես էլ կյանքի չեն կոչվելու։ Իսկ սա նշանակում է, որ այդ համաժողովի մասնակցիները փաստացի չեն կարողանում  իրականացնել այն խնդիրները, որոնք կանգնած են նաև նրանց առջև Լիբիայում։ 

Մերձավոր Արևելք Լիբիա ռազմական ներխուժում Հարավային Կովկաս արտաքին քաղաքականություն Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին